Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ միութեան Ֆուտբոլի յանձնախմբի, թւականիս յուլիսի 26-ից 30-ը միութեան մարզական բաժնում տեղի ունեցաւ ֆուտբոլի 25-րդ ընկերական խաղերը՝ նւիրւած Հայ Յեղափոխական Բանակի հինգ մարտիկներ՝ Սեդրակ Աճեմեանի, Վաչէ Դաղլեանի, Արա Քերջլեանի, Սիմոն Եահընեանի եւ Սարգիս Աբրահամեանի յիշատակին, ովքեր 1983 թ. յուլիսի 27-ին անձնազոհական մի ակտով զինւած յարձակում կատարեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնում տեղակայւած Թուրքիայի դեսպանատան վրայ եւ 3-ժամեայ գրաւումից յետոյ՝ պայթեցրին այն ու փլատակների տակ ողջակիզւելով բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու Թուրքիոյ պետութեան կողմից դրա ուրացումը:
Հնգօրեայ մրցաշարի ընթացքում մրցադաշտ իջան համայնքի երիտասարդներից կազմւած՝ «Արարատ», «Փիւնիկ», «Ախթամար», «Վաչէ», «Սարդարապատ» եւ «Գիւմրի» սիրողական խմբերը:
Եզրափակիչ փուլում մրցակցեցին «Գիւմրի» եւ «Վաչէ» խմբերը, որի արդիւնքում յաղթող ճանաչւեց «Վաչէ» խումբը:
Նշելի է, որ Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին կազմակերպւելու է նաեւ յուշերեկոյ, որի ընթացքում կը պարգեւատրւեն առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած խմբերի անձնակազմը եւ մրցավարութիւնը սիրայօժար կերպով ստանձնած իրաւարար կազմը:
Մրցաշարն իրականացաւ Սկաուտական միաւորի կազմակերպիչ յանձնախմբի անվերապահ աջակցութեամբ, որի անձնակազմը ներկայացնում էին Թադէ Ղարիբեանը, Արփիար Դաւթեանը, Սիփան Անդրիասեանը, Սասուն Սիմոնեանը, Արայիկ Սիմոնեանը, Շանթ Մելքոնեանը եւ Դերենիկ Թորոսեանը: