Հայոց Ցեղասպանութեան 101-ամեակի ոգեկոչման միջոցառումների ծիրում, մայիսի 4-ի երեկոյեան ժամը 7։00-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ, թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ եւ հոծ հաւատացեալների ներկայութեամբ կատարւեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների մասունքով խաչերի օծման արարողութիւնը: Շարականի եւ այլ երգեցողութիւնները կատարեց Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ խմբավար Արմէն Ամիրխանեանի։
Սկզբում հնչեց «Կարգ Բարեխօսական Սրբոց Նահատակացն» աղօթքը, ապա Սրբազան Հօր ձեռամբ սրբալոյս Միւռոնով օծւեցին եկեղեցու դասի կենտրոնում դրւած խաչերը: Սոյն խաչերը ի տես ժողովրդեան ներկայացրին նւիրատուները, ովքեր հոգացել էին դրանց պատրաստման ծախսը: Օծւած խաչերը, որոնց կանտրոնական բաժնում զետեղւած են նահատակ սուրբերի մասունքները, տեղադրւելու են Նոր Ջուղայի եկեղեցիներում:
Օծումից յետոյ գերշ. Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում անդրադառնալով Քրիստոսի բերած լոյսի ու բացած յաղթական ճանապարհի մասին, 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ իր երկիրը, հողը, տունն ու կայքը կորցրած հայ ժողովրդի գոյատեւման երաշխիքը համարեց նոյն այդ Խաչի եւ Խաչեալի ճանապարհով քայլելը, որն առաջնորդում է ո՛չ թէ կործանումի, այլ՝ յաղթական յարութեան։ Առաջնորդ Սրբազան Հայրը օծւած խաչերը սուրբ նահատակների խորհրդանշական ներկայութիւնը համերեց, որոնք զարդարելու են մեր եկեղեցիների խորանները։
Թեմակալ առաջնորդն իր խօսքի աւարտին գնահատանքի խօսք ասաց Արայիկ Թահմազեանին՝ խաչերի պատրաստման համար եւ նւիրատուներին, ապա միասնական «Տէրունական աղօթք»-ով աւարտւեց արարողութիւնը։
«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)