2015 թւականի սեպտեմբերի 22-ի առաւօտեան ժամը 8:30-ին, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի առաջին դասարանցիները մեծ խանդավառութեամբ դպրոց էին շտապել՝ լսելու տարրական դպրոցի առաջին զանգի ղօղանջը:
Օրւայ արարողութեանը ներկայ էին համայնքի հոգեւոր տեսուչ՝ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի անձնակազմը եւ ծնողները:
Դպրոցի տեսուչ պրն. Ղոջավանդը շնորհաւորելով նորամուտ աշակերտների մուտքը տարրական դպրոց՝ մի շարք անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց դպրոցի կանոնների կապակցութեամբ: Պաշտօնական արարողութեանը յաջորդեց մի համեստ հիւրասիրութիւն եւ այնուհետեւ փոքրիկները դպրոցի անձնակազմի կողմից ստացան գեղեցիկ նւէրներ: Շուրջ 2 ժամ դպրոցում հաճելի պահեր անցկացնելուց յետոյ՝ նորամուտ աշակերտները մեկնեցին տուն՝ պատրաստւելու յաջորդ օրը՝ ուսումնական տարեշրջանը պաշտօնապէս սկսելու համար:
Իսկ 2015 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 8-ին, Շահինշահրի Հայոց Ազգային «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների աշակերտութիւնը դիմաւորեց ուսումնական նոր տարեշրջանը հոգշ. Հայր Սուրբի, Վարչութեան, շրջանի կրթադաստիարակչութեան հիմնարկի պատւիրակութեան, զոյգ դպրոցի անձնակազմի եւ ծնողների ներկայութեամբ:
Բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսուչը, ով մաղթելով աշակերտներին կանաչ ճանապարհ, խօսքը փոխանցեց հոգշ. Հայր Սուրբին: Վերջինս իր հայրական խօսքն ուղղելով սիրելի աշակերտներին պատգամեց նրանց՝ հայ քրիստոնեայ աշակերտին վայել՝ սիրել, յարգել եւ մեծարել միմեանց:
Հոգշ. Հայր Սուրբի պատգամին յաջորդեց շրջանի Կրթա-դաստիարակչութեան հիմնարկի պաշտօնատար պրն. Աբդոլլահի ողջոյնի խօսքը, որն եւս իր հերթին քաջառողջութիւն եւ յաջողութիւն մաղթելով աշակերտներին՝ իր շնորհակալութիւնը յայտնեց դպրոցի պատասխանատուներին, համայնքի Վարչութեանն ու ծնողներին, որոնք մեծ հոգատարութեամբ համագործակցել են վերոնշեալ հիմնարկութեան հետ՝ ամէն ջանք ի սպաս դնելով աշակերտների կրթադաստիարակչական մակարդակը զարգացնելու ուղղութեամբ:
Օրւայ առիթով գեղեցիկ խօսքով եւ ասմունքով արտայայտւեցին աշակերտ-ուհիներ Վաչէ Քեշիշեանը, Արմիկ Մատթէոսեանը եւ Բիւրա Մինասեանը:
Նոյն օրն առաւօտեան ժամը 10:30-ին, դպրոց շնորհ բերեց Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը՝ Թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների ուղեկցութեամբ: Գերշ. Սրբազան Հայրն օրհնելով աշակերտներին նրանց յորդորեց սովորել ջանասիրութեամբ, իսկ խօսքն ուղղելով ծնողներին դրւատեց նրանց՝ հայոց դպրոցին անվերապահ վստահելու եւ հետեւաբար իրենց սիրասուն աշակերտներին հայոց դպրոց ուղարկելու համար:
Ապա ակնարկելով «Սրբազան Պաշտպանութեան Շաբաթւան» մեծ ակնածանքով յիշեց սուրբ նահատակների եւ քաջ մարտիկների աննկուն պայքարը՝ Իրանի նւիրական հողը եւ ամբողջականութիւնը պաշտպանելու համար:
Հանդիսաւոր բացման աւարտին Սրբազան Հօր ձեռամբ հնչեց տարեմուտի առաջին զանգը եւ նախատեսւած համեստ հիւրասիրութիւնից յետոյ աշակերտ-ուհիները մեծ խանդավառութեամբ շտապեցին դէպի դասարանները:
Այնուհետեւ Սրբազան Հայրը եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնը ներկայացան համայնքի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարան՝ որտեղ նոյն խանդավառութեամբ իրենց էին սպասում դպրոցի սաները, պատասխանատուները եւ ծնողները: Այնտեղ եւս թեմակալ առաջնորդն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին եւ իր ձեռամբ հնչեցրեց տարեմուտի առաջին զանգը: