Տարիներ է, ինչ Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ուսուցչական կազմի ու Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան համագործակցութեամբ դրւատանքի արժանի մի աւանդոյթ է ձեւաւորւել, որի համաձայն մանկապարտէզի սաներն այցելում են Սպահանի հայոց թեմի միակ ծերանոց՝ մասնակցելու սոյն հանգստեան տան բնակիչների համար կազմակերպւած Ամանորեայ միջոցառմանը եւ իրենց ջերմագին մաղթանքներն ու շնորհաւորանքները փոխանցելու այնտեղում բնակւող տարեցներին: Միջոցառումը կազմակերպւում է ծերանոցի հիմնադիր եւ կառավարող հաստատութեան՝ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան միջոցով՝ նպատակ ունենալով տօնական օրերին, տեղի բնակիչների համար ստեղծել ջերմ եւ խանդավառ մթնոլորտ ու անմոռանալի պահեր: Անկասկած երեկոն յիշարժան չի լինի, եթէ ներկայ չգտնւեն փոքրիկ սաները, ովքեր ոչ միայն բաւարարութիւն եւ հրճւանք են պատճառում ծերանոցի բնակիչներին, այլեւ իրենց գեղեցիկ կատարումներով ու քաղցր խօսքերով տօնն աւելի գունագեղ են դարձնում այս սիրալիր էակների համար:
Ամենամեայ այս տօնախմբութիւնն այս տարի տեղի ունեցաւ կիրակի, յունւարի 3-ի երեկոյեան ժամը 4-ին: Սկզբում մանկապարտէզի Դեղին խմբակի չորս տարեկան աշակերտներին ու դպրոցի պատասխանատուներին լայն ժպիտներով դիմաւորեցին Կանանց Գթութեան միութեան անդամուհիները: Այնուհետեւ բոլորը համախմբւեցին ծերանոցի սրահում, ուր աւելի ուշ իրենց միացան Ձմեռ պապն ու Ձիւանունշը:
Ծրագրում տեղ էին գտել սաների հիասքանչ կատարումները՝ ամանորեայ թեմաներով երգերի ու արտասանութիւնների, իսկ ընթացքում հնչեցին հայկական երգեր, որոնց ներքոյ շուրջպար բռնեցին աշակերտները, Ձմեռ պապը, Ձիւնանուշը եւ միւս ներկաները: Երեխաների մօտ յատկապէս մեծ տպաւորութիւն գործեց Ձմեռ պապիկի հետ մօտիկից շփւելը եւ նրա հետ մտերմիկ ու անկեղծ զրոյցներ ունենալը:
Շարունակութեան մէջ ջերմ խօսքերով հանդէս եկաւ հիւրընկալ միութեան վարչութեան նախագահ Արմինէ Սիմոնեանը, ով բարի գալստեան խօսք ասաց հիւրերին, շնորհաւորեց Ամանորը եւ իր խորին շնորհակալութիւններն յայտնեց դպրոցի պատասխանատուներին սաների այցելութիւնը կազմակերպելու համար: Նա անդրադառնալով այն հանգամանքին, որ 2016 թւականը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից հռչակւել է Ծառայութեան տարի, մաղթեց բոլորին՝ առաւել ջերմեռանդութեամբ ծառայել հայ ազգին ու հայրենիքին: Յաջորդիւ արտայայտւեց Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանի տեսչուհի Քառոլին Դիլանչեանը, ով իր ուրախութիւնը յայտնեց Նոր տարւայ առթիւ ծերանոցի յարկի ներքոյ տարբեր սերունդների համախմբման եւ յատկապէս փոքրերի աշխուժութեան եւ կենսուրախութեան ու տարեցների խոհեմութեան եւ իմաստութեան շնորհիւ ստեղծւած գեղեցիկ համադրութեան համար, ծերանոց կատարւող այցելութիւնները դպրոցի պատասխանատուների եւ աշակերտութեան պարտքը համարելով, ասաց, որ նման ծրագրերի շնորհիւ ոչ միայն մեր ուշադրութիւնն ու յարգանքն ենք ցուցաբերում տարեցներին, այլեւ աշակերտները սովորում են տարեցների նկատմամբ ունենալ խնամքով ու գուրգուրանքով վերաբերմունք:
Այնուհետեւ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որից յետոյ փոքրիկներն իրենց ձեռքով դպրոցի Ծնողական խորհրդի պատրաստած նւէրները յանձնեցին տարեցներին, իսկ ծերանոցի բնակիչներն ու սաները Ձմեռ պապիկից ստացան Կանանց Գթութեան միութեան միջոցով պատրաստւած նւէրները: