Չորեքշաբթի՝ 2015 թւականի սեպտեմբերի 2-ին, Ս. Ամենափրկչեան Վանք այցելեցին Լիբանանի Հ.Յ.Դ., Հեզբալլահ, Ժողովրդական շարժում, ազգային, աշխատաւորական, դեմոկրատ եւ իսլամ ու քրիստոնեայ այլ կուսակցութիւնների ղեկավարներից եւ ներկայացուցիչներից բաղկացած առաւել քան քսան հոգիանոց մի պատւիրակութիւն:
Պատւիրակութիւնը Իրան էր ժամանել պետական հրաւէրով, որի նպատակն էր երկկողմ համագործակցութեան զարգացման, յարաբերութիւնների ամրապնդման եւ տարածաշրջանում տիրող պատերազմական ծանր կացութիւնից դուրս գալու ելքերի մասին խորհրդակցութիւն ունենալ պետական բարձրաստիճան պատասխանատուների հետ:
Ս. Ամենափրկչեան վանքում հիւրերին ընդառաջ գնացին արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Հայ դատի Նոր Ջուղայի յանձնախմբի ներկայացուցիչները:
Պատւիրակութիւնը նախ այցելեց «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարան, ապա Ծաղկեայ դահլիճում հանդիպում ունեցաւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի եւ ազգային իշխանութեան պատասխանատուների հետ:
Հանդիպման ընթացքում արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր-Մարտիրոսեանը բարիգալստեան խօսքերով ողջունեցին հիւրերի ներկայութիւնը եւ բարձր գնահատեցին տարածաշրջանում ու յատկապէս Լիբանանում խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ նրանց տարած աշխատանքը: Պրն. Վրէժ Տէր-Մարտիրոսեանը ներկաներին վստահեցրեց, որ Իրանը եւ հայ ժողովուրդը միշտ կողմ եւ պաշտպան է խաղաղութեան եւ համերաշխութեան: Այդ իսկ պատճառով Իրանում կամ Լիբանանում հայութիւնը պատրաստակամ է գործակցել Լիբանանի խաղաղասէր կուսակցութիւնների միութեան հետ: Թեմական խորհրդի ատենապետը խորին շնորհակալութին յայտնեց պատւիրակութեան անդամներին՝ Հայ դատի խնդրով նրանց զօրակցութեան համար:
Այնուհետեւ արտայայտւեցին պատւիրակութեան անդամները, ովքեր համապարփակ բացատրութիւն ներկայացրին իրենց գործունէութեան եւ Իրան այցելելու նպատակի մասին, միաժամանակ իրենց զօրակցութիւնը յայտնեցին համայն հայութեանը՝ որպէս խաղաղասէր ժողովրդի:
Վերջում արտայայտւեց հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը՝ յաջողութիւն մաղթելով նրանց գործունէութեանը եւ դրական առաջընթաց ցանկանալով:
Հանդիպումից յետոյ պատւիրակութեան անդամները ներկայանալով Ապրիլեան եղեռնի յուշարձանի առջեւ՝ ծաղիկներ մատուցեցին եւ աղօթեցին նահատակների հոգիների խաղաղութեան համար: