Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, սկսեալ ժամը 16:00-ից միութեան  հանդիսութիւնների  դահլիճում հերթական անգամ տեղի ունեցաւ աշնանային վաճառք,  որտեղ ի շահ միութեան վաճառքի էին հանւել աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորւած թթւեղէն, քացախեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ, որոնց բազմազանութիւնը  վկայում էր  միութեան երէցների միաւորի վարչութեան ու ամբողջ անձնակազմի  շաբաթների ու ամիսների համատեղ եւ արդիւնաւէտ ջանքերի մասին:

Վաճառքից բացի՝ միաւորը բազմահարիւր այցելուներին մատուցեց աւանդական ճաշեր ու այլ ուտեստներ: Վաճառքին  մասնակցել էին նաեւ Նոր Ջուղայի Փերիոյ Կրթասիրաց միութիւնը եւ  Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը, որոնք նոյնպէս պահածոների ու թխւածքների տեսքով վաճառքի էին հանել իրենց միասնական եւ բարեգործական հիմունքների վրայ կատարած աշխատանքի արդիւնքը: Միաւորը վաճառքին մասնակցելու առիթ էր ստեղծել նաեւ ցանկացող անհատների համար, որին արձագանքել էին Շահինշահրից  անհատներ:

Դահլիճում, աշնան եղանակին յատուկ  գեղեցիկ յարդարանքի կողքին, ուշագրաւ էր նաեւ «Անմոռուկ» խորհրդանիշ ծաղկով զարդարւած անհատ մասնակցի սեղանն ու պահածոների փաթեթաւորումը, որ փոխանցում էր իրեն յատուկ պատգամը...

 
Ն.Ջ. Հայ Մ.Մ.«Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեան
լուսանկարները՝ հեղինակի