Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղաւար տօներից Ս. Աստւածածնի վերափոխման տօնի առթիւ, ուրբաթ՝ օգոստոսի 14-ի առաւօտեան, Փերիա գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում Ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի: Օրւայ պատարագիչն էր արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ արարողութեանը մասնակցում էին նաեւ թեմի դպրաց դասը: Ընթացքում շարականների երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախմբի ծիսական խմբի անդամուհիները:  

Հոգեպարար արարողութեանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր Մարտիրոսեանն ու Կրօնական խորհրդի անդամ պրն. Սաքօ Տէր Յովհաննիսեանը, որոնք ընկերակցելով Սրբազան Հօրը Սպահանից ժամանել էին Խոյգան գիւղ, եւ հոծ թւով հաւատացեալ ուխտաւորներ: 

Ս. Պատարագի ընթացքում գերշ. Տ. Բագէն արք. Չարեանն օրւայ խորհրդին առնչւող իր քարոզում հակիրճ անդրադարձ ունենալով Ս. Կոյսի կեանքին՝ կարեւորութեամբ ընդգծեց նրա յաւերժ կուսութեան եւ Աստւածամայր լինելու ճշմարտութիւնը՝ նշելով նաեւ, որ Ս. Աստւածածնի վերափոխման տօնի օրը ոգեկոչւում է Տիրամօր երկինք փոխադրւելու յիշատակը: Այնուհետեւ նա իր խօսքի շարունակութեան մէջ կարեւորելով Կոյսի մայրութեան տիպար լինելու փաստը, աւելացրեց. «Ս. Կոյս Մարիամի կեանքի տիպար օրինակը բոլոր կանանց ու մայրերին ասում է, թէ իրենց կեանքն ապրեն Աստւածամօր օրինակով՝ անարատութեամբ, սրբութեամբ, համբերութեամբ, հաւատով ու աղօթքով»:

Քարոզի մի այլ բաժնում գերշ. Սրբազան Հայրը ներկաներին յորդորեց՝ հաւատքի ներշնչման աղբիւրի այս տօնին վերանորոգել եւ զօրացնել իրենց հաւատը: 

Վերջում գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը շնորհաւորանքի խօսք փոխանցելով Ս. Կոյսի վերափոխման եւ յատկապէս Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօների կապակցութեամբ, օրւայ արարողութեան մատուցման համար ողջունեց հոգեւորական դասի եւ երգեցիկ խմբի կատարած աշխատանքը: Նա ողջոյնի խօսք ուղղելով նաեւ Խոյգան գիւղի եկեղեցու վարչութեանն ու մի շարք անհատների՝ եկեղեցին բարեզարդ վիճակում պահելու կապակցութեամբ, իր ուրախութիւնը յայտնեց, առ այն, որ այս տօնը նշւեց հոծ թւով ուխտաւորների մասնակցութեամբ:

Ս. Պատարագի աւարտին հաւատացեալները պատարագիչ Քահանայ Հօր ձեռամբ ստացան ս. հաղորդութիւն, որից յետոյ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ տեղի ունեցաւ աւանդական Խաղողօրհնէքի արարողութիւնը եւ օրհնւած խաղողը բաժանւեց ներկաների միջեւ: