Կիրակի՝ 21 յունիսի 2015 թ.-ին, նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի, տեղի ունեցաւ «Փրկութեան քարտէզ» ֆիլմի ցուցադրութիւնը, Նոր Ջուղայի Հայոց Ազգ. Կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, ներկայութեամբ՝ Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ Տէր Բաբգէն արք. Չարեանի, Հայոց Ազգային մարմինների ներկայացուցիչների, Ցեղասպանութեան 100-ամեակի Սպահանի Հայոց Թեմի Կենտրոնական յանձնախմբի, ֆիլմի հեղինակ եւ պրոդիւսեր Մանուէլ Սարիբէկեանի, ստուդիոյի արտաքին կապերի պատասխանատու, իրանագէտ Ժաննա Յակոբջանեանի եւ համայնքիս անդամների:
Ֆիլմի ցուցադրութիւնից առաջ օրւայ հաղորդավար՝ Ադրինէ Ստեփանեանը ողջունելով ներկաներին, հակիրճ կերպով ներկայացրեց ֆիլմի թեման: Նա իր խօսքերում նշեց. «ֆիլմը պատմում է 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի համամարդկային ողբերգութիւնների, յատկապէս Հայոց Ցեղասպանութեան ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին: Ֆիլմի հերոսները պատմութեանը յայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայ ազգի կոտորածները: Նրանք եւրոպացի հինգ հումանիստ կանայք են` Կարէն Եպպէ, Մարիա Եակոբսեն, Բոդիլ Բյորն, Ալմա Իւհանսոն, Աննա Հեդւիգ Բիւլ»:
Այնուհետեւ բեմ հրաւիրեց ֆիլմի հեղինակ եւ պրոդիւսեր Մանուէլ Սարիբէկեանին՝ ֆիլմի մասին տեղեկութիւնները լրացնելու համար:
Պրն. Սարիբէկեանը իր ուրախութիւնը յայտնեց Իրանում եւ հարազատ հայրենակիցների օջախում գտնւելու առթիւ, տեղեկացնելով, որ Հայաստանից բացի առաջին երկիրը, որտեղ ֆիլմը ցուցադրւել է, դա Իրանն է: Ապա անդրադառնալով ֆիլմի բովանդակութեանը, բացատրեց, որ «Փրկութեան քարտէզ»-ը իրական փաստերի հիման վրայ պատրաստւած ֆիլմ է, որտեղ ֆիլմի հերոսուհիների ճակատագրական պատմութիւններն ու նկարագրութիւնները եւ յուշագրութիւնները ուղղակիօրէն ներկայացւել են կինոյի լեզւով:
Նա աւելացրեց, որ նկարահանումները իրականցել են 9 երկրներում, իսկ ֆիլմի ստեղծման համար օգտագործւել են ֆիլմի հերոսների կենսագրական գրքերի հեղինակների տրամադրած փաստագրութիւններն ու նիւթերը:
Ապա հանդիսատեսը յուզմունքով հետեւեց ֆիլմի ցուցադրութեանը, որից յետոյ կրկին անգամ բեմ հրաւիրւեց պրն. Սարիբէկեանը, որը տեղեկութիւններ փոխանցեց ֆիլմի նախագծի ստեղծման եւ ընթացքի մասին, հանդիսատեսին ներկայացնելով ֆիլմի պատրաստման համար դերակատար անձանց: Նա մատնանշելով ֆիլմի ստեղծման տարիներին հանդիպած ֆինանսական դժւարութիւններին, իր երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց Նոր Ջուղայի հայրենակիցներին, որոնք իրենց մասնակցութեամբ համալրեցին ֆիլմի հովանաւորողների եւ աջակիցների շարքը, ասելով որ. «...Իմ համոզմունքն է, որ մենք միշտ կարիք ունենք ներկայանալու աշխարհի առջեւ...»:
Վերջում պրն. Սարիբէկեանը իր շնորհակալութիւնը յայտնեց Սպահանի Հայոց Թեմի առաջնորդին, Ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախմբին եւ Թեմական Խորհրիդն, որ առիթ ընդձեռեցին ֆիլմի ցուցադրութեանը եւ MAN PICTURES ստուդիոյի կողմից իր ձեռամբ յուշանւէր յանձնեց Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանին:
Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեմիս առաջնորդ Տէր Բաբգէն արք. Չարեանը: Նա իր գնահատանքի խօսքն ուղղելով ֆիլմի պատրաստողներին եւ պատասխանատուներին, նշեց, որ ֆիլմի միջոցով հնարաւորութիւն է ստեղծւել ամբողջ աշխարհին ճանաչեցնելու Հայոց Ցեղասպանութիւնը՝ ներկայացնելով օտարազգիների յուշագրութիւնները: Սրբազան Հայրը ֆիլմի հերոսներին «որբախնամ մայրեր» կոչումը տալով, իր երախտագիտութիւնը յայտնեց նրանց, ովքեր խնամել ու դաստիարակել են հայ որբերին իբրեւ քրիստոնեաներ, աւելացնելով, որ այդ որբերի զաւակներն ու թոռները, այժմ սփիւռքի տարբեր վայրերում, տարբեր հանգամանքներով, շարունակում են ապրել իբրեւ քրիստոնեայ հայեր: Սրբազան Հայրը մտքի թռիչք կատարելով դէպի իր մանկութիւն, յայտնեց, որ իր դպրոցական օրերին իրենց ուսուցիչ՝ Առաջնորդ Ներսէս արք. Ախտիկեանը, որը «Թռչնոց Բոյն» որբանոցի որբերից է եղել, աշակերտներին պատմել է ֆիլմի հերոսուհիներից՝ Մարիա Եակոբսենի մասին, թէ ինչպիսի սիրով, նւիրումով ու զոհողութեամբ է վերաբերւել հայ որբերին եւ մինչ այսօր սոյն որբանոցում պահւում է նրա յուշաքարը, արխիւներն ու նկարները: Նա անդրադառնալով Բարի Սամարեցի առակին նշեց, որ չնայած որոշ ազգեր ականատես լինելով այս ճշմարտութեանը, անտարբեր են անցել դրա կողքից, բայց նաեւ գտնւել են բարի Սամարեցիներ, որոնք մարդասիրական վերաբերմունք են ցուցաբերել, եւ իր խօսքն աւարտեց ասելով. «Ով թուրք խղճմտանք, լսի՛ր եւ ձայն տու՛ր, որովհետեւ արդարութիւնը յաղթելու է»: