Երկուշաբթի, յունիսի 1-ին, երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը, երեկոյեան ժամը 7-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական հանդէսը, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի, ազգային մարմինների ներկայացուցիչների, սաների ծնողների ու հարազատների:

Սկզբում ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի Քառոլին Դիլանչեանը, ով անդրադառնալով մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւան, կարեւորութեամբ շեշտեց, թէ մանուկներն ունեն այնպիսի իրաւունքներ, որոնց ոչ ոք իրաւունք չունի ոտնահարելու եւ շրջանցելու: Նա իր խօսքի շարունակութեան մէջ մատնաշելով օրւայ գեղարւեստական ծրագիրը, որը յագեցած է Ժողովրդական երգերով ու հայ դպրոցին նւիրւած ելոյթներով, աւելացրեց, թէ մանկապարտէզի տարիքից սկսած մեր մանուկները երգերի, բանաստեղծութիւնների եւ թատրոնի միջոցով պիտի կապւեն մեր ակունքներին եւ զգան մեր ոսկեղենիկ լեզւի քաղցրութիւնը:

Տեսչուհու խօսքից յետոյ աշակերտական ելոյթների մեկնարկը տրւեց հայկական շուրջպարով՝ մանկապարտէզի երկու Դեղին խմբակների սաների մատուցմամբ, ովքեր իրենց աւանդական տարազներով եւ անգնահատելի պարով, հայ մշակոյթի բոյրով ողողեցին դահլիճը: Պարային ելոյթն աւարտւելուն պէս՝ բեմում իրենց ընկերներին միացան դպրոցի կրտսերները՝ Վարդագոյն խմբակի երեխաները, ովքեր հանդէսը զարդարեցին արտասանութեամբ՝ նւիրւած դպրոցին ու դպրոցում կատարւող բոլոր հաճելի աշխատանքներին: Ապա հնչեց Ժողովրդական մանկական երգերի շարան, որը դիպուկ դասաւորութեամբ ընդմիմջւում էր Դեղին խմբակների սաների միջոցով արտասանւող խօսքերով ու ասմունքներով՝ ժողովրդական երգերի ծագման ու թեմաների եւ յատկապէս հայկական աւանդական նւագարանների կապակցութեամբ:

Յաջորդիւ իրականացւեց նախակրթարանի աշակերտների ծրագիրը: Սկզբում գրաճանաչ դարձած երեխաները բեմ ներս մտան մէկական փուչիկներով, ապա համաչափ շարժումներից յետոյ գունագեղ այդ խաղալիքները տեղադրեցին այբուբենի տառերով զարդարւած  ցուցանակների վրայ: Այնուհետեւ ծրագիրը շարունակւեց աշակերտների խօսքերով՝ նւիրւած դպրոցին, դասատուներին, հայ գրերին եւ յատկապէս մանուկների իրաւունքներին: Ներկայացումը յագեցած էր մանկական եւ հայրենասիրական երգերով, որն աւարտւեց աւանդոյթ դարձած «Հրաժեշտ այբբենարանին» երգով ու շրջանաւարտների միջոցով աւարտական գլխարկների վեր նետումով:  

Ծրագրի երկրորդ բաժնում ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի, Կրթական խորհրդի ներկայացուցիչ Ջանսոն Աղաբաբայեանի, տեսչուհի Քառոլին Դիլանչեանի եւ պատկան ուսուցիչների, առանձնաբար տեղի ունեցաւ մանկապարտէզ-նախակրթարանի սաների վկայագրերի բաշխման արարողութիւնը:

Անզուգական եւ ամբողջովին աշխոյժ ու հաճելի երեկոն եզրափակւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր հայրական պատգամով, ով աշակերտների ժպիտները եւ աշխուժութիւնը բոլորի համար մեծ ուրախութեան առիթ համարելով եւ գնահատելով հայ դպրոցում իրականացւող դաստիարակչական աշխատանքները, ասաց. «Հայ դպրոցը աշակերտներին առողջ դաստիարակութիւն տալու առաքելութիւն ունի: Մեր երեխաները հայ դպրոցում մեծանում են ոչ միայն հասակով, այլեւ մտքով ու հոգով, ինչը յուսադրում է մեզ, քանի որ գիտենք վաղը ունենալու ենք այնպիսի սերունդ, ովքեր նոյն ոգով տէր են կանգնելու մեր արժէքներին, իրաւունքներին ու սրբութիւններին»: Սրբազան Հայրն իր պատգամն աւարտեց գնահատանքի խօսքեր ուղղելով Կրթական խորհրդին, դպրոցի անձնակազմին, Ծնողական խորհրդին եւ ծնողներին:

Վերջում կից սրահում ներկաներն առիթ ունեցան դիտելու մանկապարտէզ-նախակրթարանի սաների անհատական եւ խմբական ձեռքի աշխատանքներից կազմւած ցուցահանդէսը:

 

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան