«Մանուկ եւ տեւական խաղաղութիւն» հաստատութեան նախաձեռնութեամբ եւ Թեմիս Թեմական խորհրդի համագործակցութեամբ «Մանուկ, խաղաղութիւն եւ միասնութիւն» կարգախօսով մանկա-պատանեկան միջազգային փառատօնն իր աշխատանքն աւարտեց հինգշաբթի՝ 2015 թւականի օգոստոսի 20-ի միջօրէին, Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում:
Ծրագրին ներկայ էին Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն հոջ. դկտ. Առզանին եւ նոյն հաստատութեան կրօնական փոքրամասնութիւնների բաժնի տնօրէն պրն. Թաբաթաբային, Իրանի իսլ. խորհրդարանում Սպահանի պատգամաւոր դկտ. Քամռանը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, քահանայ հայրեր, Ազգային առաջնորդարանի պատասխանատուներ եւ պետական մի շարք հրաւիրեալներ:
Փառատօնի փակման արարողութեան ընթացքում, մասնակից մանուկ-պատանիները, խմբերի բաժանւած, ներկայացրին անցնող երկու օրերի ընթացքում փորձած, երբեմն իրենց հեղինակած երաժշտութեան, երգի, բանաստեղծութեան, թատրոնի եւ գեղարւեստական այլ ոլորտներին պատկանող աշխատանքները, որոնք մասնակից կրօնների մէկական ներկայացուցիչներից բաղկացած իրաւարար կազմի կողմից բոլորն էլ գնահատւեցին շատ լաւ։
Ընթացքում Հոջ. դկտ. Առզանիի, դկտ. Քամռանի եւ «Սաբեին Մանդայի» (Յովհաննէս Մկրտչի հետեւորդներ) կրօնական համայնքի ղեկավար պրն. Չոհէյլիի միջոցով յուշանւէրներ շնորհւեցին փառատօնի կազմակերպիչներին, պատասխանատուներին, ուսուցիչներին եւ համագործակցած կազմերի պատասխանատուներին, որից յետոյ պրն. Ռուբէն Խաչիկ-Գրիգորեանի միջոցով ընթերցւեց փառատօնի հռչակագիր-յայտարարութիւնը։
Փակման ծրագրից յետոյ, ներկաներն այցելեցին փառատօնի մասնակիցների ձեռքի աշխատանքներից պատրաստւած ցուցահանդէսը: