Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան հիմնադրման եւ գործունէութեան 60-ամեակի նշման ձեռնարկների շրջանակում, հինգշաբթի՝ դեկտեմբերի 3-ի երեկոյեան նոյն միութեան բեմում տարեկան ձեռնարկով հանդէս եկաւ միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթը, ղեկավարութեամբ պարուսոյց Յակոբ Մարգարեանի եւ ասմունքի խմբի պատասխանատու Ռիմա Սիմոնեանի, համագործակցութեամբ պարի փորձավար Քրիստինէ Յակոբեանի:

Ներկաներին ողջունեց միութեան Մշակութային միաւորի վարչութեան նախագահ՝ Քարմէն Ղեւեանը, ով հակիրճ տողերով անդրադարձաւ երկրում եւ արտերկրում խմբի իրականացրած համերգներին, որոնք արժանացել են հանդիսատեսի բուռն գնահատանքին: Ապա բեմը տրամադրւեց «Կռունկ»-ին: Խումբը երեք տարիքային խմբերով հանդէս եկաւ 15 պարային համարներով, որոնց մեկնարկը «Զարթօնք» պարն էր, որին յաջորդեցին «Գողթանի», «Հանինօ», «Կարապներ», «Շատախի», «Շիրակի», «Սեւանի», «Յունական», «Տօնական» եւ այլ պարերը: Ծրագրի ընթացքում ասմունքի խմբի անդամուհիներ՝ Թալին Մովսիսեանը եւ Լալագէ Իսաղուլեանը ասմունքեցին Սայեաթ Նովայի «Ես քու ղիմէթը չեմ գիտի» եւ Վահան Տէրեանի «Կարուսել» ստեղծագործութիւններից հատւածներ, որոնց շարունակութիւնը հանդիսացաւ Վանա Շիրւանեանի կատարմամբ, նոյն ստեղծագործութիւնների հիման վրայ ստեղծւած երգերը, իսկ Թանիա Մինասեանը ասմունքեց Սիլւա Կապուտիկեանի «Ընդդիմախօսութիւն» բանաստեղծութիւնը: Ուշագրաւ էր նաեւ բազմազան շարժումներով մանկական «Լիդուշիկ» պարը, ինչը երեխաների միջոցով ներկայացւեց անթերի եւ հանդիսատեսի մօտ ստեղծեց առանձնակի խանդավառութիւն: Համերգն ամփոփւեց «Հզօր Հայաստան» երգի ներքոյ՝ պարախմբի անդամների միասնական պարով, որոնց միացան բոլոր մասնակիցները: Երեկոյի իրականացման առթիւ Մշակութային միաւորի վարչութեան նախագահը շնորհակալական խօսք ուղղեց բոլոր մասնակիցներին, ղեկավարներին եւ Կենտրոնական վարչութեանը:

Մատուցւած գեղեցիկ, անթերի եւ պատգամներով լեցուն երեկոյի եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Բաբգէն արք. Չարեանը, ով գնահատելով երեկոյի կազմակերպումը, դրւատեց համոյթի անդամուհիների միջոցով իրականացւած երեկոն եւ ինչպէս միշտ կոչ արեց տղաներին, որպէսզի մասնակից լինեն պարախմբի աշխատանքներին, նշելով, որ տղաները միշտ պիտի աղջիկների կողքին լինեն, որպէսզի միասնաբար դառնան հզօր բանակ եւ առաւել հզօրացնեն ու պայծառացնեն համայնքը: Թեմակալ առաջնորդը գնահատելով միութեան պատասխանատուներին եւ համոյթի ղեկավարներին, առանձնայատուկ գնահատանքի խօսք ուղղեց փոքրիկ պարողներին, իսկ շարունակութեան մէջ ուրախութեամբ ու հպարտութեամբ անդրադարձաւ երեկոն «Արարատ» միութեան հիմնադրման 60-ամեակին նւիրւած լինելու իրողութեանը եւ իր յարգանքը մատուցեց հիմնադիր ղեկավարներին ու ներկայում աշխատող միութենականներին:

Սրբազան հայրն իր արտայայտութիւնների աւարտին իր ուրախութիւնը եւ հպարտութիւնը յայտնեց կազմակերպւած բազմաթիւ ձեռնարկների արդիւնքում համայնքում տիրող աշխուժութեան եւ կենսունակութեան կապակցութեամբ:

Նշելի է, որ իրականացւած համերգը մեծ հետաքրքրութեամբ ընդունւեց սրահում լեփ-լեցուն հանդիսատեսի կողմից:

 
Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան թղթակից
Երանուշ Թահմազեան
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան