Կիրակի՝ 2016 թւականի ապրիլի 3-ի առաւօտեան, Կրկնազատկին, Սպահանի Հայոց Թեմի եկեղեցիներում սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց։ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցող արարողութեանը նախագահեց Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը։
Յընթացս Ս. Պատարագի յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդ Սրբազան Հայրը։ Նա իր խօսքում նշելց, որ տակաւին զատկական մթնոլորտի մէջ ենք եւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ս. Յարութեան ներշնչանքով ողողւած է մեր առօրեան, նաեւ անդրադարձաւ արցախեան դէպքերին եւ խստիւ դատապարտեց նախայարձակ թշնամուն, ով իր անպատասխանատու կեցւածքով տօնական այս օրերին դառնաղի կացութեան է մատնել մեր հայրենակիցներին։
Գերշ. Սրբազան Հայրն աղօթեց ղարաբաղա-ադրբեջանական ընդհարումների ընթացքում հայրենի հողի պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհած հայ քաջարի զինւորների նաեւ անմեղ ընկած խաղաղ բնակիչների հոգիների խաղաղութեան համար, նրանց հարազատներին Սուրբ Հոգու մխիթարութիւն խնդրեց եւ Հայոց բանակին ուժ ու կորով՝ դիմադրելու չարամէտ ոսոխին։