Ինչպէս արդէն գիտէք պրն. Ռոբերտ Բեգլարեանը 12 տարիներ՝ երեք նստաշրջան, որպէս Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ իր դրական եւ աշխոյժ գործունէութիւնն է ծաւալել Իրանի Իսլ. Խորհրդարանում եւ այս երկար տարիների ընթացքում որեւէ ջանք չի խնայել հայ ժողովրդին եւ ի մասնաւորի իրանահայութեանը ծառայելու գործում: Նա ինքնակամ թողեց պարլամենտական աշխատանքը եւ իր ցանկութեամբ այլեւս չմասնակցեց խորհրդարանի 10-րդ նստաշրջանի ընտրութիւններին: Պրն. Բեգլարեանի պատգամաւորութեան ընթացքում ծաւալած գործունէութեանը առաւել ծանօթանալու համար կատարւել է հետեւեալ հարցազրոյցը, որն ստորեւ ներկայացնում ենք.
- Պրն. Բեգլարեան, որպէս Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան երեք անընդմէջ նստաշրջանների պատգամաւոր՝ խնդրում եմ մեր ընթերցողների համար բացատրել ձեր 12-ամեայ պարլամենտական գործունէութիւնը. ինչպէս էք գնահատում այն եւ ըստ ձեզ ի՞նչ փորձեր կուտակեցիք այս երկար տարիների ընթացքում:
Մի քիչ դժւար է բացատրել անցնող տարիների ընթացքում ձեռքբերած իմ փորձի մասին, քանի որ կարելի է չկարողանալ բոլորը յիշել: Գալով իմ 12-ամեայ գործունէութեանը, հարկ եմ համարում նշել, որ խորհրդարանի 10-րդ նստաշրջանի ընտրութիւններից առաջ առիթ ունեցայ Թեհրանում եւ Սպահանում ներկայ գտնւել նախընտրական հանդիպումներին, որոնց ընթացքում էլ ասացի, որ թէպէտ պատգամաւորութեան թեկնածուն մշակում է իր ապագայ ծրագիրը, որը պէտք է իրագործի ընտրւելու դէպքում, այդուհանդերձ իրականում խորհրդարանի շրջագծում անցուդարձերն այնքան բազմազան են, որ երբեմն խորհրդարանական զուտ աշխատանքը կամ այն ինչ ըստ օրէնքի բացատրւած է որպէս խորհրդարանական գործունէութիւն, իր պատշաճ կարեւորութիւնը չի ստանում:
Ցանկացած պատգամաւոր, անկախ իր ընտրողների թւաքանակից, բաւականաչափ ժամանակ է յատկացնում իր ընտրատարածքի ժողովրդի հարցերին հետեւելու ուղղութեամբ: Մեր պարագային համայնքին յուզող խնդիրներն իրաւական, կրթական, մշակութային եւ երբեմն էլ քաղաքական ու անվտանգութեան բնոյթ ունեն եւ ես՝ անձամբ, այս տարիների ընթացքում, խորհրդարանական պարտականութիւնների կողքին մեծ ժամանակ եմ յատկացրել համայնքի անդամների անհատական եւ հաւաքական պահանջներին գոհացում տալու գործին, չնայած այն հանգմանքին, որ նման գործունէութիւնը ուղղակի պատգամաւորի պարտականութիւնների շրջագծում չի մտնում եւ երբեմն էլ պետական գործադիր մարմինների կողմից նկատւում է որպէս միջամտութիւն: Ի հարկէ նշեմ, որ բարեբախտաբար այս ուղղութեամբ նշւած մարմինների հետ որեւէ խնդիր չեմ ունեցել:
Բնականաբար չեմ կարողացել համայնքի եւ մեր ազգային կառոյցների հարցերին հարիւր տոկոսով լուծում տալ եւ ժողովուրդն է, որ պէտք է գնահատի իմ գործունէութիւնը: Բայց եթէ չեմ կարողացել յօգուտ փոքրամասնութիւնների որեւէ օրէնք վաւերացնել տալ, նւազագոյնը փորձել եմ խորհրդարանում վաւերացւող օրէնքները չվնասեն մեր համայնքի իրաւուքները, շահերն ու անվտանգութիւնը:
- Գիտենք որ անցնող 12 տարիների ընթացքում ձեր գրասենեակը շատ աշխոյժ է եղել եւ ընդունել է բազմաթիւ հայ ու պարսիկ հայրենակիցների՝ զանազան խնդրանքներով: Կարող էք ասել ընդհանուր հաշւով քանի դիմորդներ էք ունեցել եւ դրանցից քանիսի խնդրանքներին էք յաջողել ընթացք տալ:
Այս վերջին նստաշրջանի դիմողների վիճակագրական տւեալները դեռեւս ամբողջացւած չեն, բայց ստացւած խնդրագրերի ու նամակների քանակի հիման վրայ կարող եմ ասել, որ անցնող 12 տարիների ընթացքում շուրջ 7000 հոգի տարբեր խնդրանքներով դիմել են իմ գրասենեակ:
Աւելացնեմ, որ իմ գործունէութեան ժամանակաշրջանում երբեմն մոռացել եմ, թւով քանի հանդիպումներ եմ ունեցել թէ՛ դիմորդների հարցերի լուծման ուղղութեամբ եւ թէ՛ պրոտոկոլային հանդիպումներ՝ պետական-կառավարական կամ միջազգային պատւիրակութիւնների հետ, իսկ երբ գրասենեակիս միջոցով մէկտեղւել է սոյն հանդիպումների տւեալները, իրօք ինձ զարմացրել է, թէ նման թւով հանդիպումներ ինչպէս են իրականացւել:
- Իսկ այդ 7000 դիմորդներից քանի տոսկսի խնդրանքին էք յաջողել բաւարարութիւն տալ:
Անկեղծ, ինչ տոկոս էլ որ յայտարարեմ, ճշգրիտ չի լինի, սակայն կարծում եմ նւազագոյնը կարողացել եմ դիմորդներից 65 տոկոսի հարցերին լուծում տալ:
Անշուշտ խնդիրներ էլ եղել են, որոնց կապակցութեամբ դրական արդիւնք չի արձանագրւել: Հնարաւոր է, եթէ իմ փոխարէն մի այլ անձնաւորութիւն լինէր՝ տարբեր տեղեկութիւններով, այլ արդիւնքներ ստացւէին. ինձ համար եւս անգամներ պատահել է, թէ նման հարցերի շուրջ, պատգամաւորութեան սկզբնական տարիներին այլ կերպ մօտեցում եմ ցուցաբերել, իսկ յետագայում արդէն ձեռքբերած փորձառութիւնների եւ կապերի շնորհիւ, այլ: Ես փորձել եմ ընթանալ այն սկզբունքով, որ իւրաքանչիւր անհատ պատգամաւորին դիմելու իրաւունք ունի եւ պատգամաւորը պարտականութիւն ունի հետամուտ լինելու բոլոր դիմորդների խնդիրներին:
- Փոքրամասնութիւնների իրաւունքների եւ երիտասարդութեան հարցերի հետ կապւած ի՞նչ ձեռքբերումներ են իրականացւել ձեր գործունէութեան ժամանակաշրջանում:
Կրօնական փոքրամասնութիւնների պետական բիւջէի առումով յաջողութիւններ ենք արձանագրել: 6-րդ խորհրդարանի հայ զոյգ պատգամաւորների աշխատանքի արդիւնքում, երկրի ժամանակի նախագահի բիւջէից նիւթական յատկացում կատարւեց փոքրամասնութիւններին, իսկ 7-րդ շրջանի խորհրդարանում մեզ յաջողւեց նոյն նպատակով պետական ամենամեայ բիւջէում առանձին նոր ենթագլուխ աւելացնել, որը շարունակւում է մինչեւ այսօր: Փոքրամասնութիւնների ընտանիքների օրէնքների ուղղութեամբ եւս աշխատանքներ տարել ենք. այս ծիրում կարողացել ենք “Ընտանիքի պաշտպանութեան օրինագիծ”-ի (لایحه حمایت از خانواده) 4-րդ յօդւածին ծանօթութիւն աւելացել, ըստ որի իրանահայ երեք թեմերի ազգային առաջնորդարանների կողմից ընտանեկան հարցերով տրւող դատական վճիռները վաւերական են լինելու Իրանի դատարանների կողմից: Անդրադառնալով երիտասարդների հետ կապւած հարցերին, հարկ է նշել, որ հիմնականը աշխատանքային եւ բնակարանային խնդիրներ են, որոնք յատկապէս առաջացել են երկրի տնտեսական պայմանների, ինչպէս նաեւ մի շարք օրէնքների ու կանոնակարգերի բացթողումների հետեւանքով, որոնց պատճառով չեմ կարողացել բաւականաչափ օգտակար հանդիսանալ այս խաւին եւ այս առումով իմ գործունէութիւնից շատ գոհ չեմ: Մի խօսքով երիտասարդների հարցն իմ գործունէութեան այն բաժինն է, որի գնահատականը չի կարող լաւ լինել:
- Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւնների շրջագծում ներկայ վիճակի եւ ապագայ հեռանկարների առումով, որո՞նք են եղել ձեր ժամանակաշրջանի ձեռքբերումները:
Պայմաններից ելնելով մեր ամենամեծ ձեռքբերումը երկու երկրների միջեւ շփումների յաճախականութեան պահպանումն է եղել: Անտարակոյս չպէտք է մոռանալ, որ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները՝ որպէս հարեւաններ, շատ բարձր մակարդակի վրայ են եւ գուցէ այդ առումով մեր միջամտութեան կարիքն էլ շատ չի զգացւել: Որոշ միասնական ենթակառուցւածքային նախագծերի հարցերում մի շարք բացթողումներ եղել են. ի հարկէ Հայաստանի ֆինանսական եւ քաղաքական որոշ խնդիրներն էլ գործերի դանդաղեցման պատճառ է հանդիսացել:
Ես եւ իմ գործընկերները՝ առաջին երկու նստաշրջանների ընթացքում պրն. Գէորգ Վարդանը, իսկ վերջին շրջանում դոկտ. Կարէն Խանլարեանը, որոնց այստեղ հարկ եմ համարում իմ սրտագին շնորհակալութիւնները յայտնել՝ իրենց ցուցաբերած համագործակցութիւնների համար, յարաբերութիւնների զարգացման հարցում ընթացել ենք երկու երկրների շահերը նկատի առնելով եւ հաւասարակշռութիւնը պահպանելով, քանի որ մենք իրաւականօրէն Իրան Իսլ. Հանրապետութեան խորհրդարանի հայ ագզի պատգամաւորներ ենք եղել:
Բարեբախտաբար յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ երկուստեք կամք է գոյութիւն ունեցել: Վերջերս էլ մի շարք պետական այրերի հետ ունեցած հանդիպումների ընթացքում, նրանք դարձեալ նշելով երկու երկրների յարաբերութիւնների բարձր մակարդակը, շեշտեցին, որ դրանք պէտք է առաւել զարգանան, յատկապէս էլեկտրաէներգիայի բնագաւառում, որտեղ լայն անելիքներ ու ծրագրեր կան եւ Իրանը ցանկանում է այդ ուղղութեամբ աելի շեշտակի քայլեր վերցնել:
- Դուք ինքնակամ էք հեռացել այս ասպարէզից: Որո՞նք են քաղաքականութիւնից հեռանալու ձեր պատճառները:
Ի հարկէ մի շարք պատճառներ կան, որոնց մասին չեմ ցանկանում արտայայտւել, սակայն որեւէ խրթին հարց գոյութիւն չունի: Այս ասպարէզից հեռանալու հիմնական պատճառը եղել է այն, որ երեք նստաշրջան անընդմէջ ստանձնելով պատգամաւորութեան պարտականութիւնը, զգացի այլեւս չեմ կարող նախորդ տարիների եռանդը դրսեւորել եւ իմ բարոյական պարտքը համարեցի թողնելով պատգամաւորութիւնը՝ մի այլ անհատի թոյլ տալ գործը շարունակել:
Ինչպէս ասացի պարլամենտական պարտականութիւններից բացի՝ այս տարիների ընթացքում կենտրոնանալով յատկապէս համայնքի ժողովրդի անհատական եւ ընդհանրական խնդիրներին, մեծ ժամանակ եմ տրամադրել դրանց լուծման ուղղութեամբ, եւ չասեմ յոգնած, բայց զգում եմ, որ այլեւս իմ ուզած ձեւով չեմ կարողանում աշխատել:
- Ի՞նչ էք որոշել ապագայի կապակցութեամբ: Արդեօք ձեր ապագայ ծրագրերում ձեր պարլամենտական փորձառութիւնները ձեզ օգտակար են հանդիսանալու կամ առհասարակ անցեալի նման դարձեալ ձեր արգասաբեր ծառայութիւնը մատուցելու էք սեփական համայնքին ու ժողովդրին:
Վստահաբար երկրի իշխանութեան բարձրաստիճան կառոյցներում ձեռքբերած 12 տարիների իմ փորձառութիւնը իր տեղն է ունենալու եւ օգտակար է հանդիսանալու ինձ: Ես երեք տարի նախքան պատգամաւոր ընտրւելը, արդէն աշխատանքի պատճառով Թեհրան էի տեղափոխւել եւ որպէս պաշտօնեայ՝ աշխատում էի Տնտեսութեան եւ ֆինանսների նախարարութիւնում, իսկ հիմա մինչեւ հանգստի կոչւելը դարձեալ պէտք է իմ աշխատանքը շարունակեմ այնտեղ: Ի հարկէ թէ նախարարութիւնում ինչ հանգամանք եմ զբաղեցնելու դեռ այս պահին պարզ չէ, բայց բնականաբար այդ ասպարէզում էլ կը փորձեմ օգտակար հանդիսանալ մեր ժողովրդին:
- Որո՞նք են եղել ձեր լաւ եւ վատ յուշերը՝ այս տարիների հետ կապւած:
Լաւ յուշեր շատ են եղել. յատկապէս, երբ կարողացել եմ լուծել որեւէ դիմորդի խնդիրը. ինձ մեծ գոհունակութիւն է պատճառել նրանց խնդրանքներին բաւարարութիւն տալը: Պարագաներ էլ եղել են, որ իսկապէս հնարաւորութիւն չեմ ունեցել որեւէ կերպ օգտակար հանդիսանալ դիմորդին, եւ դրանք իրօք ինձ տխրեցրել են:
Աշխատել եմ ժողովուրդն առաւել գոհ մնայ՝ ի մասնաւորի թեմի Առաջնորդարանի հետ առնչւելիս, քանի որ միշտ մտածել եմ ազգային իշխանութիւնը որպէս համայնքի գոյատեւման ու զարգացման երաշխիք եւ օրինականութիւն ունեցող համակարգ, պէտք է աւելի սերտ յարաբերութիւնների մէջ լինի ժողովրդի հետ:
Ինչպէս գիտէք, արդի աշխարհի սկզբունքների համաձայն՝ ինչքան համակարգն աւելի թափանցիկ, հաշւետու եւ գործունակ է լինում, ինքնստինքեան իր օրինականութեան վարկանիշը բարձրանում է եւ ես փորձել եմ այդ ուղղութեամբ իմ գործունէութիւնը բարձր պահել ու շահել ժողովրդի վստահութիւնը: Փորձել եմ նաեւ, որ մեր կառոյցները եւս աւելի գործունեայ եւ աշխոյժ լինեն ու օժտւեն արդիական գիտելիքներով, եւ անկեղծ ասաց այդ առումով իմ արածից շատ գոհ չեմ. անշուշտ չպէտք է սպասէի հարցերն իմ ընկալումներով դիտւէին ու լուծւէին:
- Պրն. Բեգլարեան, վերջում մեր խորին շնորհակալութիւններն ենք յայտնում ձեզ՝ հայ ազգին եւ իրանահայութեանը մատուցած ձեր ծառայութիւնների համար եւ եթէ որեւէ աւելացնելիք ունէք, խնդրեմ:
Շնորհակալ եմ ձեզանից՝ հարցազրոյցի անցկացման համար: Իսկ պէտք է շնորհակալութիւն յայտնեմ նաեւ իմ գործունէութեան ժամանակաշրջանում Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանին եւ թեմի ազգային մարմիններին՝ ի մասնաւորի Պատգամաւորական Ժողովին, Թեմական ու Կրօնական խորհուրդներին, Շահիինշահրի հայ համայնքի վարչութեանը, Կրթական խորհուրդին եւ Բարեսիրական մարմնին, որոնք այս 12 տարիների ընթացքում փորձեցին լաւագոյնը կատարել եւ փոխադարձ ըմբռնումով հարթել դժւարութիւնները: Իմ երախտագիտութիւնն եմ յայտնում յատկապէս թեմի բոլոր ժողովրդին՝ երեք նստաշրջան իրենց քւէներն ու յատկապէս իրենց խնդիրների լուծման գործն ինձ վստահելու համար: Յոյս ունեմ, որ օրըստօրէ ականատեսը կը լինեմ համայնքի առաւել աշխուժացման, ժողովրդի բարօրութեան, ինչու չէ նաեւ ազգային իշխանութիւն-ժողովուրդ յարաբերութիւնների աւելի սերտացման:
Զրոյցը վարեց “Ալիք” օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը