Խնդրեմ ներկայացնել յանձնախմբի անձնակազմը:
Յանձնախումբը կեանքի է կոչւել Թեմական Խորհրդի կողմից եւ կրում է ներկայացուցչական բնոյթ: Կազմում ընդգրկւած են մէկական ներկայացուցիչներ Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութիւնից եւ «Սեւան» ֆուտբոլի խմբից, երկու ներկայացուցիչներ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» Միութիւնից եւ մէկ ներկայացուցիչ՝ Նոր Ջուղայի հայ համայնքից:
Յանձնախումբը, Թեմական Խորհրդի կողմից հրաւիրւած անդրանիկ նիստում, կայացած թւականիս Մայիսի 18-ին, կատարեց պարտականութիւնների բաժանում, ըստ հետեւեալի՝
Պրն. Ժորժ Ղազարեան՝ նախագահ
Տկն. Այլին Մելիքեան՝ քարտուղար
Պրն. Զարեհ Յովսէփեան՝ գանձապահ
Պրն. Սարօ Շահմիրզայեան՝ խորհրդատու
Պրն. Արւին Անդրիասեան՝ խորհրդատու
Յատկանշական է, որ Համահայկական ամառային խաղերի կանոնակարգի համաձայն, խաղերին մասնակցում են աշխարհի քաղաքների հաւաքական թիմերը, ոչ թէ առանձին միութիւններ կամ կառոյցներ, սակայն «Սեւան» ֆուտբոլի խմբի պատասխանատուները ցանկութիւն յայտնեցին մասնակցել խմբի անւան տակ, ինչը հակասում էր խաղերի կանոնակարգին: Խմբի մարզիկներին խաղերին մասնակցելու հնարաւորութիւնից չզրկելու մտահոգութիւնից ելնելով, Թեմական Խորհուրդն առաջարկեց մասնակցել Շիրազ քաղաքի անւան տակ, որին համաձայնութիւն տւեցին խմբի պատասխանատուները, սակայն խումբը թիւ չկազմելու պատճառով չկարողացաւ մասնակցել խաղերին, իսկ այդ պատճառով սոյն խմբի ներկայացուցիչը եւս չմասնակցեց յանձնախմբի աշխատանքներին: Շահինշահրի հայ համայնքը եւս բաւարար թւով մարզիկներ չունենալու հետեւանքով, հրաժարւեց խաղերին մասնակցելուց, իսկ համայնքի ներկայացուցիչը եւս դադարեցրեց իր աշխատանքը յանձնախմբում: Այժմ յանձնախումբը աշխատում է երեք հոգով:
Քանի հոգուց է բաղկացած Թեմիս պատւիրակութիւնը եւ ի՞նչ մարզաձեւերով է մասնակցելու խաղերին:
Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկւած են 17 մարզաձեւեր, որոնցից իւրաքանչիւրի համար ճշտւել է թիմի կազմը եւ մասնակիցների թիւը: Ըստ այդմ ճշտւել է Թեմիս պատւիրակութեան թիւը, որը բաղկացած է 84 հոգուց, ներառեալ մարզիկներ, մարզիչներ եւ պատասխանատուներ: Պատւիրակութիւնը խաղերին մասնակցելու է Սպահան քաղաքի անւան տակ, հետեւեալ մարզաձեւերում՝
- Ֆուտբոլ
- Բասկետբոլ (օրդ. եւ տղ.)
- Թեթեւատլետ (օրդ. եւ տղ.)
- Թենիս (տղ.)
- Լող (օրդ. եւ տղ.)
- Բազկամարտ (տղ.)
- Սեղանի թենիս (օրդ. եւ տղ.)
- Հեծանւասպորտ (տղ.)
- Շախմատ (տղ.)
Մարզիկների ընտրութեան համար ի՞նչ սկզբունք է կիրառւել:
Յանձնախումբը աշխատանքի անցնելուց անմիջապէս յետոյ հրապարակեց յայտարարութիւն, որով Թեմիս անցեալ եւ փորձառութիւն ունեցող մինչեւ 35 տարեկան մարզիկ-ուհիներին հրաւիրեց արձանագրւելու եւ լաւագոյն մարզիկի ընտրութեան մրցոյթին մասնակցելու համար: Ա րդիւնքում, լաւագոյն ռեկորդ սահմանած մարզիկները ներգրաււեցին մարզական պատւիրակութեան կազմում:
Ի՞նչ դժւարութիւնների դէմ յանդիման է կանգնած յանձնախումբը:
Շրջանիս պատւիրակութեան մասնակցութիւնը պայմանաւորւած է խոշոր ծախսումների հետ, հետեւաբար հիմնական եւ ամենից կարեւոր դժւարութիւնը նիւթականն է: Այս ուղղութեամբ Թեմիս Թեմական Խորհրդի հետ վարած բանակցութեան արդիւնքում, բարեբախտաբար Թեմական Խորհուրդն ամբողջութեամբ ստանձնեց մասնակցութեան ծախսը, այնպէս որ մարզիկներից ոչ մի գումար չի գանձւելու: Այս ուղղութեամբ մեծ աշխատանք են կատարել նաեւ ԻԻ խորհրդարանում հայ զոյգ պատգամաւորները, փորձելով պետական բիւջէից միջոցներ հայթայթել՝ իրանահայ մարզական պատւիրակութիւններին օժանդակելու համար: Մենք եւս ջանանում է հովանաւորողներ գտնել, սակայն այս ուղղութեամբ մինչեւ այսօր դրական արդիւնքի չենք հասել:
5- Պատւիրակութիւնը երբ է մեկնելու Հայաստան:
Պատւիրակութիւնը թւականիս Յուլիսի 31-ին ուղեւորւելու է դէպի Հայաստան, իսկ փակման յաջորդ օրը՝ Օգոստոսի 14-ին, վերադառնալու է Իրան:
Յատկանշական է, որ արդէն իսկ կարգաւորւել է պատւիրակութեան երթեւեկութեան, Հայաստանում կեցութեան եւ մարզական համազգեստների հարցը:
6- Եթէ աւելացնելու որեւէ խօսք ունէք, խնդրեմ համեցէք:
Ինչպէս տեղեակ էք, այս տարի խաղերը նւիրւած են Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, առ այդ խաղերի ջահի վառման արարողութիւնը կրելու է խորհրդանշական բնոյթ, որի համաձայն մինչեւ խաղերի մեկնարկը ջահը անցնելու է ինչպէս Հայաստանի մարզերով, այնպէս էլ Սփիւռքի գաղթօջախներով: Ուրախութեամբ պէտք է տեղեկացնել, որ որպէս սփիւռքը խորհրդանշող վայր նկատի է առնւել նաեւ Ս. Թադէոս Առաքեալի Վանքը, որտեղ կայանալիք ուխտագնացութեան ընթացքին, յատուկ արարողութեամբ վառւելու է ջահը եւ տեղափոխւելու է Հայաստան:
Վերջում հարկ եմ համարում յանուն Թեմիս յանձնախմբի մեր շնորհակալութիւնը յայտնել Թեմական Խորհրդին ցուցաբերած նիւթական հովանաւորութեան համար, առանց որի հնարաւոր չէր լինի մեր մասնակցութիւնը խաղերին, ԻԻ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Պրն. Ռոբերտ Բեգլարեանին, որի հետեւողական աշխատանքի շնորհիւ հնարաւոր դարձաւ առանց նիւթական միջամտութեան, ապահովել զինւորացու մարզիկների մասնակցութիւնը եւ վերջապէս Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Կենտրոնական Վարչութեանը՝ յանձնախմբին գրասենեակ եւ գրասենեակային յարմարութիւններ տրամադրելու կապակցութեամբ: