Երկուշաբթի՝ 2015 թւականի յունիսի 8-ի երեկոյեան, Շահինշահրի Հայոց Ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի դպրոցի սրահում, տեղի ունեցաւ նոյն դպրոցի սաների ամավերջի հանդէսը:

Ծրագրին ներկայ էին Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ Տէր Բաբգէն արք. Չարեանը, Շահինշահրի Հոգեւոր Տեսուչ Տէր Անանիա վրդ. Գուճանեանը, Թեմական Խորհրդի եւ Համայնքային Վարչութեան ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:

Ծրագրի բացումը կատարեց դպրոցի տեսչուհի օրդ. Կարինէ Մինասքանեանը, որը բարի գալուստ մաղթելով ներկաներին՝ շնորհակալութիւն յայտնեց նրանց, դպրոցի անձնակազմի հրաւէրին ընդառաջելու համար:

Նա իր խօսքում նշեց. «2014-2015 ուսումնական տարեշրջանը լաւ յուշերով հասնում է իր աւարտին: Ցանկանում ենք մեր քաղցր սաներին՝ առողջութիւն, յաջողութիւն, վերելքի բազում ուղիներ եւ մեծ յաղթանակներ»:

Այնուհետեւ բեմը տրամադրւեց դպրոցի սաներին՝ իրենց ամավերջի ելոյթը ներկայացնելու համար եւ այսպիսով ժպտադէմ փոքրիկները ներկայացան ուրախ երգ ու տաղով եւ գեղեցիկ արտասանութեամբ:

Ծրագրի գեղարւեստական բաժինն աւարտւելուց յետոյ դպրոցի տեսչուհին իր երախտիքի խօսքն ուղղեց Ազգային իշխանութեանը՝ կրթօջախը միշտ հովանաւորելու կապակցութեամբ եւ շնորհակալութիւն յայտնեց Ծնողական խորհրդին, պրնյք. Մարտիկ Յովհաննիսեանին ու Գեւիկ Խաչատրեանին՝ ձեռնարկի երաժշտութիւնն ու նկարահանումը ստանձնելու համար:

Ծրագրի յաջորդ բաժնում տեղի ունեցաւ 2014-2015 ուս. տարեշրջանի վկայականների բաշխումը՝ Սրբազան Հօր ձեռամբ եւ Թեմական խորհրդի ներկայացուցչի ներկայութեամբ:

Վերջում իր օրհնանքի եւ գնահատանքի խօսքը փոխանցեց Գերշ. Սրբազան Հայրը՝ շեշտադրելով հայոց դպրոցի անժխտելի եւ ուրոյն դերը՝ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման նւիրական գործում: Նա իր գնահատանքի խօսքն ուղղեց դպրոցի անձնակազմին, Ծնողական խորհրդին եւ ծնողներին՝ իրենց ստանձնած պարտականութիւնը լաւագոյնս իրագործելու համար եւ նրանց ցանկացաւ ուժ, կորով եւ եռանդ:

 
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան