Հինգշաբթի՝ մայիսի 26-ի երերկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան շրջափակում, ժողովրդական հանդիսաւոր տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 98-ամեակը:
Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերի յաղթանակներով պսակւած պանծալի տօնին նւիրւած երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Ադրինէ Ղեւեանի բացման խօսքով, ուր անդրադառնալով Հայաստանի Հանրապետութեան հիմնադրմանը եւ ձեռքբերումներին, կարեւորութեամբ ասաց. “Առաջին Հանրապետութիւնը անգնահատելի դեր ունեցաւ հայ ժողովրդի յետագայ պատմութեան համար. այն հայութեան մէջ արմատաւորեց ազգային միասնութեան ու պետականութեան վերականգնման համահայկական տեսլականը: Մայիս 28-ի խորհրդով, հայութիւնը 70 տարիներ շարունակ իր հոգու եւ մտքի խորքում անեղծ պահեց անկախ ապրելու ոգին, գուրգուրեց ազատ Հայաստանի երազանքը, պահպանեց եռագոյնը եւ նոյն ոգով 1991-ի սեպտեմբերի 21-ին, ամրագրեց Հայաստանի Հանրապետութեան վերակերտումը”:
Այնուհետեւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի եռագոյն դրօշը, որից յետոյ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ եւ թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ կատարւեց Հանրապետական մաղթանք: Մաղթանքի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի “Կոմիտաս” երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ: Ապա սկաուտների ձեռքի եռագոյն դրօշներն օրհնւեցին եւ ծածանւեցին, որից յետոյ հնչեց Իրանի Իսլ. եւ Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերը:
Հոգեպարար արարողութիւնից յետոյ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, թեմի Պատգ. Ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Վարուժ Մովսիսեանը, եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Աշոտ Դաւթեանը պատւանդանի վրայ կանգնելով, ընդունեցին աւանդոյթ դարձած հանդիսաւոր շքերթը՝ մասնակցութեամբ թեմի ազգային մարմինների ու ենթամարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու երիտ-պատանեկան միութիւնների անդամների, միութիւնների եւ երգչախմբերի վարչութիւնների, հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ու անձնակազմի, ՀՀ հիմնադրման 98-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան Սկաուտական միաւորի անդամների:
Ընթացքում բանախօսական ելոյթով հանդէս եկաւ Իրանի Իսլ. Խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, որն ակնարկ ունենալով մայիսեան գոյամարտին ու ՀՀ կերտման պատմութեանը, ասաց. “Եւ այդպէս իմի բերելով մեր վերջին ուժերը՝ մեր ժողովրդի քաջարի ղեկավարութեան՝ ի մասնաւորի Արամ Մանուկեանի օգնութեամբ, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայութիւնը յաղթանակ ունեցաւ: Դա ճակատամարտ էր, քանի որ մեծ պատերազմը շարունակւեց եւ դեռ շարունակւում է: Մենք ճակատամարտում յաղթել ենք, սակայն պատերազմում դեռ չենք յաղթել: Այդ գեղեցիկ յաղթանակը կը գայ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն ի վերջոյ վստահ լինի իր հարեւանների կողմից, որոնք եկւոր են եւ հազարաւոր տարիների ընթացքում եկել ու տիրացել են տարածաշրջանի տարբեր հողամասերին ու հայրենիքներին՝ վերացնելով տեղական ժողովրդին”:
Պրն. Աբրահամեանն իր բանախօսութեան շարունակութեան մէջ անդրադառնալով Իրանում գլուխ բարձրացրած պանթուրքիստական շարժումներին՝ յատկապէս Ատրպատականի շրջաններում գոյութիւն ունեցող երեւոյթներին, որոնց միջոցով Ապրիլ 24-ին Թեհրանի հայութեան հասցէին սպառնալիքներ են ուղղւել եւ մի շարք լոզունգների վանկարկումներով խաթարւում է Իրանի հողային ամբողջականութիւնը, կարեւորութեամբ ընդգծեց, որ Իրանի հողային ամբողջականութիւնը իրանական բոլոր ժողովուրդների ամենակարեւոր խնդիրներից է, որի նկատմամբ ոչ մի զիջում չի կարող լինել:
Բանախօսն իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով 1991 թւականին ՀՀ վերանկախացմանը եւ այն կարեւոր փաստին, որ անկախութեան ձեռքբերումից յետոյ պէտք է առաւելագոյնն աշխատել, ծրագրել եւ զոհաբերել՝ բնականոն զարգացումն ապահովելու համար, շարունակեց. “Ցաւօք սրտի մեր նոր անկախութիւնը չվայելեց իշխանաւորների հոգատարութիւնը: Ցաւօք սրտի մենք ունեցանք շատ մեծ բարդութիւններ ու կորուստներ եւ թալանի ենթարկւեցինք... Սակայն պիտի պատւով խոստովանենք, որ մեր ժողովուրդը կրկին չկոտրւեց եւ վերջերս, երբ Ադրբեջանական հրոսակախմբերը կրկին իրենց արդիական սպառազինութեամբ յարձակւեցին Արցախի ողջ սահմանի ուղղութեամբ, ժողովրդի մէջ ի յայտ եկաւ նոյն սարդարապատեան ոգին եւ անսպասելիօրէն այդ յարձակմանը դիմադրեցին մեր բանակի զինւորները”:
Այնուհետեւ օրւայ առթիւ իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ով սկզբում գնահատանքի խօսք ուղղեց տօնակատարութեան յանձնախմբին՝ երեկոյի կազմակերպման համար, ապա նոյնպէս գնահատելով օրւայ բանախօսին՝ ուժ ու կորով մաղթեց նրան՝ պարլամենտական աշխատանքներում: Նա անդրադառնալով հայ ժողովրդի կատարած սխրագործութիւններին եւ ցուցաբերած կուռ ոգուն՝ ՀՀ կերտման ճանապարհին, աւելացրեց. “Փառք այսօրւայ հայոց բանակի զինւորներին, ովքեր նոյն վարդանանց ու սարդարապատեան ոգով կարողանում են թշնամուն ասել՝ մենք տէրն ենք մեր իրաւունքների ու արժէքների. մենք տէրն ենք մեր հայրենիքի ու սուրբ հողի: Եւ այսպէս մենք պէտք է միակամ ու համախմբւած շարունակենք առաւել ամրապնդել մեր անկախութիւնը, հզօրացնել պետականութիւնը, պահպանել հայրենիքի սահմանները եւ բարելաւել երկրի տնտեսական վիճակը”: Սրբազան Հայրն իր խօսքում մատնանշելով, որ անկախութեան պահպանումն աւելի դժւար է քան ձեռքբերումը, կոչ արեց չհեռանալ հայրենիքից եւ միասնաբար պահել ու պահպանել անկախութիւնն ու ազատութիւնը՝ հզօր հայրենիք կերտելու համար:
Գերշ. Տ. Բաբգէն արք Չարեանն իր խօսքի աւարտին գնահատանքի խօսք ուղղելով Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան երեք անընդմէջ նստաշրջանների պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին՝ հայ ժողովրդին եւ իրանահայութեանը մատուցած ծառայութիւնների համար, տեղեկացրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդառաջելով Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդի եւ ազգային մարմինների խնդրանքին, Մեծի Տանն Կիլիկիոյ “Ասպետ”-ի շքանշանին է արժանացրել պրն. Բեգլարեանին: Այնուհետեւ Սրբազան Հայրը ներկաների յոտնկայս ունկանդրութեամբ ընթերցեց սոյն շնորհաբաշխման կապակցութեամբ Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը, որից յետոյ իր ձեռամբ շքանշանն ամրացրեց Ռոբերտ Բեգլարեանի կրծքին:
Պրն. Բեգլարեանը շնորհակալական խօսքով հանդէս եկաւ ուղղւած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանին եւ թեմի ազգային մարմիններին՝ շքանշանի շնորհման կապակցութեամբ, ապա շնորհակալութիւն յայտնելով նաեւ թեմի ժողովրդին՝ երեք նստաշրջան իր օգտին քւէարկելու եւ իրեն վստահելու համար ներողամտութիւն հայցեց այն անհատներին, որոնց խնդրանքին իր գործունէութեան ժամանակաշրջանում չի կարողացել գոհացում տալ: Նա յոյս յատնեց, որ նորընտիր պատգամաւորն աւելի կատարելագործւած կաշխատի եւ խնդրեց առ Բարձրեալն Աստւած՝ իրեն առիթ ընձեռնի դարձեալ իրանահայութեան կողքին լինելու համար:
Ծրագրի գեղարւեստաւան բաժնում, ՀՀ վաստակաւոր երգչուհի Նունէ Եսայեանի կատարմամբ հնչեցին ազգային եւ յեղափոխական երգեր, որոնցով բազմապատկւեց ներկաների տօնական տրամադրութիւնն ու խանդավառութիւնը: Երեկոն եզրափակւեց աւանդական հրավառութեամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան