Հայ ժողովրդի միասնական կամքի արտացոլման եւ հայրենիքում ազատ ապրելու ցանկութեան իրականացման տօնի՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 24-ամեակի առթիւ, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. “Արարատ” միութեան մարզասրահում, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքի անդամների մասնակցութեամբ տեղի ունեցաւ հանդիսաւոր տօնակատարութիւն: Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած այս միջոցառմանը ներկայ էին նաեւ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, դեսպանատան պաշտօնատարներ, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, քահանայից դասը եւ ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամներ:
Տօնակատարութիւնն սկիզբ առաւ Իրանի Իսլամական եւ Հայաստանի Հանրապետութիւնների հիմների յոտնկայս ունկնդրութեամբ, որից յետոյ երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը շնորհաւորանքի խօսք ուղղելով պանծալի առիթի կապակցութեամբ, անկախութեան ձեռքբերումը հայ ժողովրդի համար շրջադարձային իրադարձութիւն համարեց եւ նշեց, որ այն իրականացւել է ժողովրդի մեծ զոհողութիւնների շնորհիւ:
Այնուհետեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի խօսքն ընթերցեց նոյն խորհրդի անդամ Քառոլին Դիլանչեանը, որտեղ ասւած էր. “Մեր ժողովուրդը միշտ իր ուղենիշն ունենալով անկախութեան բացարձակ արժէք լինելու գաղափարը, փաստել է, որ յանուն այդ արժէքի պատրաստ է բարձրագոյն զոհաբերութիւնների՝ յաղթահարելով լուրջ դժւարութիւններ: Համոզւած ենք՝ արդար, ժողովրդավար եւ օրըստօրէ հզօրացող պետութիւն ունենալը կախւած է Հայաստանի թէ Սփիւռքի իւրաքանչիւր հայի կատարած ներդրումից ու աշխատանքից: Ուստի այսօր վերագնահատելով մեր անցած ուղին եւ սերտելով պատմութեան կարեւոր դասերը, պիտի փորձենք առաջնորդւել միայն համազգային շահերով եւ միասնականօրէն քայլել մեր ագզային իդէալների ուղղութեամբ”: Պատգամի աւարտին Թեմական խորհուրդը շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ հայ ժողովրդին մաղթեց արդիւնաւէտ աշխատանք յանուն հայրենիքի բարգաւաճման ու զարգացման:
Ելոյթների շարանում արտայայտւեց Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, ով սկզբում շնորհաւորելով ՀՀ անկախութեան 24-րդ տարեդարձի կապակցութեամբ, ասաց. “Թէեւ 24 տարիները պատմութեան տեսակէտից մեծ ժամանակաշրջան չեն համարւում, սակայն նշւած ժամանակահատւածն իր պատմական խտացւածութեամբ, իրադարձութիւնների բազմազանութեամբ ու բազմաբարդութեամբ 100 ամեակների հաւասար արժէք կարող է ունենալ ցանկացած ազգի համար”: Այնուհետեւ նա թւարկելով վերանկախացումից յետոյ Հայաստանի առջեւ ծառացած դժւարութիւնները, ինչպիսին են՝ երկրաշարժի հետեւանքները, պատերազմը, տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակումները, աղքատութիւնը, կորուստներն ու զոհերը, յայտարարեց, որ այդ դժւաուրութիւնների մեծամասնութիւնը յաղթահարւել են:
Յարգելի դեսպանը մատնանշելով անցնող տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետութեան մի շարք ձեռքբերումները՝ ՄԱԿ¬ի լիիրաւ անդամ դառնալը եւ կայացած պետութիւն ու մարտունակ բանակ ունենալը, կոչ արեց՝ գիտակցել, թէ մեր ապագայի ճակատագրի ճարտարապետը, նախագծողն ու կերտողը Հայաստանն ու հայ ժողովուրդն են: Նա դժւարութիւնների համար ուրիշներին մեղադրելը պարտութիւն համարելով, ընդգծեց, որ իշխանութեան ու ժողովրդի հաւաքական ջանքերի շնորհիւ խնդիրները յաղթահարւելու են:
Երեկոյի պաշտօնական բաժինը եզրափակւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի հայրական պատգամով: Սրբազան Հայրն իր խօսքում կարեւորութեամբ նշելով, որ հայ ժողովրդի կեանքում ազգային եւ հոգեւոր գանձ ու արժէք են համարւում իր լեզուն, հայրենիքը, եկեղեցին եւ մշակոյթը, ներկաներին յորդորեց ՀՀ վերանկախացման 24-րդ տարեդարձի առթիւ իրենց ուխտը վերանորոգելով՝ իրենց սիրտը դնել իսկական գանձի՝ ազատ եւ անկախ Հայաստանի վրայ, քանի որ դա է հայ ժողովրդի ու եկեղեցու գոյատեւման եւ հզօրացման գրաւականը:
Թեմակալ առաջնորդն իր խօսքի շարունակութեան մէջ կոչ ուղղեց հայ ժողովրդի զաւակներին՝ դժւարութիւններից ու նեղութիւններից չյուսահատւել, հայրենի հողը չլքել եւ կառչած մնալով սրբազան հողին, այն պաշտպանել արժանապատւութեամբ, յարգանքով, սիրով ու նւիրումով:
Վերջում Սրբազան Հայրը շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ մաղթեց, որ Հայաստանի պետականութիւնն ու բանակը օրըստօրէ առաւել զօրանան եւ հայ ժողովուրդը գոյատեւի ու ստեղծագործի:
Երեկոյի պաշտօնական բաժնին յաջորդեց գեղարւեստական ծրագիրը, որտեղ ազգային, յեղափոխական եւ ժողովրդական երգերի կատարմամբ մտերմիկ ու խանդավառ մթնոլոտ ստեղծեց ՀՀ վաստակաւոր արտիստ Արսէն Գրիգորեանը (Մրօ):