Սպահանի հայոց թեմի ժամանակի Թեմական խորհրդի առաջարկով եւ Պատգամաւորական ժողովի որոշմամբ՝ երիտասարդ ընտանիքների բնակարանային դժւարութիւնները լուծելու եւ Ս. Ամենափրկիչ վանքի մօտակայքում բնակւող հայ ընտանիքների թիւը բարձրացնելու նպատակով՝ շուրջ երկու տարի առաջ սկսւեցին բազմաբնակարան մի համալիրի կառուցման ուսումնասիրական աշխատանքները՝ շինութեան վայրը նկատի առնելով վանքի հիւսիսային ճակատին կից 2300 կ.մետրանոց թեմապատկան հողատարածքը: 

Ուսումնասիրական աշխատանքներն աւարտւելուն պէս թեմի ազգային մարմինների հետեւողականութեան շնորհիւ, 26 բնակարանից եւ 6 խանութից բաղկացած համալիրի շինարարական աշխատանքների իրագործման համար ստացւեցին անհրաժեշտ արտօնութիւնները եւ  աշխատանքի մեկնարկը տրւեց ուրբաթ՝ մարտի 18-ի առաւօտեան ժամը 11-ին, հողօրհնէքի արարողութեամբ: 

Արարողութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, թեմի քահանայից եւ դպրաց դասերը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ ճարտարապետ Ասարզադեգանն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնը, ազգային մարմինների անդամներ եւ համայնքի ժողովուրդ: 

Սկզբում նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց դասի օրհնւեց համալիրի տարածքի հողը, ապա Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնելով Պատգամաւորական ժողովին եւ անցեալ ու ներկայ Թեմական խորհուրդներին՝ աշխատանքը նախաձեռնելու, ինչու չէ նաեւ քաղաքապետ Ասարզադեգանին՝ համալիրի կառուցման արտօնութեան ստացման ուղղութեամբ ցուցաբերած համագործակցութեան համար,  հայցեց առ բարձրեալն Աստւած, որ օրհնի մեր թեմի ժողովրդին ու իրանեան հայրենիքը, եւ ուժ ու կորով պարգեւի աշխարհասփիւռ հայութեանը՝ միակամ կեցւածքով իր յաղթական երթը շարունակելու համար: 

Շարունակութեան մէջ պարսկերէնով արտայայտւեց Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, ով խորհրդի եւ հայ համայնքի անունից շնորհակալական խօսք ուղղեց քաղաքապետին՝ նախագծի իրականացման ուղղութեամբ իր ցուցաբերած համագործակցութեան համար, իսկ ճարտարապետ Ասարզադեգանը նշելով, որ հայ համայնքի անդամներն Սպահան քաղաքի 5-րդ շրջանի ամենաօրինակելի քաղաքացիներն են, շնորհաւորեց աշխատանքի մեկնարկի առթիւ եւ յոյս յայտնեց, որ այն կաւարտւի ամենասեղմ ժամկէտում ու ամենաորակեալ ձեւով:    

Այնուհետեւ շինարարական աշխատանքների խորհրդանշական մեկնարկը տրւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր, քաղաքապետի, Թեմական խորհրդի ատենապետի եւ  Պատգամաւորական Ժողովի Դիւանի ատենապետ Վարուժ Մինասեանի միջոցով՝ բրիչի առաջին հարւածներով:

Վերջում ներկաներն առիթ ունեցան ծանօթանալու կառուցւելիք շինութեանը՝ ներկայացւած յատակագծի միջոցով, որի գծագրողն է ճարտարապետ Ռոբերտ Քեշիշեանը:

 

                                                                                          «Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)