Մարտի 22-ի երեկոյեան ժամը 5-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Աստւածածին, Ս. Մինաս եւ Ս. Յովհաննու եկեղեցիներում ժամերգութիւն տեղի ունեցաւ՝ Տասը կոյսերի յիշատակի օրւայ առթիւ:
Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը նախագահեց Ս. Մինաս եկեղեցում մատուցւող արարողութեանը, որտեղ իրականացւեց Տասը կոյսերի խորհուրդը նշող յատուկ կարգը՝ Նոյ նահապետի ու Ջրհեղեղի աստւածաշնչական դրւագների, ինչու չէ նաեւ աստւածապաշտութեան ճանապարհին իմաստութեան կարեւորութիւնը շեշտող սուրբ-գրային հատւածների եւ Տասը կոյսերի առակի աւետարանական բաժնի ընթերցմամբ:
Վերջին ընթերցման ժամանակ տասը կոյսերի տիպարով արարողութեանը մասնակցեցին տասը օրիորդներ, որոնք իրենց ձեռքում ունէին կոյսերի լապտերները խորհրդանշող մոմեր: Առակի պատկերաւորումը լրացաւ, երբ փակ թղթերը բաժանւեցին նշւած երիտասարդուհիներին եւ նրանցից հինգը մարեցին իրենց մոմերը:
Արարողութեան աւարտին թեմակալ առաջնորդն իր պատգամը տւեց ներկաներին, որտեղ գնահատեց տասը կոյսերի կերպարները մարմնաւորած օրիորդներին, ապա անդրադառնալով առակի խորհրդին, թելադրեց՝ միշտ պատրաստ ու զգօն լինել Տիրոջ գալստեան նկատմամբ, ապրել աստւածահաճոյ եւ քրիստոնէավայել կեանքով՝ հաշւետւութեան օրը բաց ճակատով ներկայանալու եւ երկնքի արքայութեանն արժանանալու համար: Այնուհետեւ առաջնորդ Սրբազան Հայրը դիմելով տասը երիտասարդուհիներին մաղթեց նրանց, որ առատօրէն ստանան Աստծոյ օրհնութիւնը, Աստծոյ շնորհքով հասակ առնեն եւ իրենց մէջ կերտւի քրիստոնէավայել ու հայավայել նկարագիրը՝ Յիսուս Քրիստոսի հաւատարիմ զինւորները դառնալու համար:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)