Չորեքշաբթի` մայիսի 18-ի առաւօտեան ժամը 11:30-ին, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն իր վերջին այցելութիւնը տւեց համայնքի հայոց ազգ. դպրոցների անձնակազմին, Ծնողական խորհուրդներին եւ աշակերտութեանը:
Սրբազան Հայրը կրթահամալիր ներկայացաւ թեմի Պատգ. Ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետներ Վարուժ Մինասեանի, Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի ընկերակցութեամբ, որտեղ անհամբերութեամբ իրենց թեմակալ առաջնորդին էին սպասում մանկապարտէզից մինչեւ միջնակարգ դպրոցների աշակերտ-ուհիները:
Բարի երթի միջոցառումն սկիզբ առաւ «Արմէն» երկսեռ կրթահամալիրի տնօրէն Վրէժ Շիրւանեանի խօսքով, որն արտայայտւեց բոլոր դպրոցների պատասխանատուների եւ աշակերտութեան անունից: Նա կարեւորութեամբ նշելով, որ թեմի հայոց դպրոցները 12 տարիներ շարունակ վայելել են իրենց հոգեւոր առաջնորդի հայրական ջերմ վերաբերմունքը, աւելացրեց. «Սրբազան Հայրը նաեւ որպէս ուսուցիչ` յատուկ ուշադրութիւն, հետաքրքրութիւն եւ սէր է տածել դպրոցների նկատմամբ ու դրա կենդանի վկան նրա ներկայութիւնն է դպրոցներում կազմակերպւած բոլոր ձեռնարկներին ու միջոցառումներին, նոյնիսկ իրականացւած ճամբարներին` ընդ որում խրախուսել եւ ոգեւորել է բոլորիս: 12 տարի շարունակ Սրբազան Հօր ձեռամբ հնչել է դպրոցական առաջին զանգը, եւ աշխատանքի ենք անցել` նրա օրհնութեամբ ու աղօթքով»: Պրն. Շիրւանեանը վերջում երախտիքի խօսք ուղղելով Տ. Բաբգէն արք. Չարեանին` նրան մաղթեց առողջութիւն եւ նոր յաջողութիւններ իր աստւածահաճոյ եւ ազգանւէր առաքելութեան մէջ:
Այնուհետեւ թեմի Կրթական խորհրդի անունից ելոյթ ունեցաւ ատենապետուհի Սաթենիկ Աւետումեանը, ով խորը ափսոսանք յայտնելով Սրբազան Հօր թեմից հեռանալու կապակցութեամբ, նոյնպէս երախտիքի խօսք ասեց նրան` իր առաջնորդութեան ամբողջ ժամանակաշրջանում յանուն հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեան, Կրթական խորհրդի եւ դպրոցների կողքին լինելու համար: Նա իր խօսքի աւարտին համոզում յայտնեց, որ Սրբազան Հայրն իր արժանիքների ու հայոց եկեղեցու հոգեւոր առաջնորդին յարիր իմաստութեամբ կը շարունակի իր նւիրական աշխատանքը, ուր էլ որ լինի:
Յաջորդիւ բեմ հրաւիրւեց գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, որտեղ Կրթական խորհրդի եւ բոլոր դպրոցների կողմից, տկն. Աւետումեանը յուշանւէր ու շնորհակալագիր նւիրեց Սրբազան Հօրը` թեմի հայկական կրթօջախների նկատմամբ ցուցաբերած հայրական հոգածութեան, անմիջական հովանաւորութեան եւ ուշադրութեան համար:
Իր հրաժեշտի ելոյթում թեմակալ առաջնորդը նախ գնահատանքի խօսք ուղղեց Կրթական խորհրդին` սոյն այցելութիւնը կազմակերպելու եւ դպրոցների վերելքի ուղղութեամբ ջանք չխնայելու, դպրոցների անձնակազմին` աշակերտներին գիտելիքներով ու հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեամբ կրթելու, իսկ Ծնողական խորհուրդներին` ամենօրեայ ներկայութեամբ աշխատանքների կազմակերպման գործում համագործակցելու կապակցութեամբ:
Սրբազան Հայրն իր խօսքի երկրորդ բաժնում աշակերտութեանն ասելով, թէ պէտք է հպարտ լինեն հայ դպրոց յաճախելու եւ նման հարազատ տան մէջ հասակ առնելու առթիւ, աւելացրեց` սփիւռքեան պայմաններում հայ դպրոցը փրկութեան փարոս է եւ աշակերտների մէջ զօրացնում ու ամրացնում է հաւատն ու հայրենասիրութեան ոգին: Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը սաներին յորդորեց` իրենց շուրթերի վրայ անաղարտ պահել մայրենի լեզուն եւ լաւապէս ճանաչել հայոց պատմութիւնը` հայ ժողովրդին ծառայելու ու նրա արդար իրաւունքների պաշտպանը լինելու համար:
Ծրարգի աւարտին աշակերտներն իրենց խմբական կատարմամբ «Գետաշէն» երգը նւիրեցին հոգեւոր առաջնորդին:
Այնուհետեւ կրթահամալիրի բակում, Սրբազան Հայրը, նրան ընկերակցող պատւիրակութիւնն ու Կրթական խորհրդի ներկայացուցիչները, սկզբում բոլոր աշակերտութեան, ապա դպրոցների անձնակազմերի ու Ծնողական խորհուրդների հետ լուսանկարւեցին` յաւերժացնելով վերջին այցելութեան յուզիչ պահը:
«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ` Գեւիկ Խաչատրեան