Թեմական Խորհրդի նախաձեռնութեամբ, իրանական 1393-1394 եւ 1394-1395 ուսումնական տարեշրջաններում Իրանի պետական համալսարաններում մուտք գործած գերլիսանսի եւ դոկտորայի մակարդակի 9 ուսանողների հետ հանդիպումը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ 2016 թւականի մարտի 15-ին, Ազգային Առաջնորդարանում: Հանդիպմանը ներկայ էին Թեմիս թեմակալ առաջնորդ Գերշ. Տէր Բաբգէն Արք. Չարեանը, Թեմական Խորհրդի անդամները եւ հրաւիրեալ ուսանողները:

Թեմական Խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը ողջունելով ուսանողների ներկայութիւնը եւ շնորհաւորելով նրանց արձանագրած յաջողութիւնը, նշեց. «Ուսանողութիւնը միշտ եղել է Ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում եւ հենց այդ իրողութեան լոյսի ներքոյ է, որ Թեմական Խորհուրդը, թէպէտ ուշացումով, այնուամենայնիւ կազմակերպեց դոկտորայի եւ գերլիսանսի մակարդակ նւաճած համայնքիս ուսանողների գնահատանքի այս հանդիպումը»:

Շարունակութեան մէջ արտայայտւեց Սրբազան հայրը: Թեմակալ առաջնորդն իր ուրախութիւնը յայտնելով ուսանողների ձեռք բերած յաջողութեան համար, յայտնեց. «Ուրախ եմ, որ բոլորդ Ձեր բարձրագոյն ուսումը շարունակում էք Իրանի պետական կարեւոր հաալսարաններում: Այսօրւայ աշխարհը մասնագիտութեան աշխարհ է« ինչքան մասնագիտութիւն ձեռք բերէք Ձեր ընտրած ասպարէզում« այնքան կը յաջողէք Ձեր վաղւայ կեանքում: Ուսումը ինքնանպատակ չէ, այլ զէնք է կեանքում դէպի լաւը առաջնորդւելու եւ առաւել յաջողութիւնների հասնելու համար: Այնպէս սովորէք, որ ապագայում կարողանաք արժեւորել ու իմաստաւորել Ձեր կեանքը եւ օգտակար հանդիսանալ մեր համայնքին ու համայն հայութեանը: Ամրապնդէք Ձեր կամքը. բնականաբար այս ճանապարհին դժւարութիւններ լինելու են, սակայն հզօր կամք ունենալու դէպքում« գագաթնակէտին ու բարձունքին հասնելու միջոցը եւս լինելու է»:

Սրբազան հայրը աւարտելով իր խօսքը յաջողութիւն մաղթեց բոլորին եւ յոյս յայտնեց, որ ուսումնական կեանքում հասնելու են նորանոր նւաճումների:

Ուսանողների անունից շնորհակալութիւն յայտնեց Վերգինէ Միրզախանեանը՝ ազգային իշխանութեան կողմից ուսանողների նկատմամբ ցուցաբերած հոգածութեան համար:

Հանդիպմանը առիթ տրւեց ուսանողներին ներկայացնելու իրենց եւ մտերմիկ զրոյց ունենալու Սրբազան հօր եւ Թեմական խորհրդի անդամների հետ:

Վերջում Թեմական խորհրդի կողմից եւ Սրբազան հօր ձեռամբ նւէրներ յանձնւեցին ուսանողներին եւ տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն:

Ստորեւ ներկայացնում ենք գնահատանքի արժանացած ուսանողների անւանացանկը.

Դոկտորա

Վոլգա Յովսէփեան

 

Գերլիսանս

Հելէն Նալբանդեան

Անի Ղարախանեան

Մեղմիկ Մանուկեան

Անաշիա Մելիքեան

Այգինէ Հայրապետեան

Սարինէ Յակոբեան

Վերգինէ Միրզախանեան

Նարբէյ Մարկոսեան