Սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կրթահամալիրի բակում իմի էին հաւաքւել տարրական օղակի «Արմէն», ուղեցոյց-միջնակարգ օղակների «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց դպրոցների աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմերը եւ ծնողները:
Աշակերտութեանը ողջունելու էին եկել Սպահանի Հայոցի Թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանը, արժանապատիւ Տ. Մեսրոպ Աւ. Քհնյ. Գալստանեանը եւ Թեմի Պատգամաւորական Ժողովի, Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները:
Յանուն կրթահամալիրի տեսչութեանց, ներկաներին ողջունեց «Արմէն» դպրոցի տեսուչ պրն. Վրէժ Շիրվանեանը, որը բարի գալստեան խօսք ուղղեց եւ բոլորին շնորհաւորեց ուսումնական տարեմուտը:
Յաջորդիւ արտայայտւեցին «Քանանեան» դպրոցի տեսչուհի՝ տկն. Սալարիֆարը եւ «Կատարինեան» դպրոցի տեսուչ՝ պրն. Մոհսէն Փուրը, որոնք իրենց հերթին շնորհաւորեցին ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկը՝ այն համարելով ուսումնա-դաստիարակչութեան գարունը, յորդորելով աշակերտութեանը դպրոցական շրջանից դասեր քաղել թէ՛ դաստիարակութեանը առնչւող եւ թէ՛ ուսմանը:
Ապա յանուն Սպահանի Հայոց Թեմի Կրթական խորհրդի արտայայտւեց կազմի ատենապետ՝ տկն. Սաթօ Աւետումեանը: Նա իր խօսքերում շեշտաւորեց դպրոցական շրջանում աշակերտ-ուսուցիչ յարաբերութիւնը եւ այդ յարաբերութեան արդիւնքում աշակերտութեանը փոխանցւած հայեցի դաստիարակութիւնը: Ակնարկելով Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին՝ աշակերտութեանը փոխանցեց լծւել արարող կեանքի ու պահանջատէրը լինել հայ ազգի արդար իրաւունքների: Տկն. Աւետումեանը նաեւ պարսկերէն լեզւով փոխանցեց իր պատգամը:
Վերջում արտայայտւեց Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանը: Սրբազան Հայրը դպրոցի կազմին եւ աշակերտութեանը վստահեցրեց, որ տարեշրջանի ընթացքում, ազգային մարմինների հետ միասնաբար զօրավիգ է հանդիսանալու եւ դպրոցի կողքին է լինելու՝ աշակերտների հայօրէն մեծանալու եւ առողջ սերունդ դաստիարակելու գործում: Նա շնորհաւորեց Իրանի «Սրբազան պաշտպանութեան շաբաթ»-ը, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնը: Թեմակալ Առաջնորդը իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ մատնանշելով 2015 թւականի շրջադարձային լինելը, ակնարկ ունեցաւ ընթացիկ տարւայ ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին եւ կատարւած աշխատանքներին: Նա օրհնեց ուսուցչական կազմերին, որոնք ստանձնել են մատաղ սերնդին կրթելու դժւարին աշխատանքը, ծնողներին յորդորեց միշտ լինել հայ դպրոցի կողքին, իսկ աշակերտներին մաղթեց լինել ժրաջան եւ աշխատասէր, որպէսզի դառնան Մեսրոպ Մաշտոցի իսկական աշակերտները:
Սրբազան հօր խօսքերի աւարտին, բոլորը միասնաբար արտասանեցին «Տէրունական աղօթքը» եւ գերշ. Տէր Բաբգէն Արք. Չարեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր Մարտիրոսեանի հնչեցրած զանգի ներքոյ, աշակերտները ուղղորդւեցին դէպի իրենց դասարանները:
Սրբազան Հայրը եւ ազգային մարմինները ներկայացան նաեւ Հայոց Ազգային մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ ողջոյնի խօսք արտասանեց դպրոցի տեսչուհի՝ տկն. Քառոլին Դիլանչեանը եւ շնորհակալութիւն յայտնեց ազգային մարմիններին՝ դպրոցին ինչպէս միշտ սատար հանդիսանալու, նաեւ անցնող տարւայ ընթացքում դպրոցում նորոգութիւններ իրականացնելու համար: Սրբազան հայրը եւս մտերիմ զրոյց ունեցաւ դպրոցի սաների հետ, նրանց յորդորեց լինել հնազանդ իրենց ուսուցիչներին, սիրել հայոց վարժարանը եւ լաւ սովորել հայոց լեզուն: Վերջում օրհնեց բոլորի ներկաներին եւ հնչեցրեց առաջին զանգը:
Շնորհաւորելով դպրոցական տարեմուտը, մաղթում ենք յաջողութիւններով լի տարեշրջան: