Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, կազմակերպւել էր գրական երաժշտական երեկոյ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին: Երեկոյին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա Վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ Շահինշահրի ու Նոր Ջուղայի հայ համայնքների անդամներ:
Ծրագրի սկզբում բացման խօսքով ելոյթ ունեցաւ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի ղեկավար դոկտ. Սիլւա Ալլահվերդեանը, ով բարիգալստեան խօսք ուղղելով ներկաներին, իր ուրախութիւնը յայտնեց, որ Բարեգործական ընկերութեան վաղեմի երազանքը՝ գրական-երաժշտական երեկոյ կազմակերպելու կապակցութեամբ, իրականացւել է 2015 թւականին՝ նւիրւած լինելով Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին եւ յատկապէս՝ հոկտեմբերին՝ հայ մշակոյթի ամսին: Նա իր խօսքի շարունակութեան մէջ ընգծելով, որ 2015 թւականը բոլորիս համար ծանր, բարդ եւ շատ պատասխանատու տարի է, աւելացրեց, որ հայ ազգն ամբողջովին, մէկ անձի նման համախմբւել է Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը լաւագոյնս ոգեկոչելու ուղղութեամբ, որպէսզի կարողանայ բազմաթիւ միջոցառումների, ձեռնարկների, ցուցահանդէսների ու ծրագերրի միջոցով ի լուր աշխարհի յիշեցնի, որ պահանջում է եւ տէրն է իր արդար իրաւունքի:
Բացման խօսքին յաջորդեց գեղարւեստական յայտագրով ծրագիրը, որն արգասիքն էր Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի համատեղ աշխատանքի: Գեղարւեստական ծրագիրը բաղկացած էր հինգ բաժիններից՝ իւրաքանչիւր բաժինն առանձնաբար նւիրւած լինելով Սիլւա Կապուտիկեան, Համօ Սահեան, Եղիշէ Չարենց, Գէորգ Էմին եւ Վահան Տէրեան անւանի բանաստեղծներից մէկին: Նշւած բաժինները ողողւած էին պատկան հեղինակի բանաստեղծութիւնների ասմունքներով, ինչու չէ նաեւ անւանի երաժիշտների միջոցով երաժշտութեամբ մշակւած ստեղծագործութիւններով եւ պաստառի վրայ ցուցադրւող համահունչ պատկերներով:
Ծրագրի ասմունքներն իրագործւեցին ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամուհիներ՝ Վանիա Պետրոսեանի, Նարեգա Սիմոնեանի, Վանա Զոհրաբեանի, Վեհանուշ Խուդաբախշեանի, Մեղրի Կարապետեանի եւ Վանէ Շահնազարեանի միջոցով՝ ղեկավարութեամբ դոկտ. Սիլւա Ալլահվերդեանի, իսկ խմբական երգերը կատարեց Ս. Ա. Վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ խմբավար-դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ:
Ընթացքում հնչեցին նաեւ երգերի մենակատրումներ նոյն երգչախմբի մենակատարներ՝ Անասիկ Յովսէփեանի եւ Արսինէ Մարգարեանի, ինչպէս նաեւ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի միջոցով, իսկ մէկ զուգերգով հանդէս եկան՝ Լալա Ալեքսանդրեանն ու Փարելի Թահմազեանը:
Վերջում ընկերութեան անունից անդամուհի Վեհանուշ Խուդաբախշեանը շնորհակալական խօսք ուղղեց մասնակիցներին եւ հանդիսատեսին, ապա ձեռամբ առաջնորդ Սրբազան Հօր, Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Սանդրա Խաչատրեանի եւ փոխ-նախագահ Ժենետ Դաւթեանի գնահատագրեր շնորհւեցին «Տաթեւ» երգչախմբի ղեկավար Համիկ Ալեքսանդրեանին, «Փարոս» ասմունքի խմբի ղեկավար դոկտ. Սիլւա Ալլահվերդեանին, միջոցառման տպագրական աշխատանքների գծագրող եւ ձեւաւորող Արփինէ Յովսէփեանին եւ «Փարոս» ասմունքի խմբի անդամուհիներին:
Ծրագիրն աւարտւեց առաջնորդ Սրբազան Հօր հայրական պատգամով: Տ. Բաբգէն արք. Չարեանն սկզբում գնահատեց հայ մշակոյթի ամսւայ վերջալոյսին կազմակերպւած գրական-երաժշտական երեկոյի ծրագիրը, առ այն, որ ձեռնարկը հանդիսատեսին հաղորդ դարձրեց հայ անմահանուն բանաստեղծներին, մտաւորականներին եւ երաժիշտներին: Նա գնահատանքի խօսք ուղղեց նաեւ Բարեգործական ընկերութեանը եւ երեկոյի դերակատարներին, ովքեր զարկ տալով դաստիարակչական աշխատանքներին, նոր սերնդի մէջ սէր ու ոգի են արթնացնում հայկական արժէքների նկատմամբ:
Այնուհետեւ Սրբազան Հայրն իր ուրախութիւնն յայտնեց ծրագիրը Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած լինելու կապակցութեամբ եւ նշեց, «Նման միջոցառումներ ասում են, թէ որքան էլ թշնամին փորձի ոչնչացնել հայ ազգին, հայ լեզուն եւ հայկական դարաւոր մշակոյթը, նրան չի յաջողւելու: Եւ այսօրւայ միջոցառումը դրա վառ ապացոյցն է: Այն փաստում է, որ մենք գոյատեւելու ենք՝ որպէս ազգ եւ մեր մշակոյթը շարունակելու է ծաղկել՝ իր արւեստի հանճարների շնորհիւ»: