Միջազգային համբաւ ձեռք բերած սփիւռքահայ մոդելաւորող՝ Գէորգ Շադոյեանը, թւականիս յուլիսի 9-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում ցուցադրեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած իր «Վերածնունդ» տարազների հաւաքածուն, որ ներկայացնում էր 18-րդ դարավերջի եւ 19-րդ դարասկզբի հայկական տարազների ցուցանմուշները: Հաւաքածուն բաղկացած է Մուշի, Տարօնի, Տրապիզոնի, Սիւնիքի, Արցախի, Խարբերդի, Կիլիկիայի, Զէյթունի, Կարինի, Վասպուրականի, Բաղէշի, Սեբաստիայի Գովտուն գիւղի եւ թեհրանահայի կնոջ 26, տղամարդու 8 եւ մանկական 15 տարազների ցուցանմուշներ: Այս բացառիկ եւ իւրօրինակ հաւաքածոյի ցուցադրումը եզրափակւեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ ծաղկի պատկերով ստեղծւած զգեստի ցուցադրումով, որը զուգորդւած էր Մանէ Թահմազեանի կատարմամբ՝ «Դլէ եաման» երգով:
«Գէորգ Շադոյեանն իր այս հաւաքածուն ստեղծելու նպատակով շրջել է Հայաստանի տարբեր շրջանները, բոլոր տարազների թանգարանները եւ ուսումնասիրել տպագիր աղբիւրները եւ համադրելով իր վառ երեւակայութիւնն ու աւանդական զգեստների տարրերը՝ կտորի տեսակը, զարդանախշերը եւ գոյները, հնի ու նորի համադրութեամբ ստեղծել է զգեստներ, որոնցով վերածնունդ է տւել հայկական աւանդական տարազներին»,- նշւած էր բացման խօսքում, որով հանդէս եկաւ օրւայ հանդիսավարուհի Մանիա Ղուկասեանը:
Երեկոն հագեցած էր նաեւ «Shadoyan fashion» ապրանքանիշի գիշերային զգեստների հաւաքածոյի տեսանիւթի ցուցադրութեամբ, պարով, ասմունքով եւ երգերով, որոնք կատարեցին Հայաստանից ժամանած մենապարուհի Արիգա Պետրոսեանը, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի ասմունքող Կարէն Խանլարեանը եւ Թեհրանից ժամանած երգիչ Էդւարդ եւ գիտարիստ էդւին Աբրահամեան եղբայրները: Երեկոն ամփոփւեց ձեւագէտ Գէորգ Շադոյեանի շնորհակալական խօսքերով ուղղւած կազմակերպիչներին, մոդելներին, մանուկների ծնողներին եւ ծրագրի գեղարւեստական բաժնի պատասխանատուներին ու կատարողներին եւ առանձնապէս իրանահայ Արթուր Ասատրեանին՝ նիւթերը ձեռք բերելու կապակցութեամբ եւ բոլոր աջակիցներին: Նա տեղեկութիւններ փոխանցեց նաեւ «Վերածնունդ» հաւաքածոյի քարոզչական աշխատանքների կապակցութեամբ, ինչն սկսւել է Արցախից, ապա Ռուսաստան, Հայաստան, Իրան եւ շարունակւելու է Աւստրալիայում, Ֆրանսիայում, Ա.Մ.Ն.-ում եւ այլուր:
Վերջում միութեանս Կենտրոնական վարչութեան նախագահ Մասիս Մինասեանը յուշանւէր յանձնեց պրն. Շադոյեանին եւ «Նայիրի» միութեան նախագահ՝ Ֆրեդ Աշուղեանին:
Երեկոյի աւարտին ներկաներն այցելեցին դահլիճին կից սրահում կազմակերպւած նշեալ տարազների լուսանկարների ցուցահանդէսը:
Յատկանշելի է, որ Իրանում «Վերածնունդ» տարազների ցուցադրման մեկնարկը տրւել էր Թեհրանում՝ Հայ Մ.Մ. «Նայիրի» միութեան հրաւէրով, իսկ նոր Ջուղայում՝ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան հրաւէրով:
Ծրագրի հովանաւորողներն էին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի Կենտրոնական յանձնախումբը եւ Ն.Ջ. Հայ Կանանց գթութեան միութիւնը, իսկ Իրանում տարազների ցուցադրման հովանաւորողներն էին «Ալիք» հաստատութիւնը, «ice monkey» բնական հիւթերի ընկերութիւնը, «balloon land» ընկերութիւնը եւ «Սաբերան» տուրիստական գործակալութիւնը: