Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան եւ համագործակցութեամբ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ Ջաւախքին նւիրւած 16-րդ բարեգործական դաշտահանդէսը, որն իրագործւում է ամենամեայ կարգով եւ հասոյթն ամբողջութեամբ յատկացւում է շրջանի Հայ Դատի յանձնախմբի կողմից հիմնադրւած Ջաւախքի օժանդակութեան հիմնադրամին:
Անակնկալներով եւ ուրախ պահերով ողողւած այս միջոցառումն իր բազմատեսակ խաղերով՝ որոնցից էին թեփախաղը, ջրի միջից դրամի նետումը, սեղանի ֆուտբոլը, մանկական բիլիարդը եւ սլաքախաղը, ինչու չէ նաեւ անուշաբոյր ուտեստներով, վիճակախաղով, ուրախ երաժշտութեամբ եւ մտերմիկ ու զւարճալի միջավայրով, մեծ խանդավառութիւն առաջացրեց ներկաների՝ ի մասնաւորի մանուկների ու պատանիների մօտ:
Նախատեսւած բաժինների շարանում յատկապէս ուշագրաւ էին ջաւախքահայ կնոջ եւ տղամարդու տարազներով զգեստաւորւած երկու պատանիները, ովքեր ոչ միայն ներկաներին հիացնում էին իրենց հայկական աւանդական հանդերձանքով, այլեւ ցանկացողների հետ լուսանկարւելով յաւերժացնում էին նրանց ընտանեկան եւ ընկերական գեղեցիկ պահերը:
Հարկ է նշել նաեւ, որ միջոցառման ընթացքում ընդունւում էին ժողովրդի նւիրատւութիւնները:
Յաջողութիւն ցանկանալով ձեռնարկի կազմակերպիչներին՝ ուժ ու կորով ենք մաղթում նրանց իրենց ազգանւէր աշխատանքներում: