Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած Հայաստանում կայանալիք Հայոց լեզւի եւ գրականութեան 7-րդ համահայկական օլիմպիադային եւ Հայոց եկեղեցու պատմութեան մրցոյթին մասնակցելու նպատակով Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» դպրոցի 8-րդ դասարանի եւ առաջին, երկրորդ ու երրորդ միջնակարգ բաժնի ընտրեալ աշակերտուհիները, ովքեր ամիսներ շարունակ իրենց ուսուցչուհիների եւ պատասխանատուների միջոցով զբաղւել էին նախապատրաստական աշխատանքով, իրենց ծնողների եւ դպրոցի պատասխանատուների հետ, հինգշաբթի՝ յուլիսի 16-ին, ներկայացան Ս. Ամենափրկչեան վանք եւ Ծաղկեայ դահլիճում հանդիպում ունեցան Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանին: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները:
Հայր Սուրբն ուրախութեամբ ողջունեց օլիմպիադային մասնակցող աշակերտուհիներին եւ իր օրհնութիւնը տւեց նրանց՝ վստահ լինելով, որ նրանք արժանի կերպով արդարացնելու են իրենց: Նա նաեւ գնահատեց աշակերտուհիների կողքին եղած եւ նրանց պատրաստման համար աշխատած պատասխանատուներին, ուսուցչուհիներին ու ծնողներին:
Մասնակիցներն իրենց տպաւորութիւնները կիսեցին ներկաների հետ եւ շնորհակալական խօսքեր ուղղեցին իրնեց ուսուցչուհիներին:
Օլիմպիադային մասնակցող խմբի ընդհանուր պատասխանատու Ռիմա Սիմոնեանը մանրամասնութիւններ փոխանցեց մասնակցութեան համար տարւած նախապատրաստական աշխատանքների մասին:
Հանդիպման ընթացքում հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ, Հայոց դպրոցի պատասխանատուների պատրաստած նւէրով, գնահատւեց նաեւ 2014-15 ուսումնական տարեշրջանում Ն.Ջ. Հայոց ազգային «Քանանեան» դպրոցի լաւագոյն աշակերտի կոչումին արժանացած Արփա Մարգարեանը, ով այս տարի զուգադիպութեամբ մաս է կազմում օլիմպիադային մասնակցող խմբին:
Հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի օրհնութիւնն ստանալուց եւ «Տէ՜ր, ուղղեա՜ զգնացս» աղօթքն ունկնդրելուց յետոյ, մասնակիցները Ս. Ամենափրկչեան վանքի բակում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին վեր խոյացած յուշարձանի առջեւ ծաղիկներ մատուցելով՝ իրենց յարգանքը յայտնեցին բիւրաւոր նահատակների հոգիներին: