Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկ սաներին ազգային եւ հոգեւոր արժէքներին ու տօներին ծանօթացնելու, ինչու չէ նաեւ նրանց համար գեղեցիկ եւ անակնկալներով լի մթնոլորտ ապահովելու համար՝ դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու Ծնողական խորհուրդը, ուսումնական տարեշրջանի ընթացքում նախաձեռնում եւ կազմակերպում են բազմաթիւ ձեռնարկներ ու միջոցառումներ:
Ստորեւ ներկայացնում ենք փետրւար ամսւայ ընթացքում իրականացւած միջոցառումները:
Հայ ազգի պատմութեան պանծալի դրւագներից՝ Վարդանանց պատերազմի եւ Վարդան զօրավարի սխրագոծունթիւնների մասին երեխաներին բացատրւեց չորեքշաբթի, փետրւարի 3-ի առաւօտեան՝ Ծնողական խորհրդի նախագահ Սոնիա Դիլանչեանի միջոցով, ով դիւրըմբռնելի ձեւով նկարագրեց իրադարձութիւնը եւ հայ ժողովրդի անսասան հաւատը: Այնուհետեւ պատմութեանն ուշի-ուշով հետեւող աշակերտներին անակնկալի բերեց զինազգեստներ կրող Վարդան զօրավարը, ով փոքրիկներին յորդորեց՝ լինել ազգասէր եւ հայրենասէր: Ծրագրի աւարտին երեխաները կատարեցին հայրենասիրական երգեր ու արտասանութիւններ եւ ստացան Վարդան զօրավարի պատկերով փազելներ:
Բարեկենդան տօնը խանդավառ մթնոլորտի ներքոյ նշւեց կիրակի, փետրւարի 7-ի առաւօտեան: Օրն սկսւեց դպրոցի պատասխանատուների ջերմեռանդ աշխատանքով, քանի որ սեղմ ժամանակի ընթացքում բոլոր աշակերտները պէտք է դիմայարդարւէին եւ առանձնաբար լուսանկարւէին՝ ադիբուդիի (պոպկորն) կերպարով: Ծնողական խորհրդի շաբաթներ կատարած աշխատանքի շնորհիւ բոլորի համար պատրաստւել էին կերպարին համապատասխան գլխարկներ: Լուսանկարւելուց յետոյ, տօնը շարունակւեց ծաղրածուի ներկայութեամբ, ով ջանք չխնայեց մանուկներին ուրախացնելու համար, ինչն ակնյայտ էր նրանց շուրթերից չհեռացող ժպիտից ու աչքերում առաջացած հրճւանքի փայլից: Վերջում աշակերտներին բաժանւեցին ադիբուդիի կապոցներ:
Շաբաթ, փետրւարի 13-ի առաւօտեան, մանկապարտէզ-նախակրթարան ներկայացան արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը եւ բրշն. Ջանիկ սրկ. Ղազարեանը, որտեղ բակում բոլորւած սաների ու ուսուցիչների ներկայութեամբ նշւեց Տեառնընդառաջի նախատօնակը՝ տօնի խորհրդի բացատրութեամբ եւ շարականների կատարմամբ: Այնուհետեւ ներկաների միջոցով հնչեց «Տէրունական աղօթք»-ը եւ քիչ անց ամենակրտսեր խմբակի ներկայացուցիչների միջոցով բոցավառւեց գունաւոր թղթերով զարդարւած աւանդական թուփը, իսկ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները շրջելով խարոյկի շուրջ, կատարեցին մանկական եւ հայրենասիրական գեղեցիկ երգեր: Միջոցառման աւարտին բոլորը հիւրասիրւեցին համեղ հրուշակով եւ մանուկներն ուսուցչուհիների օգնութեամբ թռան խարոյկի վրայից:
Այբբենարան մաս առաջին գրքի դասաւանդումն աւարտւելուն պէս մայրերի եւ աշակերտների մասնակցութեամբ չորեքշաբթի, փետրւարի 17-ի առաւօտեան իրականացւեց գողտրիկ միջոցառում: Ծրագիրը յագեցած էր երգերի կատարմամբ եւ զւարճալի մրցոյթներով: Աշակերտներն ութը չորս հոգանոց խմբերի բաժանւելով մրցեցին միմեանց հետ եւ պատասխանեցին նախատեսւած հարցերին՝ ընդհանուր գիտելիքների եւ սովորած հնչիւնների շրջագծում, ապա աւազով պատրաստեցին ձեռքի աշխատանքներ, որտեղ պատկերւած էին իւրացրած ձայնաւոր եւ բաղաձայն տառերը:
Չորեքշաբթի, փետրւարի 24–ին, աշակերտների համար բեմականացւեց հայ գրականութեան գոհարներից մէկը՝ Յովհաննէս Թումանեանի «Ծիտը», դպրոցի Ծնողական խորհրդի անդամուհիների կատարմամբ: Դերակատարները մեծ ջանք էին գործադրել սոյն հեքիաթի ներկայացումը մանուկների համար առաւել տպաւորիչ դարձնելու ուղղութեամբ:
Շաբաթական զրոյցի թեմաները մանկապարտէզի Դեղին խմբակի սաների համար դիւրընկալելի դարձնելու նպատակով դպրոցի պատասխանատուները պարբերաբար կազմակերպում են զանազան այցելութիւններ, եւ այս անգամ երկուշաբթի՝ փետրւարի 29-ի առաւօտեան, պատկան շաբաթւայ թեմայի՝ «Գիրք եւ գրադարան»-ի կապակցութեամբ, խմբակի սաներն այցելեցին Ս. Ամենափրկիչ վանք: Այցելութիւնը մեծ տպաւորութիւն գործեց փոքրիկների մօտ, քանի որ սկզբում նրանք վանքի տպարանում դիտեցին պատկան սարքերն ու գիրք տպագրելու գործընթացը, ապա «Ներսէս Շնորհալի» գրադարանում գարդարանավարուհի Վերգինէ Միրզախանեանի բացատրութեամբ ծանօթացան գրադարանի կաննոներին ու մանկական բաժնի հնարաւորութիւններին: Վերջում գրադարանավարուհին իւրաքանչիւր աշակերտին յանձնեց գրադարանի անդամակցութեան քարտը: Ս. Ա. վանք կատարած այցելութեան նախավերջին հանգրւանը եղաւ «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցին, որից յետոյ աշակերտները բարձրացան «Ծաղեայ դահլիճ», ուր հանդիպեցին թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանին, հաճելի զրոյց ունեցան նրա հետ եւ ստացան Սրբազան Հօր հայրական օրհնանքը: