«Ամենափրկիչ եկեղեցին տան մէջ» կրօնական ամսաթերթի տպագրութիւնն սկիզբ է առել 2007 թւականի մայիսից եւ իր գոյութեան ութ եւ կէս տարիների ընթացքում մեծ ուշադրութեան է արժանացել հասարակական տարբեր խաւերին պատկանող ընթերցողների կողմից: Չորս էջանոց գունազարդ այս ամսաթերթը տպագրւում է Սպահանի հայոց թեմի Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի ջանքերով եւ թեմի հոգեւոր առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի ու Կրօնական խորհրդի վերահսկողութեամբ ու հովանաւորութեամբ: Պարբերաթերթն իր առաջին համարից անվճար տրամադրւել է թեմի բոլոր հայ ընտանիքներին:
2015 թւականի օգոստոսին լոյս է տեսել «Ամենափրկիչ եկեղեցին տան մէջ»-ի 100-րդ համարը: Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք կատարել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր հետ՝ սոյն ամսաթերթի տպագրման նպատակների եւ առնչակից այլ հարցերի կապակցութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
Ո՞ր թւականին եւ ինչպէ՞ս է առաջացել կրօնական պարբերաթերթ հրատարակելու միտքը եւ որո՞նք են եղել «Ամենափրկիչ եկեղեցին տան մէջ» ամսաթերթի հրատարակման նպատակները:
- Շուրջ ինը տարի առաջ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովում անդրադարձ եղաւ եկեղեցին՝ եկեղեցու շէնքից դուրս բերելու, ժողովրդի տան մէջ փոխադրելու եւ ժողովրդի կեանքում ներկայութիւն դարձնելու գաղափարին ու այդ նպատակին հասնելու համար թեմի Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի նախաձեռնութեամբ հրատարակւեց «Ամենափրկիչ եկեղեցին տան մէջ» կրօնական պարբերաթերթը: Իւրայատուկ դիմագծով եւ բազմատեսակ կրօնական նիւթերով այս թերթի հրատարակման հիմնական նպատակն է ընթերցող հասարակութեանը եւ մասնաւորաբար մեր պատանիներին ու երիտասարդներին հաղորդ դարձնել հոգեւոր ժառանգութեանը՝ նրանց մտքի հորիզոնի առջեւ բանալով սուրբ-գրային, եկեղեցագիտական, կրօնական եւ ազգային հոգեւոր արժէքները:
Ինչո՞ւ է ընտրւել հէնց «Ամենափրկիչ եկեղեցին տան մէջ» անունը:
- Թերթը «Ամենափրկիչ» անւանւեց, քանի որ թերթի նիւթերի պատրաստման աշխատանքը եւ տպագրումը կատարւում է Ս. Ամենափրկչեան վանքում, որը միեւնոյն ժամանակ Սպահանի հայոց թեմի առաջնորդարանն է հանդիսանում, իսկ «Եկեղեցին տան մէջ» ենթախորագիրն, ինչպէս բացատրեցի, առաջացել է եկեղեցին ժողովրդի տան մէջ փոխադրելու գաղափարից:
Ո՞ւմ են ուղղւած թերթի նիւթերը եւ ինչպիսի՞ բնոյթ են կրում:
- Թերթն ունի տարբեր տարիքային խմբերին հետաքրքրող բաժիններ: Այն բաղկացած է հետեւեալ եօթ բաժիններից՝ «Խոհեր», որտեղ տպագրւում է թեմակալ առաջնորդի պատգամը, «Դասեր՝ ճշմարիտ քրիստոնէական կեանք ապրելու համար», «Քրիստոնէական», «Կրօնական-ծիսական», «Եկեղեցական» եւ «Իմանանաք ճիշտը», որն անդրադառնում է բարեպաշտական սովորութիւններին: Իսկ եօթերորդ բաժինը «Մանկա-պատանեկան» է, որտեղ այս տարիքին յարմար կրօնական գիտելիքներից եւ աւետարանական դրւագներից բացի, գոյութիւն ունի մրցութային բաժին, որի ճիշտ պատասխանը գտնելու համար մանուկներն ու պատանիները ընթերցում են Աւետարանի համապատասխան հատւածը: Իւրաքանչիւր մրցոյթի ճիշտ պատասխանողների միջից վիճակահանութեամբ ընտրւում է յաղթողը: Յաղթողներն իրենց ծնողների հետ հրաւիրւում են Ս. Ամենափրկչեան վանք, որտեղ գնահատւում ու քաջալերւում են եւ պարգեւատրւում ոսկէ խաչով: Մինչեւ այսօր 100 ոսկէ խաչեր են նւիրւել պարբերաթերթի տարբեր համարների մրցոյթների յաղթողներին:
Ովքե՞ր են թերթի խմբագրական կազմի անդամները եւ ինչպէ՞ս են կատարւում նիւթերի ընտրութիւնը:
- Որպէս թերթի խմբագրական կազմի անդամներ աշխատանքը վերահսկում են թեմի Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի անդամներ՝ Թովմա սրկ. Գալստանեանը, տկն. Դեզիրէ Մկրտչեանը եւ օրդ. Սարինէ Յարութիւնեանը: Սակայն աշխատանքի գլխաւոր բաժինը՝ ինչպիսիք են նիւթերի դասաւորումն ու թերթի ձեւաւորումը, կատարւում է Թովմա սրկ. Գալստանեանի միջոցով, որը միեւնոյն ժամանակ կատարում է նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի գրասենեակի գործավարութեան պարտականութիւնը: Իսկ քանի որ խորհուրդը ենթակայ է թեմի Կրօնական խորհրդին, որի նախագահն է թեմակալ առաջնորդը, թերթի նիւթերի ընտրութեան եւ առնչակից այլ հարցերի կապակցութեամբ, ես՝ որպէս Սպահանի հայոց թեմի առաջնորդ, վերահսկողութիւն եմ ցուցաբերում:
Գիտենք որ թերթն անվճար կերպով է տրամադրւում Սպահանի հայոց թեմի բոլոր հայ ընտանիքներին եւ յատկապէս գրադարաններին: Արդեօք պարբարթերթը թեմից դուրս էլ առաքւո՞ւմ է թէ ոչ:
- Այս պարբերաթերթի կապակցութեամբ մեր կենտրոնացումը եղել է թեմի զաւակների վրայ, եւ թեմից դուրս աշխատանք տանելը մեր նպատակը չի եղել: Սակայն ներկայիս թերթից օրինակներ ուղարկւում են Հայաստանի Ազգային գրադարան եւ Թեհրանի «Արտակ Մանուկեան» թանգարան:
Թերթի տպագրման առնչութեամբ որեւէ խնդիր ունեցել է՞ք թէ ոչ:
- Երբեք խնդիրներ չեն եղել: Ամէն տարի թեմի Պատգամաւորական ժողովի կողմից համապատասխան բիւջէ է հաստատւում այս աշխատանքի իրականացման համար: Թերթն անվճար է տրամադրւում իւրաքանչիւր ընտանիքի եւ բնականաբար կը լինեն անհատներ, ովքեր անտարբեր կը գտնւեն դրա նկատմամբ, բայց կան նաեւ այնպիսի անձնաւորութիւններ, ովքեր ոչ միայն ամենայն բծախնդրութեամբ են ընթերցում պարբերաթերթը, այլեւ հետաքրքրւած են նրա բոլոր նիւթերով ու փորձում են կրօնական գիտելիքները փոխանցել իրենց ընտանիքի միւս անդամներին: Ոմանք էլ հաւաքելով բոլոր համարները թերթից հարուստ արխիւ են կազմել իրենց համար:
Թերթն այսօր ութ եւ կէս տարեկան է եւ բնականաբար այս տարիներից յետոյ ձեզ լաւ ծանօթ են ժողովրդի տեսակէտները՝ պարբերաթերթի նկատմամբ: Որքանո՞վ է թերթն ընդառաջւել ժողովրդի կողմից եւ ո՞ր տարիքային խումբն է աւելի հետաքրքրւած դրանով:
- Թերթը հրատարակւում է բոլոր տարիքային խմբերի համար եւ թերթում կան ցանկացած տարիքին յարմար նիւթեր: Ընդհանրապէս այս թերթի կապակցութեամբ կարծիքները դրական են եղել եւ սոյն աշխատանքը բարձր է գնահատւել ընթերցողի կողմից: Նրանք ովքեր նոյնիսկ անտարբեր են եւ չեն հետաքրքրւում այս ձեռնարկով, որեւէ բացասական բան չեն արտայայտում: Ես կարծում եմ, եթէ այս թերթն անգամ նւազագոյն օգտակարութիւն է ունեցել, դա արդէն յաջողութիւն է համարւում: Իսկ թէ որ տարիքային խումբն է աւելի հետաքրքրւած թերթով, բնականօրէն մանուկներն ու պատանիներն աւելի հետաքրքրւած են մանկա-պատանեկան էջով: Նոյնիսկ մեծերն էլ երբեմն հետաքրքրութիւն են ցուցաբերում այս էջի նկատմամբ, սակայն մենք տարիքային սահմանում ենք ճշտել մրցոյթին մասնակցելու համար: Կարծում եմ, որ այս թերթը գոհացնում է ամէն տարիքի ընթերցողներին:
Վերջում եթէ որեւէ աւելացում ունէք, խնդրեմ:
- Կոչ եմ ուղղում մեր ժողովրդի զաւակներին, որ «Ամենափրկիչ եկեղեցին տան մէջ» կրօնական ամսաթերթը որպէս սովորական թերթ չնկատեն, այլ այս թերթով եկեղեցու ներկայութիւնն իրենց տան մէջ աւելի զգալի դարձնեն, որպէսզի կարողանան իրենց հաւատքի մէջ առաւել ամրանալ ու զօրանալ, իրենց ինքնութիւնը աւելի դրսեւորել եւ ի մասնաւորի՝ որպէս հաւաքականութիւն, ժողովուրդ, ազգ եւ համայնք կարողանան եկեղեցու շուրջ համախմբւած լինել ու կրօնական գիտելիքներով զինւած, քրիստոնեային վայել եւ աստւածահաճոյ կեանքով ապրել:
«Ամենափրկիչ եկեղեցին տան մէջ»
Համար՝ 1 Համար՝ 100