Ուրբաթ՝ նոյեմբերի 20-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի կենտրոնական սրահում, տեղի ունեցաւ հայոց ազգային «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների գրքի ամենամեայ ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութիւնը: Ծրագրին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, «Ոսկեղջիւրի տիրակալները» գրքի թարգմանիչ Յարութ Նազարեանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ ու համայնքի անդամներ:
Ցուցահանդէսը, որն արգասիքն էր զոյգ դպրոցների տեսչութիւնների, ուսուցչական կազմերի, ծնողական խորհուրդների եւ գրադարանավարուհու ջերմեռանդ աշխատանքի, բացւած յայտարարւեց գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանի խօսքով, ուր անդրադարձ կար գրքի եւ ընթերցանութեան կարեւորութեանը եւ մերօրեայ պայմաններում ընթերցանութեան պակասի ճգնաժամին: Այնուհետեւ ներկաներին առիթ ընձեռւեց շրջելով դահլիճում, մօտկից ծանօթանալ ըստ թեմաների եւ տարիքային խմբաւորումների առաձնացած կրպակներում ցուցադրւած գրքերին:
Ընթացքում տեղի ունեցաւ նաեւ գրքի ծանօթացում, որտեղ նախ ուսուցչուհի Քառոլին Դիլանչեանը ներկաներին ծանօթացրեց 7-րդ դասարանի աշակերտութեան համար հրատարակւած գունազարդ եւ բովանդակալից «Հայոց լեզու եւ գրականութիւն» գիրքը՝ իր աշխատանքային տետրով: Սոյն գիրքը կազմւել է Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, ուսուցչուհիներ Ռիմա Սիմոնեանի, Սեդա Դիլանչեանի եւ Քառոլին Դիլանչեանի միջոցով եւ լեզւաբան Դաւիթ Գիւրջինեանի խմբագրութեամբ: Տկն. Քառոլին Դիլանչեանը ներկաներին ծանօթացրեց գրքի ստեղծման մտայղացումից մինչեւ հրատարակութիւնը կատարւած աշխատանքներին, ինչու չէ նաեւ բծախնդրօրէն ընտրւած բաժիններին եւ դրանց նպատակներին, որտեղ յատկապէս նկատի են առնւել համամարդկային արժէքների փոխանցումը եւ հայրենասիրութիւնը: Նա կարեւորութեամբ նշեց, որ գրքերի վերապատրաստման գաղափարն առաջացաւ նկատի առնելով այն փաստը, որ մի շարք դասագրքեր չեն համապատասխանում աշակերտութեան ներկայի հոգեբանութեանը:
Այնուհետեւ տկն. Քառոլին Դիլանչեանը ներկայացրեց տարրական օղակի համար պատրաստւած դիւրըմբռնելի եւ գունազարդ կրօնի դասագրքերը, որի պատրաստման գործում իր անմիջական մասնակցութիւնն է ունեցել թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը: Սոյն գրքերի նկարազարդման հեղինակն է Սուսաննա Այւազեանը:
Ապա ընթերցւեց Նոէլ Բարբրի (Noel Barber) հեղինակած «Ոսկեղջիւրի տիրակալները» գրքի թարգմանիչ Յարութ Նազարեանի կենսագրականը, որից յետոյ թարգմանիչը հրաւիրւեց խօսելու իր կատարած աշխատութեան մասին:
Նա սկզբում գնահատելով գրքի ցուցահանդէսի կազմակերպումը եւ անդրադառնալով գրքի անգլիացի հեղինակի կենսագրականին՝ նշեց, որ գիրքը պատկանում է վաւերագրական գրականութեան շարքին եւ դրա ապացոյցն է հեղինակի կողմից օգտագործւած աղբիւրներն ու վաւերագրերը, որոնք ներկայացւել են գրքի վերջում եւ դրանց շնորհիւ այն դարձել է պատմական տեղեկագիր: Թարգմանիչը բացատրեց, որ սկզբում իրեն հետաքրքրել է գրքի բովանդակութիւնը, ապա այն, որ գրքում ներկայացւում է թուրքի իսկական նկարագիրը եւ ապացուցւում է արեւմտեան պետութիւնների նենգ քաղաքականութիւնը: Պրն. Նազարեանը ներկաներին ծանօթացնելով գրքի բովանդակութեանը եւ գրքի մասին իր վերլուծութիւններին՝ մէջբերումներ կատարեց նաեւ Էնւերի ու Թալէաթի խօսքերից, որոնցով ինչպէս հեղինակ Նոէլ Բարբրն է վկայում, ապացուցւում է Հայոց Ցեղասպանութեան կանխամտածւած ու ծրագրւած լինելու փաստը:
Իսկ վերջում գերշ. Սրբազան Հօր ձեռամբ «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների ամբողջ անձնակազմի անունից յուշանւէր շնորհւեց թարգմանիչ Յարութ Նազարեանին եւ գրքի շաբաթւայ առիթով գնահատագրեր յանձնւեցին համայնքի չորս գրադարանների պատասխանատուներին, որոնք են՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ կրթահամալիրի գրադարանավարուհի Այիդա Ալեքսանդրեանը, «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան գրադարանավարուհի Երանուշ Թահմազեանը եւ Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը:
Գրքի ցուցահանդէս-վաճառքը շարունակւեց 7 օր:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)