Օրեր առաջ Սպահանի հայոց թեմի առաջնորդարանում՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, գումարւեց թեմի 61-րդ Պատգամաւորական Ժողովի հաշւետու նիստը, որտեղ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն իր հրաժարականը ներկայացրեց ժողովին, բացատրելով, որ անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինմանը, հրաժարւում է թեմիս առաջնորդի պաշտօնից՝ նոր ծառայողական դաշտում գործունէութիւն ծաւալելու համար:

Նկատի առնելով, որ թեմակալ առաջնորդի հրաժարականն ընդունւել է նոյն ժողովի կողմից եւ նա շուտով մեկնելու է Նոր Ջուղայից, Սպահանի հայոց թեմում Սրբազան Հօր ծառայողական 12 տարիների վերաբերեալ կատարւել է հետեւեալ հարցազրոյցը, որն ստորեւ ներկայացնում ենք.

Գերշ. Սրբազան Հայր, ի՞նչ փորձեր էք ձեռք բերել անցնող 12 տարիների ընթացքում եւ Սպահանի հայոց թեմը ի՞նչ է տւել ձեզ:

-12 տարի առաջ, երբ գործուղւեցի Սպահանի հայոց թեմ, 2004 թւականի սեպտեմբերի 25-ին, սոյն թեմում իմ առաջին արարողութիւնը կատարեցի Ս. Գէորգ եկեղեցում՝ Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ եւ ներկաներին ուղղւած իմ խօսքում շեշտեցի. “Ով տէր աւելացրու մեր հաւատը, յոյսը եւ սէրը”:Այնուհետեւ այդ հաւատով, յոյսով ու սիրով լծւեցի աշխատանքի եւ փառք Աստծոյ անցնող տարիների ընթացքում, հոգեւորականաց դասի, ազգային մարմինների եւ միութիւնների հետ  համագործակցաբար աշխատեցինք նշւած նշանաբանի ներքոյ՝ հոգեւոր կեանքի աշխուժացման, քրիստոնէական եւ հայեցի դաստիարակութիւն տալու, մշակութային ու ազգային կեանքի առաւել բարգաւաճման եւ նոր սերնդի ոգեւորման ու խանդավառման ուղղութեամբ: Այս տարիների ընթացքում ունեցել ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլեւ դժւարութիւններ ու մարտահրաւէրներ: Բնականաբար 100 տոկոսով չենք կարողացել փարատել բոլոր դժւարութիւնները, սակայն ճիգ եւ աշխատանք ենք գործադրել՝ այդ խնդիրներին մասամբ լուծում տալու համար: Բարեբախտաբար այսօր թեմի հոգեւոր կեանքն աշխոյժ է եւ նկատելի է եկեղեցիների շուրջ մեր զաւակների համախմբումն ու մեծ թւով աշխատողների զօրակցութիւնը: Կարեւոր ձեռքբերումներից  կարելի է համարել այն փաստը, որ որպէս համայնք եւ հաւաքականութիւն բոլորս կարողացել ենք աշխատել ուրախութեամբ եւ սիրով:

Այս տարիների ընթացքում առկայ են եղել նաեւ մի շարք մտահոգութիւններ, որոնցից հիմնականը արտագաղթի խնդիրն է եղել, ինչը գոյութիւն ունի մինչեւ այսօր: Ես յաճախ իմ խօսքերում անդրադարձել եմ՝ կառչած մնալ մեր արժէքներին, սրբութիւններին, եկեղեցիներին ու ազգային հաստատութիւններին, որոնցով ոչ միայն մեր գոյութիւնը կամրանայ, այլեւ կը երաշխաւորւի մեր գոյատեւման եւ յաղթական երթը:

Գիտենք թէ ինչպիսի մեծ ժողովրդականութիւն էք վայելում թեմի ժողովրդի կողմից եւ նրանք ինչպիսի խորը ցաւով են ընդունել ձեր հրաժարականի փաստը: Ձեր կարծիքով առաջնորդ-ժողովուրդ յարաբերութեան մէջ նման սերտ կապի առկայութիւնը ինչի՞ արդիւնք է:

- Բնականօրէն երբ մէկը ապրում է մի տան մէջ, դառնում է այդ տան հարազատ անդամը եւ այդ տնից բաժանւելը երկուստէք դժւար է լինում: Մեր կեանքում նման փոփոխութիւններ յաճախ են տեղի ունենում, քանի որ մեր հոգեւորականի կոչումն ու առաքելութիւնը ծառայութեան հիմքի վրայ է: Երբ հոգեւորականն իր գործը կատարի սիրով, նւիրումով ու խոնարհութեամբ, ժողովուրդ-հոգեւորական կապը օրըստօրէ կամրանայ եւ հարազատի հետ կապի նման կը դառնայ անքակտելի: Որպէս Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան՝ մենք հնազանդ մնալով մեր ուխտին, լսում ենք այն ձայնը, որ մեզ կանչում է եւ որտեղ էլ որ լինենք այդ ձայնին անսալով, շարունակում ենք մեր ծառայութիւնը: Մենք ժողովրդին ենք ծառայում եւ այդ ժողովրդի հետ կապը պէտք է լինի հարազատ, անկեղծ ու փոխադարձ յարգանքի վրայ: Ճիշտ է մեր ժողովրդի զաւակները դժւար ընդունեցին իմ հրաժարականի լուրը եւ արտայայտեցին իրենց զգացումները, բայց ես համոզում եմ նրանց, որ ուր էլ լինեմ հայ ժողովրդին պիտի ծառայեմ, իսկ այս համայնքից ստացած փորձառութիւններն ինձ հետ տանելով, կիրառելու եմ մի այլ համայնքում: Ես որպէս մնայուն նւէր ինձ հետ տանելու եմ այս թեմի ժողովրդի սէրն ու անկեղծ յարգանքը:

Որո՞նք են ձեր կողմից իրագործւած ամենագլխաւոր աշխատանքները: Արդեօք որեւէ անաւարտ գործ կա՞յ, որը կը ցանկանայիք այն աւարտել մինչեւ այստեղից հեռանալը:

- Թեմերի կեանքում ոչ մի աշխատանք չի կարող աւարտ ունենալ: Սկիզբ կարող է ունենալ, սակայն աւարտ ոչ, քանի որ ինչքան էլ կազմակերպենք ու ծրագրենք, քայլելու ենք այնպիսի ճանապարհով, որը վերջ չունի: Դա մի ճանապարհ է, ուր աշխատանքները բազմածաւալ են: Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է եւ դա նշանակում է, որ այն պատկանում է ազգին: Հայ հոգեւորականի աշխատանքը բոլորովին տարբեր է եւ չի սահմանափակւում միայն հոգեւոր գործունէութեամբ: Հայ հոգեւորականի աշխատանքի մէջ պարփակւած են յատկապէս համայնքի վերելքի եւ բարգաւաճման ուղղութեամբ գործունէութիւնը: Մեր եկեղեցուն առնչւող բոլոր աշխատանքները կատարւում են հոգեւորականների եւ աշխարհականների համագործակցութեամբ: Փառք Աստծոյ թեմի եկեղեցիներն այսօր բարւօք վիճակում են: Անցնող տարիների ընթացքում ձեռնադրւել են երեք քահանայ հայր եւ աւելի քան 15 սարկաւագներ ու դպիրներ, որոնք այսօր ծառայում են թեմի եկեղեցիներում եւ սա արդէն ձեռքբերում է: Կրթական ասպարէզում ձեռքբերում կարելի է համարել այն փաստը, որ Կրթական եւ Քրիստոնէական դաստիարակութեան խորհուրդների, ինչու չէ նաեւ Հայաստանից մասնգէտ մանկավարժ ու հոգեւոր գիտելիքներով հարուստ անհատների համագործակցութեամբ յաջողւեց պատրաստել գունազարդ եւ արդի մանկավարժական մեթոդիկայի համաձայն կրօնի դասագրքեր, որոնցից չորսն արդէն դասաւանդւում են դպրոցներում, իսկ եօթը գրքեր պատրաստման ընթացքի մէջ են եւ յաջորդ տարի կը տրամադրւեն դպրոցներին:

Պետական բարձրաստիճան պաշտօնատարների հետ ունեցած յարաբերութիւնների շրջագծում, երբ համեմատութիւն էք անցկացնում ներկայ եւ ձեր առաջնորդութեան սկզբնական ժամանակաշրջանների միջեւ, ի՞նչ առաջընթաց էք նկատում:

- Բնականօրէն պետական պաշտօնատարների հետ կապը միշտ էլ եղել է, սակայն այսօր այդ յարաբերութիւները ոչ միայն պաշտօնական հողի վրայ են, այլեւ աւելի մտերմիկ եւ յարգալից են անցեալի համեմատութեամբ: Երբ ես հրաժեշտի այցելութիւններ տւեցի մի շարք պաշտօնատարներին, նկատեցի, որ նրանք նեղւած են իմ հեռանալու փաստից, քանի որ վարժւելով միմեանց՝ մեր յարաբերութիւները գտնւում են բարձր մակարդակի վրայ:

Լինելով այն հոգեւորականներից, ովքեր միշտ վստահել են երիտասարդներին եւ կողմնակից են այդ սերնդի զարգացման եւ բարգաւաճման համար ներդրումներ կատարելուն, ի՞նչ կասէք նաեւ այդ մասին: 

- Երիտասարդութեան խնդիրները եւ նրանց օժանդակելու հարցը միշտ եղել են իմ եւ ազգային մարմինների մտահոգութեան սեւեռակէտը: Բնականաբար չենք կարող հարիւր տոկոսով լուծում տալ նրանց բոլոր դժւարութիւններին. Ճիշտ է այսօր թեմի նորապսակներին նիւթական օժանդակութիւն է տրամադրւում՝ որպէս բնակարանի գրաւ գումար եւ երիտասարդ զոյգերի համար կառուցւում է բնակելի համալիր, սակայն պէտք է աւելին կատարել եւ յատկապէս ջանք թափել նրանց մեր հաստատութիւններին առաւել մօտեցնելու ուղղութեամբ. դա հեշտ աշխատանք չէ, քանի որ այսօրւայ երիտասարդութեան հետաքրքրութիւնները եւ մօտեցումները տարբեր են: Երիտասարդներին ճիշտ օգնութիւն ցուցաբերելու համար՝ պէտք է մտնենք նրանց հոգեբանութեան մէջ: Երիտասարդներին ուղղութիւններ պէտք է տանք, որպէսզի իրենց կեանքը դարձնեն նպատակադրւած, համախմբւեն մեր կառոյցների շուրջ եւ իրենց մէջ եղած սէրն ու ոգին արթնացնեն հայրենիքի, ազգի եւ եկեղեցու նկատմամբ: 

Ինչպիսի՞ յուշերով էք հեռանում Նոր Ջուղայից եւ որո՞նք են ձեր լաւ եւ վատ յիշողութիւնները՝ այս թեմի հետ կապւած:

 - 12 տարիներ ես այստեղ ապրելով՝ ինձ զգացել եմ իմ հարազատ տան մէջ: Յուշերս շատ մեծ են, քանի որ ծառայել եմ նման պատմական թեմում, որը հարուստ է իր անցեալով, արժէքներով ուսրբութիւններով. եւ այդ բոլորն ինձ հետ տանելու եմ՝ որպէս մնայուն յուշ: Ես ուր էլ գնամ միշտ վկայելու եմ այդ մասին: Ունեմ նաեւ տխուր յուշեր, որոնք են  Արեւմտահայաստանի ուխտագնացութեան եւ Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտները: Այդ երկու դէպքերի ժամանակ դժւար օրեր ապրեց թեմը եւ ես մեր ժողովրդի կողքին լինելով՝ նրանց ցաւակիցը դարձայ այդ ծանր եւ տխուր պահերին: Ճիշտ է չենք մոռացել մեր զոհերին, սակայն կարողացել ենք անցկացնելով այդ ժամանակաշրջանը, հաշտւել իրականութեան հետ: Բայց միեւնոյնն է առաջացած սպին դեռ գոյութիւն ունի: 

Եթէ աւելացնելիք ունէք, խնդրեմ:

- Վերջում ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ`այս հարցազրոյցն անցկացնելու համար, ապա իմ գնահատանքի եւ շնորհակալական խօսքն ուղղել ազգային բոլոր մարմիններին ու ենթամարմիններին, միութիւններին ու ողջ ժողովրդին, որոնց հետ 12 տարիներ շարունակ ապրեցի, աշխատեցի, տխրեցի եւ ուրախացայ. մի խօսքով ձեռք-ձեռքի տւած, մեր միասնական յաղթական երթը շարունակեցինք:

 

Զրոյցը վարեց “Ալիք” օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը