Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն իր առաջնորդութեան շրջանի աւարտին այցելելով Նոր Ջուղայի ազգային հաստատութիւններ ու միութիւններ՝ հրաժեշտ տւեց պատկան մարմինների անդամ-ուհիներին:
Այս շրջագծում հինգշաբթի՝ մայիսի 12-ի առաւօտեան, թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացաւ Նոր Ջուղայի ազգային ծերանոց, որտեղ հրաժեշտի հանդիպում ունեցաւ Ն.Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիների եւ սոյն միութեան հիմնադրած ու ղեկավարութեամբ աշխատող ազգային ծերանոցի աշխատակազմի ու տարեց բնակիչների հետ:
Շաբաթ՝ մայիսի 14-ի երեկոյեան, թեմակալ առաջնորդը նախ այցելեց Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն, ուր հանդիպելով միութեան արտօնատիրոջ, Կենտ. վարչութեան եւ միաւորների վարչութիւնների անդամներին՝ իր հրաժեշտի խօսքն ասաց նրանց: Այնուհետեւ հիւրընկալւելով Հայ Դատի յանձնախմբի կենտրոնում, իր սրտաբուխ մաղթանքները փոխանցեց սոյն յանձնախմբի անդամներին:
Սրբազան Հայրը կիրակի՝ մայիսի 15-ին, նախ այցելեց Ն.Ջ. Հայուհեաց բարեգործական ընկերութեան կենտրոն, որտեղ հանդիպեց սոյն ընկերութեան անդամուհիներին, ապա Փերիոյ կրթ. եւ Հայ ուս. «Չհարմահալ» միութիւնների կենտրոնատեղիում հանդիպում ունեցաւ զոյգ միութիւնների վարչութիւնների հետ:
Հրաժեշտի հանդիպումների շարանը շարունակւեց նաեւ երկուշաբթի՝ մայիսի 16-ի երեկոյեան, որի շրջագծում գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը նախ Ս. Յովհաննու եկեղեցում այցելեց «Շուշանիկ» երգչախմբի եւ Կանանց հոգեւոր լսարանի անդամներին, ինչու չէ նաեւ նրանց պատասխանատու արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանին, ապա նախկին Գիշերօթիկի շէնքում՝ հանդիպեց Ս. Ամենափրկչեան վանքի «Տաթեւ» եւ «Կոմիտաս» երգչախմբերի անդամ-ուհիներին ու խմբավարներին:
Վերոնշեալ բոլոր հանդիպումների ընթացքում Սրբազան Հօրն ընկերակցում էր Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը:
«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)