Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, չորեքշաբթի՝ ապրիլի 6-ի երեկոյեան ժամը 8-ին, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան դահլիճում տեղի ունեցաւ «Շանթ» հեռուստաընկերութեան «Ժողովրդական երգիչ» նախագծի շրջագծում 2-րդ կարգը զբաղեցրած Նարեկ Պօղոսեանի համերգը:

Ծրագրին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչներ եւ հանդիսատես:

Սկզբում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ երեկոյի հանդիսավար, Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամուհի՝ Վանա Զոհրաբեանը, ով իր խօսքում անդրադառնալով հայենիքը պաշտպանող զինւորների սխրագործութիւններին, ասաց. «Հաւատա՛նք նրանց, հաւատանք, որ հերթական սադրանքից դուրս են գալու աւելի զօրացած, հաւատանք նրանց ու ի խորոց սրտի մեր աղօթքներն ուղղենք առ Աստւած, որ պահի ու պաշտպանի մեր նայիրեան երկիրը նենգ թշնամիներից ու ահաբեկիչներից:»

Ապա մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց Արցախում զոհւած քաջարի զինւորների յիշատակը, որից յետոյ հանդիսավարուհին ներկաներին ծանօթացնելով Նարեկ Պօղոսեանի կենսագրական գծերին, բեմ հրաւիրեց նրան:

Երգիչն իր ելոյթն սկսեց Արաբոյի երգով ապա ողջոյնի խօսք ասելով ներկաներին, իր սրտի կսկիծն յայտնեց հայրենի Արցախի սահմանում թշնամու վայրագութիւնների մասին՝ յոյս յայտնելով, որ այդ դէպքերի աւարտը հայ ժողովրդի համար լաւ է լինելու եւ խաղաղութիւն է հաստատւելու հայրենիքում: Այնուհետեւ Նարեկը ծրագիրը շարունակեց ժողովրդական, աշուղական ու հայրենասիրական երգերի կատարմամբ ինչպիսին են՝ «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի», «Հարսանեկան կատակ երգ», «Ա՜խ, իմ հայրենիքի ջուրը», «Գետաշէն» եւ այլն, որոնցով առաւել բարձրացրեց հանդիսատեսի խանդավառութիւնը:

Ընթացքում հանդիսավարի միջոցով ժողովրդական երգին ու երգչին անդրադարձով խօսքեր ընթերցւեցին, իսկ «Փարոս»-ի անդամուհի Մեղրի Կարապետեանը ասմունքեց «Զարմանալի հայ» բանաստեղծութիւնը:

Ծրագիրը եզրափակւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր խօսքով, ով նշելով, որ հայրենիքն այսօր դժւարութեան մէջ է եւ բոլորիս մտքի սեւեռակէտն այնտեղ է՝ մեր հերոսների, մեր տղաների, հայոց բանակի ու հայ զինւորի կողքին, իր ուրախութիւնը յայտնեց նման երեկոյի կազմակերպման համար: Ապա բարձր գնահատեց Հայուհեաց Բաերգործական ընկերութեան անդամների կատարած աշխատանքն ու Նարեկ Պօղոսեանի ելոյթը եւ ասաց. «Թող հայ ժողովուրդն իր այս միասնական կեցւածքը, ոչ միայն այսօր, այլեւ յաւիտեան շարունակի, որովհետեւ այդ միասնութեան մէջ է մեր ուժն ամբողջական, մեր ազգի գոյատեւումը եւ յաւիտենական փրկութիւնը»:

Հարկ է նշել, որ Նարեկ Պօղոսեանը ծրագրի ընթացքում իր ձայնասկաւառակների վաճառքից գոյացած բոլոր գումարը նւիրեց Լեռնային Ղարաբաղի իշխանութեանն ու ժողովրդին զօրակցելու համար:

 

«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան