Չորեքշաբթի` 2016 թւականի փետրւարի 10-ի երեկոյեան ժամը 7:30-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի դպրոցի սրահում նշւեց «Սրբոց Վարդանանց» տօնը, որին ներկայ էին համայնքի հոգեւոր տեսուչ՝ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհուրդը, Համայնքի Վարչութիւնը եւ մի շարք հրաւիրեալներ ու ծնողներ:
Բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ ուսուցչուհի Վիոլետ Յարութիւնեանը, որn անդրադառնալով Սրբոց Վարդանանց հերոսամարտին, այն բնութագրեց որպէս հայ ժողովրդի յաջորդ հերոսապատումների ուղենիշը: Նա Իր խօսքում նշեց. «Վարդանանց Ճակատամարտի յաղթանակի բաղադրութիւնը ամփոփւում է հիմնական երեք կէտի մէջ: Նախ այն իսկական մի օրինակ է պայքարի, ուր մի հաւատացեալ ազգ իր փոքրաթիւ զօրքով յաղթական դուրս եկաւ՝ իրենից աւելի հզօր ու կազմակերպւած բանակի դէմ: Այս ոգուն հայոց պատմութեան մէջ հանդիպում ենք տարբեր ժամանակաշրջաններում՝ անցնելով Մուսա Լեռից հասնելով Արցախեան պայքար: Ապա այս շարժումը կարելի է որակել իբրեւ եկեղեցու ու բանակի միաձուլման իւրայատուկ հանգրւան, ուր ազգ ու եկեղեցի նոյն խրամատի մէջ ամփոփւած պայքարեցին ընդդէմ հզօր թշնամուն: Եւ վերջապէս, Վարդանաք՝ իրենց նահատակութեամբ մեր ժողովրդին կտակեցին հաւատքի, անձնազոհութեան, քաջութեան եւ միասնակամութեան արժէքները, որոնք մինչ այսօր մեր ուսերին կրած գոյատեւում ենք»։
Ուսուցչական խօսքին յաջորդեց դպրոցի տարրական բաժնի աշակերտ-ուհիների գեղարւեստական ձեռնարկը, որը պարունակում էր ազգային-հայրենասիրական երգեր ու ասմունքներ՝ երաժիշտ-երգուսոյց պրն. Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ: Ծրագրի առաջին բաժինը յաջողութեամբ աւարտւելուց յետոյ, բեմը տրամադրւեց Դերենիկ Դեմիրճեանի «Վարդանանք» վէպից մի հատւածի բեմադրութեանը, որի ընթացքում իրենց դերերում հանդէս եկան «Մասիս» միջնակարգ դպրոցի մի շարք աշակերտ-ուհիներ:
Օրւայ ձեռնարկը եզրափակեց հոգշ. Հայր Սուրբի պատգամը, որով Հայր Սուրբը նախ անդրադառնալով Սրբոց Վարդանանց ճակատամարտին՝ իր ուրախութիւնը յայտնեց այսպիսի որակեալ դպրոցական հանդէս կազմակերպւելու կապակցութեամբ: Նա բարձր գնահատեց աշակերտ-ուհիների դերակատարութիւնը սոյն հանդէսում, որոնք ամենայն պատասխանատւութեամբ մասնակցեցին ձեռնարկին: Այնուհետեւ իր դրւատանքի խօսքն ուղղեց դպրոցի պատասխանատուներին, Ծնողական խորհրդին եւ ծնողներին, որոնք հայաբար ու հայավայել դաստիարակում են հայ աշակերտին՝ սերմանելով նրա մէջ հայրենասիրութեան, ազգասիրութեան եւ քաջ նախնիներին գնահատելու եւ ընդօրինակելու ոգին:
Հայր Սուրբն իր խօսքում ընդգծեց նաեւ Թեմիս Կրթական Խորհրդի եւ Համայնքի Վարչութեան դրական դերը, որոնք ամենայն յանձնառութեամբ հոգ են տանում հայոց դպրոցի բարգաւաճման եւ վերելքի մասին:
Օրւայ ձեռնարկի իրագործմանը համագործակցեցին արժն. Տ. Սահակ. քհնյ. Մինասեանը, երաժիշտ-երգուսոյց Նարբէյ Գրիգորեանը, ձայնի պատասխանատու Լէօ Շիրւանեանը եւ Հայ Համայնքի Վարչութիւնը, որոնք արժանացան շնորհակալական խօսքի, իսկ Ծնողական խորհուրդը Տէր Հայրի ցուցաբերած համագործակցութեանը իր երախտիքը յայտնեց՝ մի ծաղկեփունջ նւիրելով նրան:
Հարկ է նշել, որ ծնողների միջոցով կատարւեց սրտաբուխ նւիրատւութիւն՝ դպրոցի Ծնողական խորհրդին:
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝
Վ. Յարութիւնեան