Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կարգադրութեամբ մօտ օրերիս Սպահանի հայոց թեմը թողնելու է առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը՝ իր ծառայական աշխատանքը Կանադայում շարունակելու եւ սոյն երկրի հայոց թեմն առաջնորդելու համար: Սրբազան Հօրը ողջերթ մաղթելու եւ իր անբասիր ծառայական գործունէութեան առթիւ երախտիքի խօսք ասելու համար՝ հինգշաբթի՝ մայիսի 19-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան մարզասրահում կազմակերպւել էր բարի երթի երեկոյ:
Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Թաւրիզից հրաւիրեալներ՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, Թեհրանից՝ Թեմական խորհրդի անդամ եւ Սպահանի հայոց թեմի ժամանակի Թեմական խորհրդի ատենապետ Հրայր Շահնազարեանն ու “Ալիք” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Արամ Շահնազարեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի ազգային մարմինների, միութիւնների, հայոց դպրոցների եւ երգչախմբերի ներկայացուցիչներն ու հոծ ժողովուրդ:
Երեկոյի բացումը կատարւեց հանդիսավար Կարին Տէր-Մարտիրոսեանի ողջոյնի խօսքով, ապա երախտիքի խօսքով ու բարի մաղթանքներով ողողւած ելոյթների շարանը մեկնարկեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի միջոցով, որն արտայայտւեց թեմի ազգային մարմինների եւ ժողովրդի անունից: Նա իր խօսքի սկզբում բարի գալուստ մաղթեց հիւրերին, ապա մատնանշելով Սրբազան Հօր մարդկային արժանիքներն ու այն մեծ սէրը եւ յարգանքը, որը վայելել է թեմի ժողովրդի ու պետական բարձրաստիճան պաշտօնեաների կողմից՝ աւելացրեց. “Սրբազան Հայրը մեզ համար եղել է իսկական հոգեւոր հովիւ: Մեր թեմի իւրաքանչիւր անդամ անկախ իր սեռից, տարիքից եւ կրթութիւնից, առիթ է ունեցել հանդիպելով Սրբազան Հօրը, ստանալ նրա խորհուրդները: Նա միշտ փորձել է անձամբ մօտենալ այն ընտանիքներին, որոնք զգացել են իր կարիքը”:
Յաջորդիւ արտայայտւեց վաստակաշատ ազգային-հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանը, ով նոյնպէս անդրադառնալով Սրբազան Հօր բարեհամբոյր բնաւորութեանն ու կատարած բոլորանւէր աշխատանքներին, շարունակեց. “Որպէս առաջնորդ նա եղել է համեստ եւ հաւաքական աշխատանքի կողմնակից: Նա երբեք իր շուրջ չի կենտրոնացրել աշխատանքները. իր ձեռքը չի առել բոլոր դժւարութիւնները, այլ դրանք կիսել է միւսների հետ՝ համոզւած լինելով, որ հաւաքական կեանքով ենք յաջողութիւնների հասնելու: Նա խուսափել է միանձնեայ ղեկավարութիւնից եւ միշտ եղել է ապակենտրոն սկզբունքների վրայ”:
Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւս արտայայտւեց այս առիթով: Նա դրւատանքի խօսք ուղղելով համայնքին եւ յատկապէս թեմակալ առաջնորդին ու շեշտելով, թէ նման բաժանման պահերին, ցանկացած մարդու համար միակ սփոփանքը լինելու է իր կատարած աշխատանքներից առաջացած դրական զգացողութիւնը, աւելացրեց՝ Սրբազան Հօր գործունէութիւնը անգամ եթէ ամենասովորական չափանիշերով գնահատենք, կը գտնենք, որ նա գերակատարել է իր պարտականութիւնները եւ արդար խղճով կարող է անցնել իր այլ ծառայողական գործին: Պրն. Թումանեանն արցախեան վերջին իրադարձութիւնների շուրջ համայն հայութեան միասնական կեցւածքի դրսեւորումը, առաջին հերթին հոգեւոր աշխատանքի եւ նման հոգեւորականների ջանքերի արդիւնք համարելով, մեծ միասնականութիւն ու միակամութիւն ցանկացաւ հայ ժողովրդին եւ իր խօսքն աւարտեց Սրբազան Հօրն առողջութիւն ու աշխատանքային կորով մաղթելով:
Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը նոյնպէս միանալով հնչած մաղթանքներին ու դրւատանքի խօսքերին՝ կարեւորութեամբ ընդգծեց այն հանգամանքը, որ ինքը եւ Սրբազան Հայրը միեւնոյն ժամանակ սկսել եւ աւարտում են իրենց աշխատանքային ժամանակաշրջանը: Ապա նշելով, որ Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու միաբանութիւնը միայն հոգեւոր առաքելութեամբ չի զբաղւում եւ իր ուսերին է կրում նաեւ հայ ժողովրդին ծառայելու առաքինի պարտականութիւնը, աւելացրեց՝ Սրբազան Հայրն իր գործունէութեամբ նման կեցւածքի մարմնացումն է եղել: Նա վկայելով, թէ Սրբազան Հայրը շատ կարճ ժամանակահատւածում յաջողեց շահել Սպահան նահանգի եւ Իրանի մակարդակով պետական այրերի վստահութիւնը, համոզում յայտնեց, որ նա ինչպէս միշտ կառաջնորդւի իրանահայութեան եւ համայն հայութեան շահերով եւ իր արտայայտութեան համաձայն “Ուր էլ, որ լինի դառնալու է Իրանի ոչ պաշտօնական դեսպանը”:
Յաջորդիւ իր սրտի խօսքն ասաց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, ով իր ելոյթի սկզբում անդրադարձաւ Անթիլիասի դպրեվանքից մինչեւ այսօր գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի հետ ունեցած համատեղ յուշերին: Նա Բաբգէն Սրբազանի մասին իր վկայութիւնը հաստատեց աւետարանական այն հատւածի մէջբերմամբ, որտեղ Քրիստոսն իր աշակերտներից Ս. Բարդուղիմէոս առաքեալի մասին արտայայտւել էր հետեւեալը՝ “Ահաւասիկ մի անձ, որի մէջ նենգութիւն չկայ”, ապա աւելացրեց, որ Տիրոջ այս խօսքը կարող է ասել Սրբազան Հօր կապակցութեամբ, քանի որ նա համեստութեան, հեզութեան եւ մարդասիրութեան իսկական օրինակն է: Աւարտին գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանն իր, Ատրպատականի հայոց թեմի ազգային մարմինների եւ բոլոր կառոյցների անունից բարի երթ մաղթեց Սրբազան Հօրը եւ ցանկացաւ, որ Աստւած նրա ճանապարհը միշտ օրհնեալ դարձնի:
Եզրափակիչ խօսքը հնչեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի միջոցով: Նա սկզբում իր շնորհակալութիւնները յայտնեց երեկոյի կազմակերպիչներին եւ ելոյթով հանդէս եկածներին:
Ապա Սրբազան Հայրը առանձնաբար շնորհակալական խօսքեր ուղղեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, իր ծնողներին ու հարազատներին, Իրանում ՀՀ ներկայ եւ նախկին դեսպաններին ու դեսպանատան անձնակազմին, քոյր թեմերի առանջորդներին ու ագզային մարմիններին, թեմի հոգեւորականաց դասին, ազգային մարմիններին, Հայ Դատի յանձնախմբին, միութիւններին, երգչախմբերին, դպրաց դասին ու եկեղեցիներում աշխատող անհատներին, հայոց ազգ. եւ Կիրակնօրեայ դպրոցների պատասխանատուներին, ինչու չէ նաեւ ժողովրդին:
Թեմակալ առաջնորդը հրաժեշտի պահը յուզիչ համարելով՝ աւելացրեց. “Ինչպէս զինւորը պատրաստ է պատերազմի դաշտ գնալ՝ որպէս մարտիկ իր հայրենիքի սուրբ հողը պաշտպանելու, նոյնպէս էլ հոգեւոր զինւորը ծառայական դաշտում պէտք է լինի իր ժողովրդի կողքին՝ նրանց կարիքներին գոհացում տալու համար”: Նա իր ուրախութիւնը յայտնելով, որ անցնող 12 տարիների ընթացքում նման ժողովրդի սպասաւորն ու ծառան է եղել, ժողովրդին պատգամեց՝ ինչպէս միշտ միասնական ոգով համախմբւել թեմի նոր առաջնորդի ու ագզային մարմինների շուրջ՝ համայնքն աշխոյժ եւ բարգաւաճ պահելու ու նւիրական առաքելութիւնը իրականացնելու համար, մասնակից դառնալ եկեղեցական կեանքին, ինչպէս նաեւ համայնքային ու համազգային ծրագրերին եւ զօրավիգ կանգնել հայրենիքին:
Ծրագրում ընդգրկւած էր նաեւ գեղարւեստական յայտագրով ծրագիր՝ յագեցած հայաշունչ պարով, ասմունքով ու երգով: Գեղարւեստական կատարողներն էին՝ Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան Մշակութային միաւորի “Կռունկ” ասմունքի խմբի աւագ անդամուհիներ՝ Լեռնիկ Ծատուրեանն ու Մանիա Ղուկասեանը՝ Ռիմա Սիմոնեանի գեղարւեստական ղեկավարութեամբ, նոյն միաւորի “Կռունկ” պարախումբը պարուսոյց Նունէ Մկրտչեանի պատասխանատւութեամբ, Ս. Ա. վանքի “Տաթեւ” երգչախումբը՝ Համիկ Ալեքսանդրեանի խմբավարութեամբ, Ս. Ա. վանքի “Կոմիտաս” երիտասարդական երգչախմբի մեներգիչներ՝ Վանա Շիրւանեանը, Թանիա Մինասեանն ու Հարմա Կարապետեանը եւ Ս. Ա. վանքի “Կոմիտաս” երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ:
Վերջում ներկաները մօտենալով գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանին՝ արցունքախառն աչքերով իրենց ջերմ բարեմաղթանքներն ու հրաժեշտի խօսքերը յայտնեցին բարեջան հոգեւոր առաջնորդին:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան