Իրանի բազկամարտի (مچ اندازی) հաւաքականի անդամ, ախոյեան եւ իրաւարար Օշին Տէր-Գրիգորեանի ջերմեռանդ աշխատանքի շնորհիւ, առաջին անգամւայ համար Իրանում, պարսկերէն լեզւով հրատարակել է բազկամարտի համաշխարհային ֆեդերացիայի կանոնների գիրքը:
Գիրքը բացառիկ հաւաքածու կարելի է համարել, ուր ընդգրկւած են բազկամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից սահմանւած բոլոր կանոնները՝ մատչելի ու դիւրըմբռնելի բացատրութեամբ, ինչու չէ նաեւ համահունչ լուսանկարներով ու պատկերներով:
Այնտեղ անդրադարձ է կատարւել յատկապէս սոյն մարզաձեւի տեխնիկական կանոններին, ինչպիսիք են՝ քաշային կարգերի, տարիքային բաժանումների եւ թիմերին առնչւող կաննոնները, բացատրւել է նաեւ մրցասեղանի եւ յարակից մարզական սարքերի յատկութիւնների, մրցավարի իրաւասութիւնների, մրցապայքարի ընդհանուր կանոնների, կանոնազանցութիւն համարւող պարագաների եւ կանոնազանց մարզիկների նկատմամբ կիրառւող պատժամիջոցների մասին:
Օշինի վկայմամբ թարգմանութեան գործին օգտակար են հանդիսացել Իրանում բազկամարտի հիմնադիր Մոհամադռեզա Թաֆռեշիեանի խորհուրդներն ու երկար տարիների փորձառութիւնը՝ այս ասպարէզում:
Օշին Տէր-Գրիգորեանը ծնւել է 1981 թւականին, Նոր Ջուղայում: Նա լող, ֆուտբոլ, գնդի հրում եւ մարմնամարզութիւն (բադիբիլդինգ) մարզաձեւերը փորձելուց եւ այդ ճիւղերում յաջողութիւններ արձանագրելուց յետոյ, 2007 թւականից մասնագիտանալով բազկամարտում՝ երկրի մակարդակում բազմաթիւ անգամներ նւաճել է չեմպիոնի եւ փոխ-չեմպիոնի պատւաւոր կոչումները: 100 կ. գ. քաշային կարգին պատկանող բազկամարտիկը 2011 թւականին, Իրանի հաւաքականի հետ Ղազախստանում անցկացւող Ասիայի առաջնութեան մրցոյթում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ 2012-ին, Գորգան քաղաքում, նոյն մակարդակի մրցաշարում դարձել է ցամաքամասի հինգերորդ բազկամարտիկը: Նա ունի բազկամարտի իրաւարարութեան ազգային արտօնագիր (داوری ملی مج اندازی) եւ իրաւարարութեամբ է հանդէս եկել երկրի մակարդակում իրականացւած բազմաթիւ մրցաշարերում: Օշինը իրաւարարութեան ասպարէզում նոյնպէս աչքի է ընկել իր արհեստավարժութեամբ, որի համար ստացել է գնահատագրեր:
Նա 2016 թւականին յաջողել է ստանալ նաեւ բադիբիլդինգի մարզչութեան առաջին կարգի արտօնագիրը:
Կանաչ ճանապարհ ենք մաղթում սիրելի Օշինին՝ ցանկանալով նրան նորանոր յաջողութիւններ ու նւաճումներ:
Թղթակից (Նոր Ջուղա)