Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2015 թւականի յուլիսի 2-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Նոր Ջուղայի Ս. Բեթղեհէմ եկեղեցում տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն եւ յուշերեկոյ՝ հոգելոյս Կորիւն Ս. արք. Պապեանի մահւան քառասնօրեակի առթիւ: Ծրագրին ներկայ էին Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, Սպահանի եւ Թեհրանի հայոց թեմերի ազգային իշխանութեան ներկայացուցիչները, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն հոջ. դկտր. Առզանին, Սպահանի հայոց թեմի հոգեւորականաց դասը եւ հոծ թւով հայորդիներ:
Սկզբում Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդների միջոցով, մասնակցութեամբ Սպահանի հայոց թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի եւ երգեցողութեամբ Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախմբի, ղեկավարութեամբ՝ մայեստրօ Արմէն Ամիրխանեանի, տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն:
Կրօնական արարողութիւնից յետոյ, անմիջապէս սկսւեց յուշերեկոյի համար նախատեսւած յայտագիրը՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ Գուճանեանի հաղորդավարութեամբ: Սկզբում հոգշ. Հայր Սուրբն անդրադառնալով հոգելոյս Կորիւն արք. Պապեանի նկարագրի եւ բնաւորութեան որոշ գծերին, հակիրճ կերպով ներկայացրեց նրա կենսագրականն ու գործունէութիւնը: Հոգշ. Հայր Սուրբն իր խօսքի ընթացքում ներկաներին ծանօթացրեց հոգելոյս Կորիւն Սրբազանի երեք ուսումնասիրական յօդւածներից կազմւած գունազարդ գիրքը, որը ծրագրի սկզբում բաժանւել էր եկեղեցի մուտք գործողներին: Գիրքը հրատարակւել էր Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ:
Յուշերեկոն շարունակւեց հոգելոյս Կորիւն արք. Պապեանի օրօք եւ նրա ջանքերով կեանքի կոչւած Ս. Ամենափրկչեան վանքի «Տաթեւ» երգչախմբի ներկայացրած հոգեւոր տաղերի եւ շարականների մեներգութեամբ եւ խմբերգերով, ղեկավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի, որին յաջորդեց հոգելոյս Կորիւն արք. Պապեանի Սպահանի հայոց թեմի առաջնորդական ժամանակաշրջանին պատկանող լուսանկարների եւ տեսագրութիւնների տեսանիւթի ցուցադրումը՝ ներկաների յուշերի մէջ վերարթնացնելով հոգելոյս Սրբազան Հօր կեանքի 24 տարիների գեղեցիկ պահերն ու գործունէութիւնը:
Յաջորդիւ հրաւիրւեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր Մարտիրոսեանը, ով ներկայացնելով հոգելոյս Կորիւն արք. Պապեանի յատկութիւնները եւ յիշելով նրա առաջնորդական ժամանակաշրջանից դէպքեր եւ յուշեր, բախտաւոր համարեց Նոր Ջուղան, որ հանդիպած ծանր ու դժւար օրերին՝ յեղափոխութիւն, Իրաք-Իրան ութամեայ պարտադրեալ պատերազմ, ներհամայնքային երկպառակութեան ժամանակաշրջան եւ այլն, ունեցել է խոհեմ եւ ժրաջան առաջնորդ, ով կարողացել է իմաստուն կերպով ղեկավարել համայնքն ու Թեմի եկեղեցա-կրօնական կեանքը, եւ նոյնիսկ չի վարանել ռազմադաշտ գնալ ու խրախուսել հայ եւ պարսիկ քաջարի ռազմիկներին:
Մայեստրօ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ, Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախմբի ներկայացրած տաղերի եւ շարականների երգեցողութիւնը գեղեցիկ շարունակութիւն եղաւ ծրագրի համար:
Ապա, յատուկ յուշերեկոյին մասնակցելու համար Թեհրանից հրաւիրւած Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր խօսքը փոխանցեց ներկաներին՝ իր հոգեւոր եղբօր եւ ուսուցչի՝ հոգելոյս Կորիւն արք. Պապեանի կեանքն ու գործունէութիւնը որակելով ամբողջական ծառայութիւն եւ նւիրում, որով նա շահել է այն բարի անունը, որը դեռ երկար մնալու է նրան ճանաչող անձանց յուշերում: Գերշ. Սրբազան Հայրը խօսեց նաեւ հոգելոյս Կորիւն արք. Պապեանի գիտական եւ մտաւորական գործունէութեան մասին, որոնք նա կատարեց ամենայն պատասխանատւութեամբ եւ լրջութեամբ:
Յուշերեկոն եզրափակեց Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը՝ իր հայրական խօսքով: Թեմակալ առաջնորդն իր գնահատանքն ուղղեց յուշերեկոյի կազմակերպման համար աշխատած բոլոր անձանց, ապա անդրադարձաւ հոգելոյս Կորիւն արք. Պապեանի ծառայութեանը՝ իբրեւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան հաւատարիմ եւ արժանաւոր անդամ, ով եկեղեցու ճամբով իր լաւագոյն սպասաւորութիւնը բերեց իր ժողովրդին եւ Աստծուն: Նա իր խօսքի մէջ շեշտեց, որ Կեանքը խորհուրդ խորին է եւ ժամանակներն իրենց համապատասխան եւ անհրաժեշտ մարդկանց են ծնունդ տալիս: Եւ այդպէս եղաւ ու ընթացաւ հոգելոյս Կորիւն Սրբազանի կեանքը, եզրափակեց գերշ. Բաբգէն Սրբազանը: