Նախաձեռնութեամբ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, եւ հովանաւորութեամբ միութեան Կենտրոնական վարչութեան, հինգշաբթի՝ յունւարի 30-ի երեկոյեան, Հայաստանից ժամանած «Միհր» թատերախումբը «Կոմիտասի 10 պատւիրաններ» եւ «Գոյներ» ներկայացումներով հանդէս եկաւ միութեան սրահում:
«Կոմիտասի 10 պատւիրաններ» բեմադրութիւնը իւրայատուկ ոճով ու նոր մեկնաբանութեամբ անդրադառնում է Կոմիտաս վարդապետի կեանքի այն հատւածին, երբ նա ձեռնադրւում է որպէս հոգեւորական, հաւաքագրում ու ուսումնասիրում է հայկական ժողովրդական երգ-երաժշտութիւնն ու այն զտելով մաքուր ու որակեալ ձեւով մշակում եւ որպէս հայկական արւեստ ներկայացնում է համաշխարհային բեմերում, ապա կենտրոնանում է Ապրիլեան եղեռնի օրերին նրա ստեղծագործութիւնների ոչնչացմանն ու որպէս ցեղասպանութեան ականատես նրա ապրած վշտին ու տառապանքներին, սակայն ներկայացումն ունենում է դրական աւարտ՝ սփռելով Կոմիտաս վարդապետի ձայնը, որը խորհրդանշում է, որ թէեւ այսօր չկայ Կոմիտասը, սակայն նա յաւերժ ապրելու է մեր սրտերում, քանի դեռ կայ հայ ժողովուրդը:
«Գոյներ»ն եւս ներկայացւեց հեղինակային ուղղւածութիւն ունեցող ոճում, որ ըստ թատրոնի գեղարւեստական ղեկավարի՝ ներկայացման գաղափարը գործողութիւն-նկարչութիւնն է (action painting), որի հիմնադիրներից մէկը աշխարհում «Միհր»-ն է: «Գոյներ» ներկայացումը շօշափում է սիրոյ, տառապանքի, սարսափի եւ ատելութեան թեմաներն ու չորս գոյների լեզւով բացայայտում է մարդկային անհատականութիւնը:
Նշելի է, որ ներկայացումից բացի, յունւարի 28-ին տեղի ունեցաւ փորձնական հանդիպում՝ Մշակութային միաւորի «Շանթ» թատերախմբի, «Կռունկ» ասմունքի ու պարի համոյթի անձնակազմերի ու պատասխանատուների, իսկ յունւարի 29-ին՝ պարախմբի անդամ-ուհիների հետ:
Յիշեցնենք, որ «Միհր» թատերախումբը Իրան էր ժամանել մասնակցելու յունւարի 18-ից 31-ը Թեհրանում կայացած «Ֆաջր» միջազգային 32-րդ թատերական փառատօնին: