Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 61-րդ հաշւետու նիստի ընթացքում թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի ներկայացրած հրաժարականի հաստատումից յետոյ, կազմակերպւեցին հրաժեշտի հանդիպումներ Սպահանի նահանգային եւ քաղաքային պետական բարձրաստիճան պատասխանատուների հետ:
Թեմակալ առաջնորդը, ընկերակցութեամբ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետեր պրնյք. Վարուժ Մինասեանի, Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի 2016 թւականի մայիսի 4, 8 եւ 11-ին հերթաբար հանդիպեց Իրանի իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան տնօրէն այաթ. հոջ. դկտ. Առզանիին, Սպահանի եւ Իրանի կենտրոնական ու հարաւային շրջանի բանակի ընդհանուր հրամանատար Ջեհադիին, Սպահանի նահանգապետ դկտ. Զառգառփուռին, Սպահան քաղաքի ընդհանուր եւ 5-րդ շրջանի քաղաքապետեր դկտ. Ջամալինեժադին եւ ճրտ. Ասառզադեգանին, Սպահանի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. այաթ. Թաբաթաբայիին եւ Սպահանի քաղ-խորհրդի տնօրէն ճրտ. Ամինիին:
Հանդիպումների ընթացքում գերշ. Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց պետական պատասխանատուներին անցնող 12 տարիների ընթացքում նրանց տածած ջերմ յարգանքի եւ համագործակցութեան համար: Թեմակալ առաջնորդը շեշտեց, որ ինքը լինելու է Իրանի անպաշտօն դեսպանը՝ ամէն տեղ վկայելու այս երկրում տիրող համակեցութեան եւ համերաշխութեան մթնոլորտի մասին:
Պետական պատասխանատուները տխրութիւն յայտնելով առաջնորդ Սրբազան Հօր մեկնումի առիթով, միաժամանակ նրան յաջողութիւն մաղթեցին՝ իր ապագայի ծառայական կեանքի ու գործունէութեան մէջ, եւ իրենց գոհունակութիւնը յայտնեցին անցնող տարիներում թեմակալ առաջնորդի ջերմ ընդունելութեան եւ բարեացակամ մօտեցումների համար: Նրանք յոյս յայտնեցին, որ պետական կառոյցների հետ գերշ. Սրբազան Հօր զարգացրած փոխ-յարաբերութեան մթնոլորտը նոյն կերպով շարունակւելու է ապագայում եւս: