Ուրբաթ՝ օգոստոսի 14-ին, Սպահան քաղաքում կայացաւ մարմնամարզութեան (բադիբիլդինգ) մարզաձեւի Սպահան նահանգի առաջնութիւնը, որի արդիւնքում փայլուն յաջողութիւններ արձանագրեցին Նոր Ջուղայեցի երկու մարզիկներ:
Մրցոյթի մեծահասակների բաժնի 65 կ.գ. քաշային կարգում, Էդւիկ Մարկոսեանը յաջողեց նւաճել ոսկէ մեդալ եւ նահանգի չեմպիոնի կոչումը, իսկ մրցոյթի վետերանական (վաստակաւորներ) բաժնում Նորւիկ Օհանեանը փոխչեմպիոն ճանաչւելով՝ արժանացաւ արծաթէ մեդալի:
Էդւիկ Մարկոսեանը ծնւել է 1983 թւականին եւ 15 տարեկան հասակից զբաղւել է այս մարզաձեւով, իսկ Նորւիկ Օհանեանը, որը ծնւել է 1974-ին, շուրջ 6 տարի է, ինչ զբաղւում է մարմնամարզութեամբ եւ 2014 թւականից սկսել է իր պրոֆեսիոնալ մարզումները: Նրանք իրենց վերապատրաստման պարապմունքներն անց են կացրել «Մասիս» մարմնամարզութեան սրահում՝ Ա կարգի մարզիչ Ռեզա Շահրեարի վերահսկողութեամբ:
Երկու մարզիկներն էլ թեւակոխելով յաջորդ փուլ՝ իրանական ընթացիկ տարւայ յաջորդ ամիսներին մասնակցելու են երկրի առաջնութեանը:
Կանաչ ճանապարհ ենք մաղթում Նորւիկին ու Էդւիկին եւ ցանկանում նորանոր յաջողութիւններ:
Ալիքի Թղթակից (Նոր Ջուղա)