Չորեքշաբթի՝ յունիսի 1-ին, կրկնակի տօն էր Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների եւ աշխատակազմի համար, քանի որ նրանք ոչ միայն տօնեցին ու բոլորին յիշեցրին երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը, այլեւ դպրոցի ամավերջի հանդէսով գեղեցիկ ու իւրօրինակ կերպով հաշւետւութիւն ներկայացրին ամբողջ ուսումնական տարեշրջանից:

Միջոցառումն իրականացւեց երեկոյեան ժամը 7-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան սրահում, ուր որպէս հանդիսատես ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վարդ. Գուճանեանը, Կրթական խորհրդի ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:

Սկզբում ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը, որտեղ ասւած էր. “Արդէն մեզ մօտ աւանդոյթ է դարձել մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական հանդէսը տօնել յունիսի 1-ին՝ մանուկների միջազգային օրը, այս գործը կարծես միտւած է՝ մեզ յիշելու եւ յիշեցնելու՝ինչպէս մատղաշ ծիլերը, որոնք կարիք ունեն  ամենօրեայ գուրգուրանքի ու խնամքի, նոյնպէս մեր երեխաները հասակ առնելու եւ առողջ սերունդ դառնալու համար կարիք ունեն մեր հետեւողական ու յարատեւ ուշադրութեանն ու գուրգուրոտ վերաբերմունքին. յիշելու եւ յիշեցնելու,որ մեր մանուկներն ունեն այնպիսի անժամանցելի իրաւունքներ,ինչպիսիք են կրթութիւն ստանալը, ապահով միջավայրում մեծանալը, առողջ սնւելը եւ այլն, որոնց յարգելն ու ապահովելը որպէս ծնողներ եւ դաստիարակներ մեր իւրաքանչիւրիս պարտքն է”: Նա իր խօսքն աւարտեց շնորհակալութիւն յայտնելով՝ ազգային մարմիններին, դպրոցի աշխատակազմին, Ծնողական խորհրդին, ծնողներին եւ բոլոր այն անհատներին, ովքեր սատար են հանդիսացել դպրոցի ծրագրերի իրագործման ուղղութեամբ: 

Բացման խօսքից յետոյ մեկնարկեց աշակերտական ելոյթների շարանը՝ երեք առանձին վարագոյրներում: Նախ մանկապարտէզի ամենակրտսեր սաների խմբակը՝ Մանուշակագոյնը, հանդիսատեսի դատին յանձնեց իր գեղարւեստական ծրագիրը: Նրանք ներկայացրին պարային մի կատարում, որը գեղեցիկ համադրութեամբ կազմւել էր  մարզական  եւ պարային շարժումներից: Կատարման աւարտին փոքրիկների միջոցով հնչեց խմբական երգերից մի շարան: 

Մանկապարտէզի աւագ խմբակի՝ Դեղինի ներկայացումը նւիրւած էր հայ մանկագիրներին: Նրանք սկզբում իրենց երախտագիտութիւնը յայտնեցին բոլոր մանկագիրներին, որոնց շնորհիւ ոչ միայն ծանօթացել են մանկական գրականութեան գոհարներին, այլեւ կարողանում են վայելել երջանիկ մանկութիւն: Ապա աշակերտներն առանձնաբար ներկայացնելով անւանի գրողներ՝ Հայրապետ Հայրապետեանի, Սիլւա Կապուտիկեանի ու Յովհաննէս Թումանեանի ամփոփ կենսագրութիւնները՝ իւրաքանչիւր գրողին յատկացւած բաժնում, ասմունքեցին եւ երգեցին պատկան հեղինակից մէկական ոտանաւոր ու երաժշտութեամբ մշակւած բանաստեղծութիւն: Բոլոր խօսքերը, ասմունքները եւ երգերը հնչեցին սաների մենակատարումներով, իսկ երգերը համեմւած էին պարային կատարմամբ եւ խմբի ձայնակցութեամբ: Վերջում մանուկները խոստացան միշտ հայերէն գրականութիւնը սիրել ու ընթերցել եւ լինել հայոց լեզւի փոքրիկ ու սրամիտ պաշտպանները: Ծրագիրն աւարտւեց Երեւանին եւ մանկապարտէզին նւիրւած երկու խմբական երգերով:  

Գեղարւեստական բաժնի եզրափակիչ հանգրւանն իրականացւեց նախակրթարանի աշակերտութեան միջոցով: Սկզբում բացման խօսքով հանդէս եկան երեք սաներ, ապա հրեշտակների կերպարներ ընդունած աղջիկները, որոնց կրծքին ամրացւած էին մի շարք տառեր, պար բռնեցին բեմում: Քիչ յետոյ նրանց միացաւ հայերէն տառերի գիւտարար Մեսրոպ Մաշտոցի կերպարը ներկայացնող աշակերտը, ով ամենայն բծախնդրութեամբ դասաւորութիւն տւեց տառերը կրող աղջիկների շարքը եւ վերջում ստացւեց օրւայ ամենախորհրդանշական պատգամը՝ “Կարդանք հայերէն”-ը, իսկ մինչեւ Մաշտոցի հանճարեղ պատգամի փոխանցումը, աղջիկներն անհատական ելոյթների ներքոյ համահունչ խօսքեր արտասանեցին այբուբենի հնչիւնների եւ մայրենին անաղարտ պահելու մասին: Այնուհետեւ մուտք գործեցին հայ զինւորի հանդերձանքով զգեստաւորւած նախակրթարանի տղաները, ովքեր խոստացան որպէս խիզախ հայորդիներ ու հայ ազգի ապագայ զինւորներ ոչ միայն պահպանել մայրենի լեզուն, այլեւ անխոնջ պաշտպանները հանդիսանալ սրբազան հայրենիքի: 

Սոյն ներկայացման երկրորդ բաժնում նախակրթարանի բոլոր սաներն աւարտական գլխարկներ կրելով, համախմբւեցին բեմում եւ ծրագիրը ողողեցին մայրենիին նւիրւած խօսքերով ու երգերով: Վերջում խմբական կատարմամբ հնչեց “Հրաժեշտ այբբենարանին” երգը եւ աւանդոյթի համաձայն գեղարւեստական ելոյթը եզրափակւեց գլխարկների վերնետման արարողութեամբ:

Ամբողջովին աշխոյժ եւ խանդավառութիւն ներշնչող արարների աւարտին իր պատգամը փոխանցեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով դրւատանքով արտայայտւելով երեկոյի ընթացքում հնչած պատգամների մասին, կարեւորութեամբ նշեց, որ մանուկների հետ լինելնու, նրանց գեղեցկութեան եւ դայլայլի վայելումը ամենամեծ նւէրն է մարդ արարածի կեանքում: Նա իր խօսքի շարունակութեան մէջ մատնանշելով, որ մեծահասակները շատ բաներ ունեն սովորելու մանուկներից՝ ինչպիսիք են անկեղծութիւնը, խոնարհութիւնը, հեզութիւնը եւ մաքրասրտութիւնը, աւելացրեց. “Այսօրւայ այս գեղեցիկ հանդէսը ինձ համար պատարագի համազօր էր: Պատարագի ընթացքում մենք փառաբանում ենք Աստծուն եւ աղօթքներ մատուցում նրան, իսկ այսօրւայ ծրագրի ընթացքում մենք վայելեցինք Աստծոյ ստեղծագործութեան ամենագեղեցիկ եւ էական արարծների պատարագը՝ իրենց քաղցր պատգամներով”:Հայր Սուրբն իր խօսքի աւարտին գնահատանքի խօսք ուղղեց մանկապարտէզ-նախակրթարանի անձնակազմին ու Ծնողական խորրդին՝ իրենց կատարած ջանադիր աշխատանքի, իսկ թեմի Կրթական խորհրդին՝ դպրոցների վերելքի ու աշակերտների դաստիարակութեան ուղղութեամբ գործունէութիւն ծաւալելու համար:

Այնուհետեւ ձեռամբ գերպ. Հայր Սուրբի, Կրթական խորհրդի ատենապետուհի Սաթենիկ Աւետումեանի, դպրոցի տնօրինուհու եւ պատկան ուսուցչուհիների, առանձնաբար տեղի ունեցաւ մանկապարտէզ-նախակրթարանի սաների վկայագրերի բաշխման արարողութիւնը:

Վերջում ներկաներն այցելեցին կից սրահում մանկապարտէզ-նախակրթարանի սաների անհատական եւ խմբական ձեռքի աշխատանքներից կազմւած ցուցահանդէս:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան