Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած միջոցառումների շարանում, 2015 թւականի վերջին օրերին, Նոր Ջուղայում եւս մի ձեռնարկ իրականացւեց, սակայն այս անգամ ծրագրի նախաձեռնողն ու կազմակերպիչն էր շրջանի միակ պատանեկան միութիւնը: Ձեռնարկ, որտեղ իւրօրինակ կերպ ոգեկոչւեց Հայոց ՑԵղասպանութեան 100-ամեայ տարելիցը՝ լուսարձակի տակ առնելով ցեղասպանի ճիրաններից փրկւելու համար՝ 1915 թւականին իրագործւած հայ ժողովրդի պատմութեան պանծալի էջերը՝ ինքնապաշտպանական հերոսամարտերը:
Հ. Յ. Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ, նոյեմբերի 27-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ «1915-ի ինքնապաշտպանական կռիւները» խորագրով բանախօսական-գեղարւեստական ձեռնարկը, որին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, շրջանի Հայ Դատի, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, կազմակերպիչ միութեան անդամների ծնողները եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդ:
Ամբողջութեամբ պատանի միութենականների միջոցով իրականացւած ձեռնարկը բացւած յայտարարւեց երեկոյի հաղորդավար Վանէ Յարութիւնեանի խօսքով, ով կարեւորութեամբ ասաց. «Հայ ժողովուրդ, առանց քեզ մեր մենքը, մենք չէ: Այդպէս են դաստիարակել մեզ: Ես՝ պատանիս, քո միասնական ուժի գաղտնիքն եմ սերտում, որպէսզի ընդվզեմ եւ չլռեմ քեզ նսեմացնող ցանկացած վտանգի դէմ, ինչպէս չլռեցին դաշնակցական հերոսները մեր՝ կրելով Հայկ դիւցազնի ըմբոստ ոգին»:
Այնուհետեւ «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան վարչութեան խօսքն ընթերցեց Արամէ Մովսիսեանը, որտեղ անդրադառնալով ՑԵղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման նպատակով՝ հայութեան միասնական ջանքերի շնորհիւ տեղի ունեցած աշխատանքներին եւ յատկապէս երեկոյի թեմային՝ ասւած էր. «Միութիւնս այս տարի փորձել է իր տարեկան ձեռնարկը նւիրելով ինքնապաշտպանական հերոսամարտերին, իր յարգանքի տուրքը մատուցել՝ այն օրերի հերոս-հերոսուհիների անմոռաց յիշատակին, արժանաւոր կերպով ոգեկոչել նրանց խիզախութիւը եւ բարձրաձայնել, թէ շարունակելու է նրանց երթը՝ մինչեւ հայ ազգի բոլոր իրաւունքների վերականգնումը, մինչեւ ցեղասպանից հատուցում ստանալը, մինչեւ ազատ անկախ եւ միացեալ Հայաստանի կերտումը»:
Ծրագիրը հիմնականում բաղկացած էր հինգ բանախօսական ելոյթներից, որտեղ առանձնաբար անդրադարձ կար հինգ հայաբնակ շրջաններում իրականացւած ինքնապաշտպանական հերոսամարտերի պատմութիւններին՝ յատկապէս ներկայացնելով ինքնապաշտպանութեան գաղափարի առաջացումը, դաշնակցական ֆիդայիների դերը մարտերի կազմակերպման եւ ժողովրդի պաշտպանման հարցում, կռիւների աւարտը եւ դրանց ազդեցութիւնը 1918-ին հայկական հանրապետութիւն կերտելու գործում:
Բանախօսական թեմաները ծաւալւեցին հետեւեալ հերթականութեամբ.
Շապին-Գարահիսարի մարտը ներկայացրին Նելիանա Գրիգորեանն ու Սիփան Անդրիասեանը, Վանի ազատամարտը՝ Մինելի Ղազարեանը եւ Գէորգ Մովսիսեանը, Ուրֆայի կռիւը՝ Նազելի Ղարիբեանն ու Արմին Մինասեանը, Մուսա լեռան հերոսամարտը՝ Սելին Մկրտչեանը եւ Րաֆֆի Դիլանչեանը, իսկ Սասունի ազատամարտը՝ Տաթեւիկ Տէր-Մարտիրոսեանն ու Արայիկ Սիմոնեանը:
Իւրաքանչիւր ելոյթին յաջորդում էր հերոսամարտին նւիրւած յաղափոխական երգի կենդանի կատարումը՝ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ղեկավարութեամբ: «Շապին-Գարահիսար» եւ «Մուսա լեռ» երգերը մենակատարեց Դաւիթ Թորոսեանը, «Հայ Քաջեր»-ը կատարեց Շանթ Թահմազեանը, իսկ «Օսմանական գոռ վաշտեր»-ը՝ Արայիկ Գրիգորեանը:
Բանախօսութիւնների աւարտին նախ հնչեցին «Ի զէն հայեր» եւ «Թիկունքդ լայն» երգերը՝ միութենականների խմբական կատարմամբ, ապա խմբի ձայնակցութեամբ «Անցնինք Սասուն» երգի տարբեր բաժիններն առանձնաբար մենակատարեցին վերոնշեալ երեք մեներգիչները: Արեգ Յարութիւնեանից, Լուսին Մինասեանից, Լալա Դիլանչեանից եւ Նինէ Շահիջանեանից կազմւած պարախմբի միջոցով, «Հայ քաջեր» եւ «Անցնինք Սասուն» երգերին զուգահեռ կատարւեցին հայկական պարեր:
Սոյն ձեռնարկը իւրօրինակ կարելի է համարել, քանի որ երեկոյի բոլոր դերակատարները զգեստաւորւած էին հայկական տարազներով: Ուշագրաւ էին յատկապէս բանախօսների հանդերձանքը, որոնք պատկանում էին պատկան հայկական շրջաններին:
Ծրագրի եզրափակիչ ելոյթը հանդիսացաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի հայրական օրհնանքը: Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ուղղելով «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամներին Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած բովանդակալից ձեռնարկ կազմակերպելու համար, նշեց, որ նման միջոցառումները իմաստաւորում են ամեակները եւ մեզ տալիս են ինքնաճանաչման գիտակցութիւն, որպէսզի մեր անցեալն ու պատմութիւնը ճանաչելով, կարողանանք կերտել մեր ապագան
Թեմակալ առաջնորդն իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով ինքնապաշտպանական կռիւներին եւ հայ պատմութեան մէջ արձանագրւած ազատագրական այլ պայքարներին ու հերոսներին՝ ասաց, թէ նման դէպքերը ասում են թուրքին եւ հայ ազգի բոլոր թշնամիներին, որ մեր ժողովուրդը գիտի ինքն իրեն պաշտպանել եւ պայքարել. մեր ժողովուրդը գիտակից է իր արժանապատւութիւնը պահելու հարցում:
Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան մեկենասութեամբ լոյս է տեսել «1915-ի ինքնապաշտպանական կռիւները» խորագրով գիրքը, ուր տեղ են գտել նշւած հերոսամարտերի պատմութիւնները՝ քաղւած տարբեր աղբիւրներից: Ձեռնարկի աւարտին սոյն գիրքը բաժանւեց ներկաներին:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան