2016 թւականի յունւարի 1-ի առաջին պահերին՝ առաւօտեան ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկչեան Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում եւ Ս. Ամենափրկչեան վանքի բակում, աննախադէպ բազմութեամբ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հաւատաւոր հայորդիներ իրար շուրջ էին հաւաքւել, աղօթք բարձրացնելու առ Աստւած՝ գոհութիւն յայտնելու անցնող տարւայ ընթացքում շնորհած բարիքների համար եւ խնդրելու՝ որպէսզի գալիք Նոր Տարին դառնայ ցանկալի եւ աստւածահաճոյ:

Գոհաբանական աղօթքը նախագահում էր Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ներկայ էին գերշ. Տ. Վարուժան արք. Հերկէլեանը, Շահինշահրի հոգեւոր հայր հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, հոգշ. Տ. Արտակ վրդ. Արաբեանը, հոգեւորականաց եւ դպրաց դասերը:

Գոհաբանական մաղթանքի աւարտին, թեմակալ առաջնորդը կարճ շնորհաւորանքի խօսքից յետոյ հրաւիրեց գերշ. Տ. Վարուժան արք. Հերկէլեանին՝ ներկայ հաւատացեալներին իր պատգամը փոխանցելու: Գերշ. Սրբազան Հայրն անդրադառնալով իրարայաջորդ տարիների արագ եւ սրընթաց անցմանը, շեշտեց, որ մարդ իր կեանքի կարճ տարիներին պէտք է օգտագործի ժամանակը՝ լաւագոյն գործերով եւ առաքինութեամբ զարդարելու այն եւ իր շուրջ տարածելով քրիստոնէական սէր ու յարգանք՝ կեանքը դարձնի բեղուն ու քաղցր:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Ս. Ամենափրկչեան վանքի բակում տեղի ունեցաւ հրավառութիւն եւ հիւրասիրւեցին բոլոր ներկաները: Ամանորեայ երգ-երաժշտութեան ներքոյ գեղեցիկ եւ յիշարժան պահեր ապրեցին բոլորը: Ծրագիրը կազմակերպել էր Սպահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհուրդը:

***

Յունւարի 1-ի առաւօտեան ժամը 11:00-ին, մեծահանդէս թափօրով Ս. Ա. Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցի մուտք գործեց պատարագիչ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը՝ սուրբ եւ անմահ Պատարագ մատուցելու Ս. Խորանի վրայ: Պատարագիչ Սրբազան Հօրն սպասարկում էին արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Ս. Խորանի վրայից սարկաւագի բաժինն երգեց հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, իսկ Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Ս. Պատարագին ներկայ էին գերշ. Տ. Վարուժան արք. Հերկէլեանը, հոգեւորականաց եւ դպրաց դասերը: Ինչպէս միշտ, եկեղեցին եւ վանքի բակն առլեցուն էր հաւատացեալ հայորդիներով:

Գերշ. Սրբազան Հայրը Պատարագի ընթացքում Ամանորեայ իր պատգամը փոխանցեց ներկայ բազմութեանը՝ բնաբան ունենալով փիլիպեցիներին գրած Պօղոս առաքեալի նամակից (3.13) աւետարանական հատւածը, որտեղ առաքեալն ասում է. «Աշխատում եմ անցեալը մոռանալ ու նայել գալիքին»: Պատարագիչ Սրբազան Հայրը իր խօսքը փոխանցեց կենտրոնանալով չորս սկզբունքների վրայ՝ ա) մոռանալ մեր անյաջողութիւնները եւ լինել ներողամիտ, բ) հրաժարւել ոխակալութիւնից, գ) վերականգնել մեր յարաբերութիւնները եւ դ) յետ կենալ օրինազանցութիւններից: Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն իր խօսքի վերջաւորութեանը աղօթեց հիւանդների եւ կարօտեալների համար, աղօթեց նաեւ այս աշխարհից չարիքների եւ անմարդկային արարքների վերացման, աստւածային սիրոյ, փոխադարձ յարգանքի եւ հանդուրժողականութեան տարածման ու հաստատման համար:

Ներկայ հաւատացեալները արարողութեան ընթացքում ստացան տարւայ առաջին Ս. Հաղորդութիւնը:

Ս. Պատարագից յետոյ, ազգային իշխանութիւնը եւ ժողովուրդը ներկայացան առաջնորդ Սրբազան Հօրը եւ իրենց շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեցին նրան: Ընթացքում արտայայտւեց Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ պրն Վրէժ Տէր-Մարտիրոսեանը՝ խօսելով 2015 թւականի մեր Թեմի ձեռքբերումների մասին եւ նշեց, որ 2016 թւականի համար ազգային իշխանութիւնը ծրագրել է մեծ աշխատանքներ իրականացնել՝ ի շահ թեմի զաւակների բարօրութեանը: