Շաբաթ՝ 2016 թւականի փետրւարի 13-ի միջօրէին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ  տօնւեց  Տեառնընդառաջը:

Աշակերտ-ուհիների համար, Տեառնընդառաջի խորհուրդը հանգամանօրէն բացատրեցին ուսուցիչներ Վարդուհի Պօղոսեանը եւ Քարմէն Մատթէոսեանը, որից յետոյ աշակերտները հաւաքւեցին նախապէս պատրաստւած հրավառութեան թուփի շուրջ, որը բոցավառւեց բարշ.  Ռազմիկ սրկ. Գալստանեանի ձեռամբ:

Այնուհետեւ  աշակերտները հաճելի պահեր վայելեցին կրակի շուրջ՝  ցատկելով նաեւ կրակի վրայից: Ծնողական խորհուրդը բոլոր ներկաներին հիւրասիրեց պատրաստած հրուշակով եւ աղանձով:

Նոյն օրը՝ երեկոյեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակ եւ աւանդական հրավառութիւն՝ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ։ Արարողութեանը ներկայ էին արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, սարկաւագաց դասը, համայնքի «Նարեկ» երգչախումբը, Հայ Համայնքի Վարչութեան անդամները եւ հաւատացեալներ:

Եկեղեցական արարողութեան ընթացքում կատարւեց նորածինների տաճար ընծայման խորհրդաւոր կարգը:

Եկեղեցական արարողութեան աւարտին, հոգշ. Հայր Սուրբը բացատրեց Տեառնընդառաջի խորհուրդը եւ նրա հետ կապւած ժողովրդական ծիսական մի քանի սովորոյթներ: Նա իր քարոզի աւարտին շնորհաւորելով Տեառնընդառաջը՝ օրհնեց նորածիններին ու բարեմաղթեց նորապսակներին սէր, փոխ-յարգանք, ամուր ընտանիք եւ քաջառողջութիւն:

Նախատօնակի արարողութիւնից յետոյ, հոգշ. Հայր Սուրբի աղօթքով եւ նորապսակ զոյգերի միջոցով բոցավառւեց դպրոցի բակում տեղադրւած հսկայ թուփը, որին յաջորդեց տօնական տրամադրութիւնը կրակի շուրջ:

Այնուհետեւ նորապսակ զոյգերը եւ նորածիններն իրենց ծնողների հետ մեկնեցին Նոր Ջուղա՝ մասնակցելու նորապսակների եւ նորածինների պատւին կազմակերպւած  հիւրասիրութեանը:

 
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝
Վ. Յարութիւնեան