Կիրակի՝ 2016 թւականի ապրիլի 24-ի յետմիջօրէի ժամը 4։30-ին, Ս. Ամենափրկչեան վանք այցելեց Ուրուգւայի փոխ-նախագահ Ռաուլ Ֆեռնանդօ Սենդիկ Ռոդռիգեսը։ Նրան ընկերակցում էր Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Ուրուգւայի լիազօր եւ արտակարգ դեսպանը։
Պատւիրակութեանը դիմաւորեցին Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները։
Փոխնախագահը ծաղկեմատոյց կատարեց Ապրիլեան նահատակների յուշարձանի առջեւ եւ իր յարգանքի տուրքը մատուցեց անմեղ զոհերի յիշատակին։ Նա անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեանը եւ ոգեկոչեց Ապրիլ 24-ի 101-ամեակը։
Հիւրերն այցելեցին Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի» թանգարան։ Թանգարանում, Հայոց Ցեղասպանութեան տաղաւարի առջեւ առաջնորդ Սրբազան Հայրը 100-ամեակի խորհրդանիշ «Անմոռուկ»-ը փոխ-նախագահի կրծքից կախեց եւ հայ ժողովրդի անունից շնորհակալութիւն յայտնեց Ուրուգւայի պետութեանը, որ եղաւ աշխարհում առաջինը, ով 1965 թւականին՝ պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը։
Փոխ-նախագահն իր հերթին Ուրուգւայի դրօշ-կրծքանշան կախեց գերշ. Սրբազան Հօր կրծքին։
Հանդիպման աւարտին, Թեմական Խորհրդի կողմից յուշանւէր յանձնւեց Ուրուգւայի փոխ-նախագահին։