Երեքշաբթի՝ 2016 թւականի փետրւարի 2-ին, սրբոց Ղեւոնդեանց տօնին, որը միաժամանակ քահանայութեան եւ քահանաների տօնն է, սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, որին նախագաեց Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը: Ս. Պատարագը մատուցւեց Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ: Երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Ներկայ էին Սպահանի Հայոց Թեմի բոլոր քահանայ հայերը, ովքեր զգեստաւորւած հետեւում էին արարողութեանը, սպասարկում էր դպրաց դասը, եւ աղօթակից էր հաւատացեալների բազմութիւնը:
Քարոզի պահին, հոգշ. Հայր Սուրբը բնաբան ունենալով՝ «Ով որ մարդկանց առաջ դաւանի, թէ հետեւում է Ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դաւանի իբրեւ Իրեն հետեւորդի՝ Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ Ինձ ուրանայ մարդկանց առաջ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի ուրանայ Աստծու հրեշտակների առաջ» (Ղկ 12.8-9) աւետարանական հատւածը, շեշտեց, որ իւրաքանչիւր քրիստոնեայի հպարտութիւնն ու պարծանքը պէտք է լինի դաւանել եւ վկայել քրիստոնէական սուրբ հաւատը, ինչի համար քաջութեամբ ապրեցին, գործեցին եւ անգամ մահը յանձն առան սուրբ Ղեւոնդեանք, ովքեր իրենց կեանքը նւիրաբերեցին հաւատի եւ հայրենիքի համար:
Հոգշ. Հայր Սուրբը շնորհաւորելով թեմակալ առաջնորդին եւ թեմի քահանաներին իրենց տօնի առիթով, իր խօսքը շարունակեց՝ ասելով, որ հոգեւորականը զօրաւոր է եւ յաջողակ իր ծառայական կեանքում, երբ իր հետ ունի իր ժողովրդի աջակցութիւնը, սէրն ու համակրանքը:
Ս. Պատարագի աւարտին Հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց Թեմում ծառայած ննջեցեալ քահանայ հայրերի հոգիների խաղաղութեան համար:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, ներկայ հաւատացեալները Ս. Խորանի առջեւ կանգնած հոգեւորականաց դասին մօտենալով, իրենց շնորհաւորանքն ու բարեմաղթանքները փոխանցեցին նրանց:
Եկեղեցու բակում, Նոր Ջուղայի Հայոց եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ գեղարւեստական կոկիկ յայտագիր, որի ընթացքում ընթերցւեց Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» գրքից աղօթք, երգեր ձօնւեցին հոգեւորականներին, խօսք ասւեց Եկեղեցեաց վարչութեան կողմից եւ հոգեւորականաց դասի անունից շնորհակալութիւն յայտնեց արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը:
Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորական եւ շնորհակալական խօսքերով եզրափակեց հանդիսութիւնը՝ շեշտելով, որ հայ հոգեւորականութիւնը միշտ եղէլ է իր ժողովրդի կողքին իբրեւ բարի եւ քաջ հովիւներ: Թեմակալ առաջնորդը անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից 2016 թւականը «Ծառայութեան տարի» հռչակելուն, յիշեցրեց, որ ծառայութիւնը եկեղեցուն եւ նրա ճանապարհով՝ հայ ժողովրդին եղել է հայ հոգեւորականի ուղին եւ կեանքի հրամայականը:
Հիւրասիրութեան աւարտին, առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ յուշանւէրներ յանձնւեցին Թեմի բոլոր հոգեւորականներին, արարողութեանը մասնակցած սարկաւագներին եւ տկն. Քլար Ղեւոնդեանին, որը սրտաբուխ նւիրատւութիւն էր՝ կատարւած տկն. Տիգրանուհի Օրօջեանի կողմից:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)