Շաբաթ՝ 2015 թւականի հոկտեմբերի 4-ին, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի գլխաւորութեամբ, Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներից եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած հայ զինւորների ընտանիքների անդամներից բաղկացած պատւիրակութիւնը, Սպահանի թնդանօթային զօրանոցի հրամանատարութեան գրասենեակում հանդիպում ունեցաւ Սպահան, Եազդ եւ Չհարմահալ նահանգների բանակի ընդհանուր հրամանատար Ռեզա Ջեհադիի, զինւորական բարձրաստիճան հրամանատարների եւ հոգեւորականների հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք շնորհաւորանքներ փոխանցւեցին Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ:
Հանդիպման սկզբում, գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը շնորհակալութիւն յայտնեց հրամանատար Ջեհադիին, ով ամէն տարի ջերմօրէն ընդունում է ազգային իշխանութեան պատասխանատուներին եւ յոյս յայտնեց, որ այս սերտ յարաբերութիւնն օր ըստ օրէ ամրանալու է: Թեմակալ առաջնորդն իր խօսքերի մէջ ուժ ու կորով մաղթեց բոլոր բանակայիններին, ովքեր երկրի խաղաղութեան եւ անսասանութեան երաշխաւորողներն են: Գերշ. Սրբազան Հայրը միաժամանակ իր, ազգային իշխանութեան եւ հայ համայնքի անունից ցաւակցութիւն յայտնեց Սաուդական Արաբիայում Հաջջի տարեկան ուխտագնացութեան ընթացքում տեղի ունեցած աղէտի կապակցութեամբ, որի հետեւանքով բազմահարիւր իրանցի ուխտաւորներ են զոհւել եւ անհետացել: Նա դատապարտելով Սաուդական Արաբիայի իշխանութեան անկազմակերպւածութիւնն ու թերացումները՝ ուխտաւորների անվտանգութիւնն ապահովելու ուղղութեամբ, յիշեցրեց, որ հայ ազգն իբրեւ բազում աղէտների միջից անցած ժողովուրդ, լաւապէս զգում է վշտի ու ողբի ծանրութիւնը եւ խորապէս սգում է տեղի ունեցած ողբերգութիւնը:
Բանակի հրամանատար՝ Ռեզա Ջեհադին, շնորհակալութիւն եւ ուրախութիւն յայտնելով պատւիրակութեան եւ յատկապէս նահատակների ընտանիքների այցի կապակցութեամբ, գնահատեց հայ ժողովրդի կատարած զոհողութիւններն ու նւիրումը Իսլամական յեղափոխութիւնից յետոյ երկրի ամբողջականութեան, գերիշխանութեան եւ անսասանութեան համար տեղի ունեցած բոլոր իրադարձութիւններում, եւ յատուկ շնորհակալութիւն ու երախտագիտութիւն յայտնեց նահատակների հարազատներին:
Շարունակութեան մէջ արտայայտւեց Սպահանի Հայոց Թեմի հայ նահատակների եւ անձնուրացների խնդրով ազգային իշխանութեան կողմից նշանակւած պատասխանատու՝ պրն. Վահէ Թորոսեանը, ով դիմելով բանակի հրամանատար՝ Ջեհադիին, առաջարկեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում հայ նահատակների համար կազմակերպել յուշահանդէս՝ կարեւորելով յիշեալի ներկայութիւնն այդ ծրագրում: Հրամանատար Ջեհադին ուրախութեամբ ընդառաջեց առաջարկին եւ խոստացաւ յառաջիկայում իրագործել այն:
Վերջում գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առիթով խորհրդանիշ անմոռուկի կրծքանշան յանձնեց հրամանատար Ջեհադիին:
Հիւրասիրւելուց յետոյ, զօրանոցի հրամանատարութեան գրասենեակի առջեւ հաւաքական լուսանկարւելով աւարտւեց հանդիպումը: