Կիրակի, փետրւարի 21-ի երեկոյեան, Իրանի Իսլ. Խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ժորժիկ Աբրահամեանի Նոր Ջուղայի շտաբում կայացան երկու նախընտրական հանդիպումներ:
Պատգամաւորութեան թեկնածուն սկզբում հանդիպեց Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցների տեսչութիւններին, ուսուցչական կազմերին ու ծնողական խորհուրդներին, որտեղ անդրադառնալով հայոց դպրոցների պահպանման դժւարութիւններին, դրւատանքով արտայայտւեց զոյգ համայնքների հայոց դպրոցների կրթական մակարդակի, հնարաւորութիւնների եւ աշխատակազմի մասին: Այնուհետեւ հանդիպման շարունակութեան մէջ ներկաներին առիթ տրւեց արտայայտելու իրենց տեսակէտները, դժւարութիւններն ու առաջարկները, իսկ Ժորժիկ Աբրահամեանը պատասխանեց նրանց յուզող հարցերին:
Թեկնածուն իր երկրորդ հանդիպումն ունեցաւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի միութիւնների վարչութիւնների եւ ենթամարմինների անդամների հետ, ուր կարեւորեց մարզա-մշակութային միութիւնների դերը՝ որպէս ընտանիքներում ու դպրոցներում տրւող կրթութեան եւ դաստիարակութեան լրացնող եւ համայնքի անդամներին որակապէս կրթող օղակ: Ինչպէս նախորդ հանդիպումը, երեկոն ընթացաւ փոխադարձ զրոյցով, թեկնածուն ունկնդրեց միութենականների մտահոգութիւններն ու առաջարկները՝ իր ապագայ ծրագրում ներառելու համար եւ պատասխանեց հարցերին:
Յատկանշական է, որ զոյգ հանդիպումների հաղորդավարութիւնը կատարեց Արթին Մուրադեանը, ով ամփոփ կերպով ներկայացրեց Ժորժիկ Աբրահամեանի կենսագրական գծերը, 6-րդ շրջանի խորհրդարանում ծաւալած նրա կարեւորագոյն գործունէութիւնը եւ ապագայ ծրագիրը:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)