Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու Թուրքիոյ պետութեան կողմից դրա ուրացումը բարձրաձայնելու նպատակով, 1983 թւականի յուլիսի 27-ին Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Սեդրակ Աճեմեանը, Վաչէ Դաղլեանը, Արա Քերջլեանը, Սիմոն Եահնեանը եւ Սարգիս Աբրահամեանը Լիսբոնում տեղակայւած Թուրքիայի դեսպանատունը գրաւելուց յետոյ պայթեցրին այն եւ փլատակների տակ ողջակէզ դարձած՝ նահատակւեցին:
Լիսբոնում զոհւած հինգ մարտիկների յիշատակը յարգելու եւ վառ պահելու նպատակով, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2015 թւականի սեպտեմբերի 9-ի երեկոյեան ժամը 8-ին, միութեան սրահում տեղի ունեցաւ յուշերեկոյ: Միջոցառման սկզբում միաւորի Արի-արենուշական հատւածի միջոցով կատարւեց դրօշակի արարողութիւն, ապա միաւորի Գերագոյն մարմնի խօսքն ընթերցեց Մանիա Ղուկասեանը: Ծրագրի ընթացքում ներկաներն ունկնդրեցին Արեգա Սիմոնեանի եւ Վանիա Պետրոսեանի կատարմամբ՝ Սիլւա Կապուտիկեանի հայրենասիրական ստեղծագործութիւններից, դիտեցին հինգ մարտիկների անձնազոհական ակտի մասին փաստա-վաւերագրական տեսաժապաւէնը եւ Հարմա կարապետեանի ու Թանգիկ Միրզախանեանի կատարմամբ՝ «Զինւորի երգը»:
Ներկաները վայելեցին նաեւ միաւորի Գայլիկ–արծւիկների կատարմամբ հայրենասիրական խմբերգեր: Երեկոն վարեց Վեհանուշ Խուդաբախշեանը:
Նշելի է, որ յուլիսի 26-ից 30-ը նոյն միաւորի նախաձեռնութեամբ անցկացւեց ամենամեայ կարգով տեղի ունեցող ֆուտբոլի 25-րդ մրցաշարը: