Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի տեսչութեան եւ ուսուցչական կազմի ու համագործակցութեամբ դպրոցի ծնողական խորհրդի, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման ծրագրերի շարանում, ուրբաթ՝ մայիսի 22-ի երեկոյեան ժամը 5-ին, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, իրականացւեց հայրենագիտական մրցոյթ, որին մասնակցել էին դպրոցի 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտ-ուհիները: Ծրագրին որպէս հանդիսատես ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ներկայացուցիչներ՝ Նոէլ Մինասեանն ու Արշալոյս Խուդավերդեանը, «Արմէն» տարրական դպրոցի ուսուցչական կազմը, ծնողական խորհուրդը եւ աշակերտների ծնողներն ու հարազատները:
Աշակերտական մրցոյթն սկիզբ առաւ դպրոցի տեսուչ Վրէժ Շիրւանեանի բացման խօսքով, ով ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած ծրագրերի կազմակերպման ուղղութեամբ համայնքի ազգային հաստատութիւնների կատարած ներդրումները՝ վստահութիւն յայտնելով, որ յետագայում եւս շարունակւելու է նմանատիպ միջոցառումների իրագործումը: Պրն. Շիրւանեանն աւելացրեց նաեւ, որ անշուշտ 100-ամեակով անելիքները չեն աւարտւում եւ սա նոր սկիզբ է լինելու մեր պահանջատիրական աշխատանքների համար:
Բացման խօսքից յետոյ մեկնարկը տրւեց հայրենագիտական մրցոյթի, որին մասնակցել էին 35 աշակերտ-ուհիներ, ովքեր բաժանւել էին եօթ խմբերի միջեւ: Մասնակից խմբերի անուններն էին՝ Հայաստան, Արցախ, Կիլիկիա, Նայիրի, Ադանա, Անմոռուկ եւ Սարդարապատ: Մրցոյթի հարցերն ունէին թեմատիկ բաժանումներ եւ իրաւարար կազմի իւրաքանչիւր անդամ ստանձնելով մէկ տեսակ հարցաշարի պատասխանատւութիւնը, խմբերի համար ընթերցում էր պատկան հարցերը եւ գնահատում պատասխանները: Իրաւարար կազմի անդամները նշանակւել էին դպրոցի ուսուցչական կազմից հետեւեալ կարգով՝ գիտելիքներ՝ Սեդա Բարղեան, Հայոց պատմութիւն՝ Ժանետ Բաղումեան, աշխարհագրութիւն՝ Անահիտ Օհանեան եւ կրօն՝ Արմինէ Սիմոնեան: Յատկանշական է, որ սոյն հարցերի կապակցութեամբ նախապէս պատարաստւել էր նիւթերի եւ հարց ու պատասխանների փաթեթ, որը տրամադրւել էր մասնակիցներին, իսկ աշակերտների գիտելիքների եւ արագաշարժութեան մակարդակի զարգացման նպատակով նախատեսւել էր նաեւ ընդհանուր գիտելիքների հարցեր, որոնց պատասխանողը պէտք է բոլորից շուտ հնչեցներ սեղանի վրայ տեղադրւած զանգը: Սոյն հարցերի պատասխանատուն էր Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, ով միեւնոյն ժամանակ վարում էր ծրագիրը: Արդիւնքների ամփոփումը կատարւում էր Այիդա Ալեքսանդրեանի միջոցով, իսկ մրցոյթի առնչութեամբ համակարգչային բոլոր ձեւաւորումներն ու էկրանի վրայ ցուցադրւող պատկերների դասաւորումը կատարել էր Արփինէ Յովսէփեանը:
Բաւականին թէժ ու հաճելի մրցակցութիւն ընթացաւ մասնակից եօթ խմբերի միջեւ եւ արդիւնքների ամփոփումից յետոյ Հայաստան ու Ադանա խմբերը յաջողեցին անցնել եզրափակիչ փուլ: Ընդմիջումից յետոյ, նախքան եզրափակիչ փուլի մեկնարկը, Սպահանի հայոց թեմի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Նոէլ Մինասեանը բարձր գնահատելով դպրոցի այս նախաձեռնութիւնը, աւելացրեց, որ մրցոյթի ընթացքում հնչած հարց ու պատասխանները եղել են հետաքրքիր եւ բովանդակալից, որոնց միջոցով բարձրացել են թէ աշակերտութեան եւ թէ հանդիսատեսի տեղեկութիւնները:
Եզրափակիչ փուլում երկու խմբերը դարձեալ պատասխանեցին նախատեսւած հարցերին եւ կառուցեցին փազելի վերածւած Հայաստանի քարտէզը: Արդիւնքում մրցոյթի յաղթող ճանաչւեց Ադանա խումբը, իսկ երկրորդ հանդիսացաւ Հայաստանը:
Ծրագրի աւարտին Սպահանի հայոց թեմի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի կողմից բոլոր մասնակիցներին շնորհւեցին գնահատագրեր, իսկ առաջին եւ երկրորդ հանդիսացողներին՝ պարգեւներ: Աշակերտներն իրենց գնահատագրերն ու պարգեւները ստացան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի անդամ Արշայլոյս Խուդավերդեանի ու դպրոցի տեսուչներ՝ Լիոնթին Աբրահամեանի եւ Վրէժ Շիրւանեանի ձեռամբ: