«Մասիս» մարմնամարզութեան ակումբի տնօրինութիւնից տեղեկացել ենք, որ սոյն կենտրոնի երեք հայ մարզիկները մասնակցելով մարմնամարզութեան (բադիբիլդինգ) եւ բազկամարտի (مچ اندازی) Սպահան նահանգի ու երկրի առաջնութիւնների մրցոյթներին՝ արձանագրել են փայլուն յաջողութիւններ:
Յունւարի 28 եւ 29–ին, մարմնամարզութիւն մարզաձեւի Սպահան նահանգի առաջնութեան մրցոյթի վետերանական (վաստակաւորներ) բաժնի 90 կ.գ. քաշային կարգում Նորւիկ Օհանեանը, իսկ մեծահասակների 65 կ.գ. քաշային կարգում Էդւիկ Մարկոսեանը յաջողել են զբաղեցնել առաջին պատւաւոր տեղը եւ նւաճել պատկան բաժինների չեմպիոնական կոչումը:
«Մասիս» մարմնամարզութեան ակումբը՝ Նորւիկ Օհանեանի տնօրինութեամբ, թիմային դասակարգման արդիւնքում նոյնպէս պատւաւոր տեղ է նւաճել վետերանական բաժնում՝ հանդիսանալով առաջին, իսկ մեծահասակների կարգում՝ երրորդ:
Յիշեալ մարզիկներն այս ձեռքբերումից յետոյ, մաս կազմելով Սպահան նահանգի մարմնամարզութեան հաւաքականին, փետրւարի 12 եւ 13-ին մասնակցել են Սառի քաղաքում կայացած երկրի առաջնութեանը, որի արդիւնքում Նորւիկը գրաւել է վետերանական բաժնի 90 կ.գ. քաշային կարգի վեցերորդ, իսկ Էդւիկը՝ մեծահասակների 65 կ.գ. քաշային կարգի չորրորդ տեղը: Սպահան նահանգի հաւաքականը թիմային կարգում հանդիսացել է երրորդ:
Բազկամարտի +110 կ.գ. քաշային կարգի մարզիկ Օշին Տէր-Գրիգորեանը, փետրւարի 4 եւ 5-ին, մասնակցելով Սպահան նահանգի առաջնութեան մրցաշարին, ձախ ձեռքի մրցոյթում յաջողել է զբաղեցնել երկրորդ, իսկ աջ ձեռքինը՝ երրորդ տեղը:
Յաջողութիւն ենք մաղթում «Մասիս» մարմնամարզութեան ակումբի հայ մարզիկներին եւ ցանկանում նորանոր նւաճումներ:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)